ARMENIAN ENGLISH
A- A A+

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 2012

Ապրիլ 2012

Յունիս 24, 2010 Տպագրում

Սան Փեթերզպուրկի Հայ Համայնքը Նշեց Իր 300-ամեակը

Սան Փեթերզպուրկի Հայ Համայնքը Նշեց Իր 300-ամեակը

Հայաստանի նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը Սան Փեթերզպուրկի մէջ մասնակցութիւն բերաւ Տաւրիկեան պալատէն ներս տօնակատարուած՝ հայ համայնքի 300-ամեակի նուիրուած միջոցառումներուն: Նախագահ Սերժ Սարգսեան իր խօսքին մէջ մասնաւորապէս անդրադարձաւ հայ համայնքի հիմնադրման 300-րդ տարեդարձին, նշելով որ Սան Փեթերզպուրկը առանձնայատուկ նշանակութիւն ներկայացնող քաղաք է ռուսական մշակոյթին մէջ եւ պատմութեան մեծութիւնը մարմնաւորած է տարիներուն ընթացքին:

«Պատահական չէր, որ Պետրոս Առաջինը նոր մայրաքաղաքը հիմնեց հէնց այստեղ՝ Պալթիկ ծովի ափին: Նա պատուհան բացեց դէպի Եւրոպա, եւ նոր մայրաքաղաքը եղաւ քաղաքակիրթ ընտրութեան հռչակումն ու ապացոյցը» ըսաւ նախագահը:

«Այս օրերին ես այստեղ եմ գտնւում՝ նաեւ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին, որն անցկացւում է ՌԴ նախագահի հովանու ներքոյ: Ռուսաստանի ղեկավարութիւնը շարունակում է Պետրոս Առաջինի աւանդոյթները: Սա ոչ միայն պատուհան է դէպի Եւրոպա, այլ՝ բաց եւ անկեղծ երկխօսութեան հարթակ է ամբողջ աշխարհի համար: Իր գոյութեան առաջին իսկ օրերից՝ Ռուսական կայսրութեան նոր մայրաքաղաքը դէպի իրեն է ձգել ակտիվ եւ գործունեայ մարդկանց ամբողջ Եւրոպայից: Այդ նոր հնարաւորութիւններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները: Հենց այս քաղաքում հայ ձեռներեցներ Իսախանեան եղբայրները 1758թ. հիմնեցին ռուսական առաջին բաժնետիրական ընկերութիւններից մէկը, որը, պատկերացրէք, զբաղւում էր Իրանի հետ առեւտրային յարաբերութիւնների հաստատմամբ: Իսկ այնտեղ, որտեղ յայտնւում է անգամ ամենափոքր հայկական համայնքը, սկսում են հիմնադրուել մշակոյթի եւ կրթութեան օջախներ: Եւ արդէն 1770թ. Սանկտ Պետերբուրգի վեհաշուք Ն'սկի պողոտայի վրա հիմնւում է հայկական Սուրբ Կատարինա եկեղեցին: 18-րդ դարավերջին այստեղ արդէն գործում էին երկու հայկական եկեղեցիներ եւ հայկական տպագրատուն: Եւ զարմանալի չէ, որ այդ տպագրատանը լոյս տեսած առաջին գիրքը եղել է հայերէն «Այբբենարանը»՝ լուսաւորութեան եւ գրագիտութեան խորհրդանիշը: Ես այսօր այդ մասին էի խորհում, երբ Սան Փե- թերզպուրկի հայկական դպրոցին էի յանձնում գրքեր եւ ուսումնական նիւթեր, այդ թւում «առաջին հայերէն էլեկտրոնային այբբենարանը», ըսաւ Սերժ Սարգսեանը:

Նախագահի խօսքերով, 19-րդ դարու հայ բնակչութեան աճին զուգահեռ՝ Սան Փեթերզպուրկը դարձաւ հայկական մշակոյթի կեդրոններէն մէկը: Այստեղ կը հրատարակուէր պարբերական մամուլ, կը ստեղծուէին թատերական խումբեր: Սան Փեթերզպուրկի համալսարանին մէջ կը գործէր հայոց լեզուի ամպիոն, որը դարձած է աշխարհի ամենայայտնի հայագիտական դպրոցներէն մէկը: Այնտեղ դասաւանդած են արուեստի եւ գիտութեան այնպիսի ականաւոր գործիչներ, ինչպիսիք են Նիկողայոս Մառը եւ Յովսէփ Օրբելին: Վերջինս հետագային ղեկավարած է աշխարհի ամենայայտնի թանգարաններէն մէկը՝Էրմիտաժը: Այսօր անոր գործը կը շարունակէ մեր մէկ այլ հայրենակից՝ ծնունդով Երեւանէն Միխայիլ Պիատրովսկին: Սան Փեթերզպուրկի ԲՈՒՀերուն մէջ կրթուած են հազարաւոր հայ ուսանողներ, որոնց մէջ կան՝ այնպիսի ականաւոր գիտնականներ, ինչպիսիք են աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումեանը եւ կենսաբան Արմէն Թախտաջեանը:

«« վերադարձ ««