Պատրաստուելով Հայկական Ցեղապանութեան 100-ամեակին՝ Թրքական Քսան Հատորեայ Ուրացում

Ըստ թրքական «Ճումհուրիյէթ» թերթին, Թուրքիոյ պատմագիտական ընկերութեան հայկական բաժնի մասնագէտ, Սաքարիոյ համալսարանի գրականութեան եւ պատմութեան ամպիոնի դասախօս դոկտ. Էնիս Շահինի խմբագրութեամբ, շուտով լոյս կը տեսնէ հայ-թրքական յարաբերութիւններու եւ Հայկական հարցի ուսումնասիրութեան նուիրուած 20 հատոր կազմող աշխատանքը:
Խմբագրին խօսքով, ի պատասխան Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին առիթով հայկական կողմի քարոզչութեան, շուրջ 5-6 հազար էջ կազմող նշեալ հատորները կ'ակնկալուի հրատարակել 2011-ի Ապրիլին: Ստորեւ, թարգմանաբար կը ներկայացնենք թրքական Անատոլու լրատուական գործակալութեան անդրադարձը այս ծրագրին մասին:
Մօտաւորապէս 500 յօդուածներով մօտ 350 գիտնականներ կը մասնակցեն «Թուրք-հայկական յարաբերութիւնները պատմութեան ընթացքում, Հայկական հարցը եւ զարգացումը» նախագծին: Սոյն աշխատութիւնը, որը, ըստ նախատեսուածի, բաղկացած կը լինի մօտ 20 հատորից, կը դառնայ թուրք-հայկական յարաբերութիւնների եւ Հայկական հարցի թեմայով ամենածաւալուն աղբիւրը Թուրքիայում:
Թրքական պատմագիտական ընկերութեան հայկական ուսումնասիրութիւններով զբաղող բաժինը Սաքարիա համալսարանի Բնագիտական առարկաների եւ գրականութեան ֆակուլտետի պատմութեան բաժնի դասախօս, դոկտ. Էնիս Շահինի խմբագրութեամբ հրատարակութեան է պատրաստում մօտաւորապէս 20 հատորից բաղկացած մի գիտական աշխատութիւն:
Այս նախագծին, որի մեկնարկը տրուել է 2009-ի Հոկտեմբերին, մասնակցել են մօտ 350 գիտնականներ` իրենց 473 ուսումնասիրութիւններով ու յօդուածներով: Սպասւում է, որ այս նախագծում, որին դիմելու ժամկէտը դեռ չի աւարտուել, տեղ կը գտնեն 500-ի չափ յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ: Աշխատութեան մէջ ներդրում կունենան նաեւ Ատրպէյճանի, Իտալիայի, Ֆրանսայի, ԱՄՆ-ի, Պրազիլի, Արժանթինի, Չիլիի, Վրաստանի եւ Հայաստանի գիտնականները:
Նախագծի համակարգող դոկտ. Շահինը, «Անատոլու» գործակալութեան թղթակցին տուած իր հարցազրոյցում նշելով, թէ ծրագրի հանդէպ ցուցաբերուող հետաքրքրութիւնը գերազանցել է իրենց սպասումներին, յայտնեց, որ երբ յայտարարում էին նախագծի մասին, ենթադրւում էր, որ այն կը լինի 5-6 հազար էջանոց մի աշխատութիւն, եւ ասաց. «Մայիս ամիսն աւարտոուեց: Այսօրուայ դրութեամբ նախագծին 473 ուսումնասիրութեամբ մասնակցող գիտնականներին մինչեւ Նոյեմբեր ժամկէտ ենք տուել, որպէսզի գրեն իրենց աշխատութիւնները: Կարծում եմ, որ 473 թեմաները կը հասնեն 500-ի: Նախատեսւում է, որ իւրաքանչիւր հատոր բաղկացած կը լինի 600 կամ 700 էջից: Հատորների թիւը ցոյց է տալիս, որ սոյն աշխատութիւնը դառնալու է լիակատար ժողովածու: Ուսումնասիրութիւնն անցնելու է 15 հատորից եւ հաւանաբար հասնելու է 20-ի»:
Շահինն ընդգծելով, թէ աշխատութիւնը հանրագիտարանային բնոյթ է կրելու, ասաց. «Ուսումնասիրութեան մէջ այնպիսի պատմական թեմաների կողքին ինչպիսիք են հայոց պատմութեան առաջին շրջանը, հայերը իսլամական քաղաքակրթութեան ժամանակ, հայերը բիւզանդական տիրութեան, սելճուքների եւ օսմանցիների օրով, հայերը օսմանեան բիւրոկրատական համակարգում, Հայկական հարցի առաջացումն ու զարգացումը, Հայկական հարցը եւ միսիոնարականութիւնը, Հայկական հարցը եւ կրօնական գործօնը, Հայկական հարցն ու կոմիտէները, Հայկական հարցը եւ մեծ տէրութիւնները, հայերին ուղղուած բարենորոգումները, հայկական վերաբնակեցումները, հայկական քարոզչութիւնն ու հակաքարոզչութիւնը, Հայկական հարցը արեւմտեան մամուլում, Հայկական հարցը թրքական մամուլում, հայկական մամուլը Թուրքիոյ Օսմանեան ու հանրապետական ժամանակաշրջաններում, հայկական Սփիւռքը եւ լոպպիյինկը, հայերը թրքական արտաքին քաղաքականութեան բնագաւառում, թուրք-հայկական յարաբերութիւնները եւ Հայկական հարցի ապագան, առաջարկներ` Հայկական հարցի լուծման ուղղութեամբ, տեղ են գտնելու նաեւ այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են թուրք-հայկական առնչութիւնները` արուեստի, մշակոյթի, լեզուի, գրականութեան եւ երաժշտութեան բնագաւառներում»:
Էնիս Շահինը յայտնում է նաեւ, որ նախագծին մասնակցելու դիմումներ են ստացւում աշխարհի ամենատարբեր երկրներից, ասաց. «Ատրպէյճանը Թուրքիայից յետոյ ամենամեծ մասնակցութիւնն ապահոված երկիրն է. այստեղից մասնակցութեան առաջարկ է ներկայացրել 40-ից աւելի գիտնական: Գիտնականներ են մասնակցում նաեւ Իտալիայից, Ֆրանսայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Պրազիլիայից, Արժանթինից, Չիլիից եւ Վրաստանից: Անգամ կապ ենք հաստատել Հայաստանի 4-5 գիտնականի հետ: Ցականում ենք իմանալ նաեւ հայերի տեսակէտները այդ հարցերի մասին: Եթէ նրանց ուսումնասիրութիւններում վիրաւորանքներ չլինեն, եւ ապահովուած լինի գիտականութեան մակարդակը, ապա մեր աշխատութեան մէջ տեղ կը տանք նաեւ իրենց ուսումնասիրութիւններին»:
Դոկտոր Շահին նշեց նաեւ, որ նախապատրաստական փուլում գտնուող այդ ուսումնասիրութիւնը դառնալու է ամենահամապարփակ աշխատութիւնը այս բնագաւառում: Շահինը յայտնեց, որ Թուրքիայի բազմաթիւ համալսարաններում կան պատմական եւ սոցիալական գիտութիւններին նուիրուած բաժիններ, եւ նաեւ հետեւեալն ասաց այդ մասին. «Մեր գիտնականները շատ ուշադիր են այս հարցի հանդէպ: Սակայն որպէս երկիր` մինչ օրս այդ ուժը չենք կարողացել կիրառել: Մեր ձեռքին գտնուող, բայց շատերիս կողմից չնկատուած կամ մեկուսի մնացած այդ ուժը սկսեցինք վերածել հաւաքական ուժի: Կարծում եմ, որ մեր պետութիւնը հենց այս աշխատութեամբ կը կարողանայ ցոյց տալ սոյն բնագաւառում ունեցած իր ողջ գիտական ներուժը: Շատ ոգեւորիչ է, որ ենթադրաբար կարող ենք ասել, թէ այսօր այդ ուսումնասիրութեան հատորների քանակը հասնելու է 20-ի, այն դէպքում, երբ մինչ այդ ընդամէնը մի քանի հատորանոց աշխատութիւններ են լոյս տեսել: Մեր ամենակարեւոր պարտաւորութիւններից մէկն է ապագայ սերունդներին փոխանցել մեր գիտելիքների այն կուտակումը, որ ունենք թուրք-հայկական յարաբերութիւնների վերաբերեալ»:
Էնիս Շահինը հաղորդեց նաեւ, որ սոյն աշխատութիւնը տպագրելու են 2011 Ապրիլին` ի պատասխան հայերի, այսպես կոչուած, ցեղասպանութեան պնդումների 2015-ի 100-րդ տարելիցի նախապատրաստութիւններին:


