Add to Google
Օգոստոս 2010
Share
Դեկտեմբեր 31, 2009 Տպագրում

«168 ԺԱՄ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՏՈՔԹ. ԹՈՄ ՍԱՄՈՒԷԼԵԱՆԻ ՀԵՏ

«168 ԺԱՄ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՏՈՔԹ. ԹՈՄ ՍԱՄՈՒԷԼԵԱՆԻ ՀԵՏ

«Օպաման ուսանողութեան տարիներէն իմացած է ցեղասպանութեան մասին», կ'ըսէ Հայաստանի ամերիկեան համալսարանի իրաւագիտութեան բաժանմունքի տնօրէն, հայագէտ, իրաւաբանութեան եւ փիլիսոփայութեան դոկտոր Թոմ Սամուէլեան, որ Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամայի հետ ուսանած է Հարվըրտի համալսարանը:

ՀԱՐՑՈՒՄ.- Շատ հայեր հեռանում են հայրենիքից: Դուք վերադարձել էք: Գտե՞լ էք այն Հայաստանը, որ իր տեսիլքներում ունի ամէն հայ Սփիւռքում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Որոշ չափով: Քանի որ սովորել էի ԵՊՀ-ում եւ աշխատել էի Մոսկուայի եւ Ալմա Աթայի հետ խորհրդային տարիներին, արդէն պատկերացում ունէի: Իւրաքանչիւրս տարբեր ենք մօտենում կեանքին: Ինձ համար կարեւոր է՝ ի՛նչ եմ կերտում իմ կեանքով եւ ջանքով: Պարզ փաստ է, որ կերտում ես, ուր ապրում եւ աշխատում ես: Ինձ համար կարեւոր է, որ դա լինի հայ հողի վրայ, հայերի հետ:

Հայաստանում հե՞շտ է ձեզ համար ապրելն ու աշխատելը:
Միշտ հեշտ չէ, բայց ընդհանրապէս՝ այո՛: Շատ բան եմ սովորել Հայաստանում ապրելով:

Հայաստանն ու հայկական մշակոյթը երկար ժամանակ ռուսական ազդեցութեան տակ էին, Սփիւռքի ամէն գաղութ` այդ երկրի: Ո՞րն է ազգային ինքնութեանը դառնալու, մշակութային միասնութիւնը գտնելու ուղին:
Սփիւռքահայերից շատերի համար խորթ է ռուսական ազդեցութիւնը, քանի որ ռուսական մշակոյթը իրենց ընտանեկան ժառանգութեան մաս չի կազմում: Այժմ հանդուրժողութիւն եւ հասկացողութիւն են պէտք: Կամաց-կամաց իրար ճանաչելով` իւրաքանչիւրս, կիւրացնենք այն բազմազանութիւնը, որն առկայ է հայութեան մէջ, եւ աւելի հեշտ կը շփուենք, այդ շփումից իրարից կը վերցնենք որոշ բաներ եւ նոր ընդհանուր բաներ կը ստեղծենք, որոնք արտացոլում են այդ բազմազանութիւնը:

Հայկական մշակոյթը վերածնո՞ւնդ է ապրելու, շարունակելու է մանրատուե՞լ, դառնալու է փոքր ընտրանիով մի գաւա՞ռ, թէ՞ ամենափոքր ընդհանուր բաժանարարի է ձգտելու, որ զանգուածային մշակոյթն Է:
Լայն ճանաչում չունենալով զանգուածային մշակոյթում, հայկական մշակոյթը վտանգուած է դրսից: Շատ լաւ կը լինէր, որ հայկական մշակոյթը աւելի լայն ճանաչում ունենար այլ ազգերի միջավայրերում: Արդէն անհնարին է կղզիացած ապրել: Երբ դիմացինդ գիտի քո մշակոյթի մասին, շատ աւելի հաւանական է, որ քո մշակոյթը շնչի եւ զարգանայ: Իսկ ներսից դեռ յաղթահարում ենք Ցեղասպանութեան, խորհրդային տարիների եւ սփռուածութեան հետեւանքները, որի պատճառով հակուած ենք անցեալին կառչել եւ նորամուծութիւններին կասկածանքով վերաբերուել: Սակայն մշակոյթը, որ չի զարգանում եւ չի ապրում, թանգարանային է դառնում, փոշոտւում, յարգւում է, բայց չի սիրւում, չի շնչում: Ժամանակն է նոր շունչ տալ մեր մշակոյթին:

Մեր հասարակութեան մէջ անարդարները դատում են արդարներին, անընդունակները յաղթում են ընդունակներին: Ո՞րն է այդ կործանարար թափանիւը կանգնեցնելու ելքը:
Չկայ բոլորովին արդար երկիր, որտեղ չկան չարաշահումներ: Սակայն որոշ երկրներ կարողացել են ստեղծել բաւականին լայն զանգուածի համար համեմատաբար կանխատեսելի, արդար միջավայր, որը թոյլ է տալիս ժողովրդի մեծ մասին պաշտպանուած զգալ եւ կանոնաւոր կեանք ունենալ: Դա ինքնիրեն չի ստեղծւում: Ամէն մի հասարակութիւն պէտք է ձեւաւորի իրեն յարմար օրէնքներ, որոնց պատրաստ է ենթարկուել ամբողջ համայնքը: Ազատ ենք, երբ ենթարկւում ենք մեր իսկ ստեղծած օրէնքներին: Թերի օրէնքները վնաս են պատճառում ոչ միայն ժողովրդին, այլ նաեւ՝ արդարութեան գաղափարին: Ներկայ դրութեամբ, դեռ շարունակւում են հին աւանդուած բարքուվարքը, որը բնորոշ է այս տարածաշրջանին: Սերնդափոխութեամբ որոշ չափով կը փոխուի այդ բարքուվարքը: Կարող է աւելի արագ փոխուել, եթէ հասարակութեան մէջ լինի գիտակցութիւն եւ ցանկութիւն: Մինչ այդ, երբեմն աւելի լաւ է՝ չկարգաւորել, քան՝ թերի կարգաւորել, եւ քիչ անել` մեր միջոցների սահմաններում` ապահովելով հանրային եւ պետական ծառայութիւնների բաւարար ֆինանսաւորումը եւ որակը, քան՝ շատ անել եւ թերանալ միջոցների պակասի պատճառով: Ներկայ դրութեամբ, օրէնքների պահանջները շատ ծանր են թէ՛ պետական, թէ՛ մասնաւոր հատուածների համար, որի պատճառով լաւ արդիւնքներ չեն տալիս:

Հայաստանի համար Սփիւռքը կարծես միայն ֆինանսական նուիրատու լինի: Ինչո՞ւ սփիւռքահայ մասնագէտները քիչ են մասնակից հայաստանեան կեանքին:
Սփիւռքահայ մասնագէտներից շատերի համար անսովոր են նորաստեղծ երկրների պայմանները եւ, լինելով գիտակից մասնագէտներ, հասկանում են, որ իրենց գիտելիքը չի համապատասխանում այդ միջավայրին: Նա մասնակից պիտի զգայ, որ իր մասնագիտական ներդրումը կարեւորւում է եւ ընդունւում, թէ ոչ` յետ կը կանգնի: Մի քանիսը, թերեւս, փորձել են մասնակցել, եւ չհասնելով իրենց սպասած արդիւնքներին՝ հիասթափութիւն են ապրել: Այդ հիասթափութիւնը պէտք է յաղթահարել նոր միասնական աշխատանքների միջոցով` ընդունելով անցեալի սխալները, ներողութիւն խնդրելով եւ ներողամիտ լինելով: Դա յարիր է մեր նման հին քրիստոնեայ ազգին:

Հասարակութեան մէջ փոփոխութիւնների կարեւոր միջոց է կրթութիւնը: Բայց մեր երկրում տարիներ շարունակ ոչինչ չի փոխւում: Նոյն համակարգը փորձում են յարմարեցնել նոր ժամանակին ու նրա պահանջներին: Որո՞նք են առաջնահերթ փոփոխութիւնները, որ պիտի իրականացուեն:
Կրթութիւնն այն գործընթացն է, որով իւրաքանչիւրս պատրաստւում ենք մեր կեանքն ու աստուածատուր տաղանդները կատարելագործել` ի շնորհակալութիւն մեր Ստեղծողի եւ ծնողների, ի նպաստ մեր հասարակութեան եւ ի խնդիր մեր երջանկութեան: Առաջին հերթին պէտք է վերանայել կրթական գործընթացը այս տեսանկիւնից: Արդեօ՞ք յարմար առիթ է տրւում, որպէսզի իւրաքանչիւրը կայանայ որպէս մարդ: Կրթութիւնը շարունակական է: Մեր ամբողջ կեանքում պիտի սովորենք: Ինքնուրոյն նոր գիտելիք ձեռք բերելու ունակութիւնն անհրաժեշտ է: Քանի որ գիտելիքի մեծ աղբիւրը համացանցն է, եւ նոր տեղեկատուական հոսքերի մեծ մասը անգլերէնով են արտայայտուած, արժէ միջոցներ ձեռնարկել՝ անգլերէնի տիրապետմանը խթանող միջավայր ստեղծել Հայաստանում, օրինակ` երեխաների համար աւելի լայն անգլերէն հաղորդումների ընտրանի ստեղծել: Այդպէս արդէն ապահովուած է ռուսերէնի իմացութիւնը Հայաստանում, նոյնիսկ երբ տանը եւ բակում ռուսերէն չի խօսւում:

Պարաք Օպամայի հետ սովորել էք Հարվըրտի համալսարանում: Ինչպիսի՞ ուսանող էր: Սպասելի՞ էր, որ նրանով աշխարհում արմատական շրջադարձ կը լինի:
Նա փայլուն ուսանող էր: Հնարաւոր չէր կանխատեսել, որ նա կը դառնայ Միացեալ Նահանգների նախագահ, սակայն իր ընտրութեամբ Միացեալ Նահանգների ընտրողները յաղթահարեցին երկրի այս պատմական խոչընդոտը` բացելով նոր դռներ եւ հնարաւորութիւններ ոչ միայն՝ Միացեալ Նահանգներում, այլեւ՝ այլ երկրներում: Նրա ընտրութեամբ վերահաստատուեց, որ առաքինի, աշխատասէր եւ խելացի անհատը կարող է արդար պայմաններում դառնալ երկրի եւ աշխարհի ամենակարեւոր դէմքերից մէկը` չունենալով հարուստ ծնողներ եւ լինելով ցեղային փոքրամասնութեան ներկայացուցիչ: Յուսադրող է, եւ ոչ միայն ամերիկացիների համար:

Ամերիկահայերի սպասելիքները Օպամայից` մեծ են: Նրանք կարծում են, որ նրա շուրթերով վերջապէս կը հնչի «ցեղասպանութիւն» բառը: Որպէս միջազգային իրաւագէտ՝ ի՞նչ էք կարծում, ճի՞շդ է աշխարհում հայերի` միայն Ցեղասպանութեամբ ճանաչուելը: Դուք ի՞նչ սպասելիքներ ունէք:
Օպաման վաղուց, գոնէ ուսանողութեան տարիներից, իմացել է Ցեղասպանութեան մասին եւ շփուել՝ հայ դասընկերների հետ, որոնք պատմել են իրենց ընտանիքների պատմութիւնը: Որպէս իրաւաբան՝ նա խորը գիտակցում է, որ ոճրագործութեան կանխարգելիչ է նախկինում եղած ոճիրների դատապարտութիւնը: Նաեւ հասկանում է, որ ոճիրը հիմնականում ոճրագործի եւ տուժողի երկկողմանի հարց չէ, այլ վերաբերում է համայնքի չափանիշներին: Երբ համայնքը չի դատապարտում ոճիրը, ասում է, որ այդ արարքը ընդունելի է, դրանով քայքայւում են համայնքի արժէքները: Օպաման բազմիցս դատապարտել է Տարֆուրի եւ այլ ցեղասպանութիւններ, եւ կարծում եմ, որ հետեւողական կը լինի Ցեղասպանութեան հարցում:

Հարցազրոյցը վարեց
ՀԵՐՄԻՆԷ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

«« վերադարձ ««
Powered by Webnaz Pagemaker