ARMENIAN ENGLISH
A- A A+

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 2012

Ապրիլ 2012

Դեկտեմբեր 10, 2009 Տպագրում

ՀՅԴ Կը Մասնակցի Եւրոպայի Ընկերվարականներու Համագումարին

ՀՅԴ Կը Մասնակցի Եւրոպայի Ընկերվարականներու Համագումարին

ԵՐԵՒԱՆ, ՀՅԴ Մամլոյ դիւան - Չեխիայի մայրաքաղաք Պրագայում, Դեկտեմբերի 7-8ին, գումարուեց Եւրոպական ընկերվարականների կուսակցութեան (ԵԸԿ/PES) 8-րդ համագումարը, անդամ կուսակցութիւնների աւելի քան 1500 պատգամաւորների, եւրոխորհրդարանի պատգամաւորների, եւրոպական պետութիւնների կառավարութիւնների անդամ նախարարների, ինչպէս նաեւ գաղափարակից կուսակցութիւնների ներկայացուցիչների եւ ԵԸԿի գործիչների մասնակցութեամբ։ Հրաւիրուած գաղափարակից կուսակցութիւնների շարքում էր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որը ներկայացուած էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեանի կողմից։

Համագումարը գումարւում է հինգ տարին առնուազն երկու անգամ, ճշտում է կուսակցութեան քաղաքականութիւնը, կատարում կանոնագրի փոփոխութիւններ, որոշումներ կայացնում կուսակցութիւնների անդամակցութեան կարգավիճակի մասին եւ ընտրում կուսակցութեան նախագահ։

2009թ. Յունիսին կայացած Եւրոխորհրդարանի ընտրութիւններին յաջորդած այս համագումարը քննարկեց 21-րդ դարում Եւրոպական Ձախի քաղաքական-գաղափարական մարտահրաւէրները։

Համագումարը կուսակցութեան նախագահ վերընտրեց Դանիայի նախկին վարչապետ Փուլ Նայրուպ Ռազմուսէնին (Poul Nyrup Rasmussen), ով առաջին անգամ այդ պաշտօնին ընտրուել էր 2004թ.ի համագումարում։

ՀՅԴ պատուիրակութեան անդամները բազմաթիւ հանդիպումներ են ունեցել տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ, ներկայացրել կուսակցութեան տեսակէտները տարբեր խնդիրների վերաբերեալ, յատկապէս ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան գործունէութեան ուղենիշները, եւ քննարկել համագործակցութեան հնարաւորութիւնները։ Մի շարք կուսակցութիւնների հետ եղել են յստակ պայմանաւորուածութիւններ։

Համագումարից յետոյ, Արմէն Ռուստամեանը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացեալ Նահանգներ, իսկ Մարիօ Նալպանտեանը՝ Մոսկուա։

Ա. Ռուստամեանի աշխատանքային ծրագրին մաս է կազմում քաղաքական հանդիպումներ Վաշինգտոնում։ Մոսկուայում, Մարիօ Նալպանտեանը՝ որպէս Ընկերվար միջազգայնականի (սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ Ծովի տարածաշրջանային յանձնախմբի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանի ընկերակցութեամբ, հանդիպումներ կ’ունենայ յատկապէս Արդար Ռուսաստան կուսակցութեան եւ պետական, քաղաքական եւ լրատուական այլ շրջանակների հետ։

«« վերադարձ ««