«ԱՐՄԷՆՓՐԷՍ»Ի ՀԱՐՑԱՑՐՈՅՑԸ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ ՀԵՏ
Ստորեւ կը ներկայացնենք «Արմէնփրէս»ի թղթակից Վահրամ Պօղոսեանի հարցազրոյցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանի հետ: Նշենք, որ վարչապետը այժմ կը գտնուի Միացեալ Նահանգներ՝ «Հայաստան» հիմնադրամի տարեկան հանգանակային աշխատանքներուն օժանդակելու եւ տեղիս հայ համայնքին ծանօթանալու առաքելութեամբ: Ասիկա վարչապետի առաջին այցելութիւնն է Միացեալ Նահանգներ:
ՎԱՀՐԱՄ ՊՕՂՈՍԵԱՆ.- Պրն. Յարութիւնեան, 2007թ. ԼՂՀ նախագահական ընտրութիւններում նախագահ ընտրուեց Բակօ Սահակեանը, որի առաջարկութեամբ Դուք նշանակուեցիք ԼՂՀ գործադիր մարմնի ղեկավար. ի՞նչ է փոխուել Ձեր նշանակումից ի վեր Արցախում:
ԱՐԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Նախ, սկսեմ նրանից, որ վարչապետի պաշտօնը ստանձնելուց յետոյ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի նախընտրական ծրագիրը դարձաւ ԼՂՀ կառավարութեան գործունէութեան ուղենիշը: Իրականացուել է շօշափելի աշխատանք:
Մասնաւորապէս, սոցիալական ոլորտը ժողովրդագրական իրավիճակի հետ միասին ԼՂՀ կառավարութեան կողմից դիտարկւում է որպէս առաջնահերթութիւն, եւ սոցիալական ոլորտի քաղաքականութիւնը կարելի է բնորոշել երկու գերնպատակով՝ Արցախի ժողովրդագրական իրավիճակի բարելաւում ու բնակչութեան կենսամակարդակի բարձրացում: Ձեռնարկուած միջոցառումների արդիւնքում, կարծես թէ, յաջողւում է նկատելի առաջընթացի հասնել, յատկապէս, Ղարաբաղեան պատերազմի արդիւնքում տուժած մեր ազգաբնակչութեան որոշակի հատուածի համակողմանիօրէն օժանդակելու եւ սատարելու առումով:
ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական ուղղութիւններից մէկը ժողովրդագրական իրավիճակի բարելաւումն է, եւ ռազմավարական վիթխարի նշանակութիւն ունեցող այս խնդրի լուծման հարցում ԼՂՀ կառավարութեան կողմից այս ընթացքում զգալի աշխատանք է կատարուել: Եթէ 2007թ. երկրում ծնուել է 2174 երեխայ, 2008թ.ին՝ աւելի քան 2400, որին նպաստել է նաեւ իրականացուող սոցիալական քաղաքականութիւնը: 2009թ.ին սպասւում է մինչեւ 3000 ծնունդ: Երկու տարում նման կտրուկ աճը բաւականին լուրջ ցուցանիշ է, ինչը ոչ միայն արցախեան ,Մեծ հարսանիքեի կամ իրականացուող սոցիալական քաղաքականութեան արդիւնքն է, այլ նաեւ՝ ժողովրդի վստահութիւնն է երկրի ու նրա ապագայի նկատմամբ: Մեզ անհրաժեշտ է խթանել 3 եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքների աճը: Ունենք նաեւ մեխանիկական աճ, միգրացիոն (գաղթի-Խմբ.) երեւոյթները եւս տանում են ժողովրդագրական իրավիճակի բարելաւմանը:
Պրն. վարչապետ, վերաբնակեցման ինչպիսի՞ քաղաքականութիւն է իրականացւում Արցախում:
ԼՂՀում ապրել ցանկացողների թիւը մեծ է, որի մի մասը մեր նախկին քաղաքացիներն են, որոնց վերաբնակեցումն աւելի հեշտ է ու մեծ ֆինանսական միջոցներ չի պահանջում: Բայց լուրջ վերաբնակեցման քաղաքականութիւն իրականացնելու համար կան բազմաթիւ խնդիրներ եւ անհրաժեշտ են ֆինանսական զգալի միջոցներ: Եթէ ժամանակին հնարաւոր էր վերաբնակեցուող ընտանիքներին բնակարաններ յատկացնել եղած բնակֆոնդից՝ որոշակի վերանորոգումներ իրականացնելով, ապա այսօր դա հնարաւոր չէ, եւ պահանջւում է իւրաքանչիւր ընտանիք վերաբնակեցնելու համար կառուցել նոր բնակարան, ապահովել համապատասխան սոցիալական պայմաններ, այնուհետեւ՝ ապահովել նաեւ աշխատատեղով, կրթամշակութային համապատասխան օջախներով, ինչի իրականացումը մէկ ընտանիքի մասով կազմում է ոչ պակաս, քան 50 հազար ամերիկեան դոլար: Այսինքն, հազար ընտանիք վերաբնակեցնելու համար անհրաժեշտ են առնուազն 50 միլիոն դոլարի չափ ներդրումներ: Ներկայումս հիմնականում աշխատանքները իրականացնում ենք պետական սուղ միջոցներով, իսկ մեր ունեցած ֆինանսական ռեսուրսները պէտք է ծառայեն նաեւ մեր բոլոր տարածքների համաչափ զարգացմանը: Վերաբնակեցումը, ինչպէս յայտարարել է ԼՂՀ նախագահը, համազգային ծրագիր է, որի իրականացման համար պատասխանատու է ոչ միայն ԼՂՀ իշխանութիւնը. ամբողջ հայութիւնն իր մասնակցութիւնը պէտք է ունենայ այդ ծրագրի իրականացման ճանապարհին:
Ո՞րն է կառավարութեան տնտեսական զարգացման ռազմավարութիւնը:
Տնտեսական զարգացումն արդիւնաւէտ իրականացնելու նպատակով կառավարութիւնն ընտրել է ռազմավարական մի քանի ուղղութիւն՝ գիւղատնտեսութիւն, էներգետիկա, շինարարութիւն եւ շինանիւթերի արտադրութիւն, հանքարդիւնաբերութիւն եւ զբօսաշրջութիւն:
Մշակել ենք ենթաշրջանային զարգացման ծրագրեր, որոնք արդէն սկսել ենք Հադրութի շրջանի Բանաձորի եւ Մարտակերտի շրջանի Մաղաւուզի ենթաշրջաններում, որովհետեւ այդ տարածաշրջաններում կենսամակարդակը զարգացման առումով յետ է մնում հանրապետութիւնում առկայ միջին ցուցանիշներից: Այդ ենթաշրջանների համար ձեռք ենք բերել մեծ քանակութեամբ տեխնիկա եւ յատկացրել, նաեւ՝ լիզինգային վարձակալական տարբերակով: Այսինքն՝ ենթաշրջանային ծրագիրը ԼՂՀ տարածքային համաչափ զարգացման հիմնական մեխանիզմն է լինելու: Այս երկու ենթաշրջաններում աւարտելուց յետոյ այն արդէն տարածուելու է նաեւ մնացած ենթաշրջաններում: Ընդհանրապէս, գաղտնիք չէ, որ ուժեղ տնտեսութիւնն է հին ու նոր մարտահրաւէրների դիմակայելու կարեւորագոյն գործօնը: Հզօր եւ ուժեղ բանակ ունենալու երաշխիքը զարգացած տնտեսութիւնն է:
Ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացւում գիւղատնտեսութեան զարգացման ուղղութեամբ:
Մեծ ուշադրութիւն ենք դարձրել ոռոգման համակարգին: Ըստ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի յանձնարարականի՝ 2010թ. վերջին Ղարաբաղում պէտք է ունենայինք աւելի քան 8000 հեկտար ոռոգովի տարածք: Բայց այդ աշխատանքներն աւարտին կը հասցուեն արդէն գալիք տարուայ սկզբին: Նշեմ, որ վերանորոգուել է Խաչէնի ջրամբարը, որը գտնւում է ազատագրուած տարածքներում՝ ոռոգելով հիմնականում Աղդամի շրջանը: Դրանով, սակայն, չբաւարարուեցինք. կառուցուեցին ու վերանորոգուեցին տասնեակ ջրանցքներ: Քանի որ ինտենսիւ գիւղատնտեսութիւն ունենալու համար նախ պէտք է ունենալ նորմալ ոռոգման համակարգ:
ԼՂՀ-ի գիւղատնտեսութեան ներուժի մասին դիտարկումները բերում են այն եզրայանգման, որ զարգացած ոռոգման համակարգ ունենալով՝ կ'ունենանք նաեւ զարգացած երկիր:
Գիւղատնտեսութեան բնագաւառում զգալի աշխատանքներ ենք իրականացրել սերմնաբուծութեան զարգացման ուղղութեամբ: Եթէ համախառն ներքին արդիւնքի ծաւալով գիւղատնտեսութեան արտադրանքը կազմում է 17- 20 միլիարդ դրամ, ապա այն կարելի է հասցնել աւելի քան՝ 40-50 միլիարդի: Զարգացած երկրներում գիւղատնտեսութեան բնագաւառում աշխատում է բնակչութեան 3-5%ը եւ տալիս այնքան արտադրանք, որը բաւարարում է տուեալ երկրին: Մեր բնակչութեան մեծ մասը աշխատում է գիւղատնտեսութեան ոլորտում, բայց մենք գիւղատնտեսական ապրանք ներկրող երկիր ենք: Թէկուզ ակնկալուող ցուցանիշներից դեռեւս հեռու ենք, սակայն կարեւորը գործի սկիզբն է:
ԼՂՀ կառավարութիւնն ինչպիսի՞ խնդիրներ է լուծում Էներգետիկայի ոլորտում:
Էներգետիկայի եւ գազիֆիկացման ուղղութեամբ կատարուել են բազմաթիւ աշխատանքներ: Կառավարութեան հիմնական խնդիրն է համակարգի արդիւնաւէտութեան բարձրացումն ու կորուստների նուազեցումը, որը մեզ յաջողուել է. եթէ նախկինում համակարգում կորուստները կազմել են աւելի քան 28%, այսօր այն չի անցնում 18%-ից: Համակարգի իրացման ծաւալը կազմում է 4 միլիարդ դրամ: 18% կորուստները, որոնք մենք նուազեցրել ենք, ահագին գումարների էին հասնում: Բացի կորուստների նուազեցումից, յատուկ ուշադրութիւն է դարձւում վերազինման աշխատանքներին. ձեռք ենք բերել սարքաւորումներ, նոր տրանսֆորմատոր-կայաններ: Առաջիկայում շրջանների համար կը ներկրուի ժամանակակից տեխնիկայ, որը համակարգին աւելի օպերատիւ աշխատելու հնարաւորութիւն կ'ընձեռի: Վթարների դէպքում հնարաւոր կը լինի աւելի շուտ արձագանգել ու լուծել առաջացած խնդիրները: Միայն օրեր առաջ բաշխիչ ցանցերի համար 1 միլիոն դոլարի տեխնիկա է ներկրուել:
Կառուցւում է Շուշիի նոր ենթակայանը, առաջիկայում պլանաւորւում է Ստեփանակերտի բարձրավոլտ ենթակայանը տեղափոխել քաղաքից դուրս՝ ստեղծելով քաղաքի զարգացման համար լրացուցիչ հնարաւորութիւն: Իրականացուող ծրագրերի շրջանակներում կառուցւում են նոր ենթակայաններ շրջաններում, փոխւում են համապատասխան հոսքագծերը, եւ, թերեւս, կարճ ժամանակում կը յաջողուի ողջ հանրապետութիւնում անխափան էլեկտրաէներգիա մատակարարել:
Մինչ ներկայիս կառավարութեան ձեւաւորումը բաւական աշխատանք է տարուել գազիֆիկացման ուղղութեամբ: Համոզուածութեամբ կարելի է արձանագրել, որ մենք զարգացած երկրներին համապատասխան գազիֆիկացման ծաւալներ ունենք: Երկրի գրեթէ 70%-ն օգտւում է գազից, փաստօրէն, աւելի շատ, քան գազ արտահանող երկրները:
Սա, առաջին հերթին, տնտեսութեան զարգացման համար կարեւոր գործօն է, քանի որ այսօրուայ արդիւնաբերական արտադրութիւնն առանց գազի դժուար է պատկերացնել եւ մրցունակ չէ: Տեղին է նշել, որ գազի բնագաւառում ունէինք գնային տարբերութիւններ Հայաստանի համեմատ. նախկինում մեր քաղաքացիներն աւելի բարձր էին վճարում գազի դիմաց, բայց այսօր հայկական երկու պետութիւններում գազի սակագները հաւասարեցուած են: Դա նաեւ որոշակի դժուարութիւնների եւ լրացուցիչ ծանրութեան է յանգեցնում, քանի որ գազ ներկրող եւ մատակարարող ,Հայռուսգազարդե ընկերութիւնը գազի դիմաց վճարում է 154 ամերիկեան դոլար եւ մատակարարում նշուած սակագներով, իսկ մենք գազը ներկրում ենք 154 դոլարով, գումարած 1000 խորանարդ մետրի դիմաց լրացուցիչ 4000 դրամ, որ վճարում ենք Հայաստանի այդ կազմակերպութեանը, որը տարեկան կազմում է աւելի քան 200 միլիոն դրամ: Այդքան աւելի գումար վճարելով՝ մեզ յաջողուել է պահպանել սակագինը: Առաջիկայում եւս կը փորձենք այդ սակագինը պահպանել:
Էլեկտրաէներգիայի սակագինը մեզ մօտ 25 դրամ է, իսկ Հայաստանում՝ 30, այսինքն՝ էլեկտրաէներգիայի դիմաց մեր բնակչութիւնն աւելի քիչ է վճարում: Տեղեկացնեմ նաեւ, որ սկսել ենք ՀԷԿերի (ջրելեկտրակայան-Խմբ.) շինարարութիւնը: Թէպէտ այդ ծրագիրը դեռեւս 1992-93թթ-ից գտնւում էր ԼՂՀ կառավարութեան ուշադրութեան կենտրոնում, սակայն 2007թ. չկար նախագիծ, որի հիման վրայ սկսէինք աշխատանքները: Իսկ նախագիծ կազմելը պահանջում է բաւական երկար ժամանակ, այդ իսկ պատճառով որոշում է կայացուել նախագծերի կազմանը զուգահեռ սկսել նաեւ ՀԷԿ-երի շինարարութիւնը: Առաջիկայ ամիսներին արդէն աւարտին կը հասցնենք ԹՐԴԵ1ի էներգահանգոյցի աշխատանքները. տուրբինները տեղադրուած են, համապատասխան սարքաւորումները՝ ձեռք բերուած, մնում է վերջին՝ կարգաւորող աշխատանքներն իրականացնել: Տարեվերջին կամ գալիք տարուայ սկզբին այն կը սկսի էլեկտրաէներգիա տրամադրել մեզ: Մատաղիս-1 եւ Մատաղիս -2 Հէկերում շարունակւում է շինարարութիւնը, որի աշխատանքներն աւարտին կը հասցուեն 2010թ.ին: Բաւական բարձրացել է Սարսանգ ՀԷԿ-ի արտադրողականութիւնն ու արդիւնաւէտութիւնը, ինչը թոյլ է տալիս այդ համակարգը դարձնել շահութաբեր:
Հանրապետութեան տնտեսութեան զարգացմանը միտուած քայլ է նաեւ համաշխարհային պրակտիկայում վաղուց կիրառուող մեթոդներից մէկը, որը սկսել ենք իրականացնել նաեւ մենք՝ արժէթղթերի թողարկման միջոցով ներգրաւել ռեսուրսներ եւ տեղաբաշխել: Առաջին տեղաբաշխման ժամանակ ստացուեց 900 մլն. դրամի ներդրում: Ողջունելի է մեր բնակչութեան ակտիւութիւնը, ովքեր կատարել են ներդրումներ՝ սկսած մի քանի հազար դրամից մինչեւ տասնեակ միլիոններ:
Իրականացուող էներգետիկ քաղաքականութիւնը սրանով չի աւարտուի. Մատաղիսում աւարտելուց յետոյ նման աշխատանքները կը շարունակուեն՝ աստիճանաբար ԼՂՀ-ն դարձնելով էլեկտրաէներգիայի առումով անկախ երկիր: Էներգետիկ անկախութան առումով յետագայում ծրագրում ենք աւելացնել արտադրուող էլեկտրաէներգիայի ծաւալը. եթէ այսօր արտադրում ենք 100-160 կիլովատ (կվտ) ժամ, սպառում՝ 240 միլիոն, յետագայում կ'արտադրենք 250-260 մլն. կվտ. ժամ էներգիա, որը կը համապատասխանի սպառման ծաւալներին:
ՂՀում ինչպիսի՞ շինարարական ծրագրեր են իրականացւում:
Շինարարութեան բնագաւառում ունենք աճի տեմպեր (կշռոյթ-Խմբ.). հանրապետութեան գրեթէ բոլոր շրջաններում ընթանում է շինարարութիւն: 2008-2009թթ. բաւականին տեխնիկա է ներկրուել ԼՂՀ՝ կռունկներ, էքսկաւատորներ եւ այլ անհրաժեշտ մեքենաներ: Առիթի դէպքում ես ամէն անգամ նշում եմ, որ մի քանի տարի առաջ Արցախում գրեթէ չկար նոր տեխնիկա, այն հիմնականում հնամաշ էր: Այսօր ներկրուած ժամանակակից տեխնիկան մեծ չափերի է հասնում շնորհիւ պետական աջակցութեան ծրագրերի: Արդէն ունենք նաեւ նորմալ շինարարական ինդուստրիա (ճարտարարուեստ-Խմբ.) եւ հնարաւորութիւն՝ աւելի կարճ ժամանակահատուածում աւելի շատ աշխատանքներ իրականացնել: Բարձրացել է նաեւ շինարարութեան որակը:
Հանրապետութիւնում շինարարութեան հիմնական խթան է հանդիսացել հիփոթեքային վարկաւորման քաղաքականութիւնը, որից օգտուողների թիւն օրէցօր աւելանում է: Սակաւաթիւ են այն երկրները, որոնք բնակչութեանը տրամադրում են նման հնարաւորութիւն՝ 15 տարի ժամկէտով ու տարեկան 6% տոկոսադրոյքով: Դրա շահաւէտութիւնը պարզաբանելու համար աւելացնեմ նաեւ, որ պետութիւնը հիփոթեքային վարկային ռեսուրսների դիմաց վճարում է տոկոսների մի մասը: Բնակարանների վերանորոգման ուղղութեամբ եւս ծրագիր է իրականացւում հիփոթեքային վարկաւորման մեխանիզմի միջոցով: Ծրագրում նախ ներառել ենք Ստեփանակերտը, այնուհետեւ այն սկսուել է իրականացուել նաեւ շրջաններում ու գիւղերում: Առաջիկայ տարիներին ծրագիրը կեանքի է կոչուելու ամբողջ ԼՂՀի տարածքում, եւ ողջ բնակչութեանը հնարաւորութիւն է ընձեռուելու օգտուել արտօնեալ վարկային ռեսուրսներից՝ բնակարանների վերանորոգման նպատակով:
Շինարարական լայնածաւալ աշխատանքներ են իրականացւում Շուշիում: Մի շարք պետական կառոյցներ կը տեղափոխուեն այնտեղ: Իսկ 2009թ. մարաթոնի արդիւնքներով հաւաքագրուած գումարները լրիւութեամբ ուղղուելու են Շուշիի վերակառուցմանը: Վերջերս ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի միջեւ Մոսկուայում կայացած հանդիպման ժամանակ արդէն իսկ խօսուել է նշանակալի գումարների մասին:
Սկսուած է Շուշիի ջրամատակարարումն ապահովող խողովակաշարի կառուցումը, որը աւարտին կը հասցուի Նոյեմբերի երկրորդ կէսին: Այդպիսով հնարաւորութիւն է ձեռք բերւում քաղաքն ապահովել 24-ժամեայ ջրամատակարարմամբ: Շուտով կ'աւարտուեն քաղաք մտնող ջրի խնդրի հետ կապուած աշխատանքները, իսկ ներքին ցանցի աշխատանքները կ՛իրականացուեն մարաթոնի արդիւնքներով հաւաքագրուած գումարների հաշուին:
Առաջիկայ երկու տարիների ընթացքում Ստեփանակերտի բնակչութիւնը եւս ապահովուած կը լինի շուրջօրեայ ջրամատակարարմամբ: Ոչ միայն Ստեփանակերտն ու Շուշին են ընդգրկուած շուրջօրեայ ջրամատակարարման ծրագրի շրջանակներում. նման աշխատանքներ իրականացւում են հանրապետութեան տարբեր բնակավայրերում: Կառավարութեան հիմնական խնդիրներից է ջրամատակարարման հարցի շուտափոյթ լուծումը, ինչի ուղղութեամբ աշխատանքներ են ընթանում տասնեակ գիւղերում եւս:
Ներուժ ունի՞, արդեօք, երկրի հանքարդիւնաբերութեան ոլորտը:
Հանրապետութիւնում հիմնականում աշխատում է Դրմբոնի հանքարդիւնաբերական կոմբինատը: Սակայն կատարուած բազմաթիւ ուսումնասիրութիւններն ապացուցում են, որ հնարաւորութիւն ունենք զարգացնել այդ ճիւղը՝ մասնաւորապէս հիմնելով նոր հանքարդիւնաբերական կոմբինատներ: Նման ծրագրի կեանքի կոչման դէպքում մեր երկիրը կ՛ունենայ տնտեսական զարգացման լուրջ խթան, ինչպիսին Դրմբոնի կոմբինատն է, հազարաւոր աշխատատեղեր եւ միլիարդների հասնող, պետական բիւջէ փոխանցուող գումարներ՝ հարկերի տեսքով: Երեւի 2010թ-ին արդէն կը ձեռնարկուեն առաջին քայլերը, եւ մօտ ապագայում արդէն կ՛ունենանք երկրորդ հանքարդիւնաբերական լուրջ ձեռնարկութիւնը:
Ի՞նչ դեր ունեն բանկերը երկրում բիզնեսի զարգացման գործում:
Հարկ է նշել բանկային համակարգում ունեցած յաջողութիւնների մասին: Այսօր ԼՂՀ տարածքում գործող բանկերը փոքր եւ միջին ձեռնարկութիւնների զարգացման համար պետական ծրագրերի շրջանակներում յատկացնում են գումարներ՝ 6-8% տոկոսադրոյքով: Առաջարկուող գրեթէ բոլոր ծրագրերը ֆինանսաւորւում են, իսկ մերժման դէպքեր արձանագրւում են միայն բանկի կամ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից անվստահութեան հետեւանքով կամ էլ՝ բիզնեսի ճիշտ հիմնաւորման բացակայութեան պատճառով: Առաջիկայ տարիներին այս ծրագիրը պահպանուելու է, որի շնորհիւ բոլոր փոքր ու միջին ձեռնարկութիւնները հնարաւորութիւն են ունենալու հաստատուած ծրագրի շրջանակներում օգտուել արտօնեալ վարկային ռեսուրսներից:
Ինչպէ՞ս Է ընթանում հարկահաւաքման գործընթացը:
Հարկային քաղաքականութեան առումով ասեմ, որ տարէցտարի աւելանում են սեփական եկամուտները. 2008թ.ին 2007թ.ի համեմատ սեփական եկամուտներն աւելացրել ենք աւելի քան 26%ով այն դէպքում, երբ ամենախոշոր հարկատուն՝ «Բէյզ-մեթլզ» ընկերութիւնը, 2 միլիարդ դրամ պակաս է փոխանցել պետական բիւջէ: Եթէ այդ ցուցանիշը հանում ենք, եկամուտներն աւելացել են աւելի քան 56%ով՝ հիմնականում ստուերի հաշուին: 2009թ. եւս սպասւում է հարկային մուտքերի աւելացում:
Ի՞նչ տեղաշարժ կայ ԼՂՀ կրթութեան ոլորտում:
Կրթութեան բնագաւառում կատարել ենք մի շարք աշխատանքներ. Արցախում դպրոցական գոյքը մեծ մասամբ փոխուել է՝ ամբողջապէս թարմացուելով: Մեր գիւղերի դպրոցների մեծ մասն ապահովուած են դպրոցական նոր գոյքով: Բացուել են նախադպրոցական հիմնարկներ, մանկապարտէզներ: Այդ քաղաքականութիւնը եւս լինելու է շարունակական, եւ գրեթէ ամէն տարի վերաբացուելու, վերագործարկուելու են նոր մանկապարտէզներ: Ի հարկէ, այս ամէնի համար անհրաժեշտ է ժամանակ եւ ֆինանսական ներդրումներ:
Ինչպիսի՞ բարեփոխումներ են կատարւում Արցախի առողջապահութեան բնագաւառում:
Առողջապահութեան բնագաւառում եւս զգալի աշխատանք է կատարուել՝ Մարտակերտի շրջանային հիւանդանոցի շէնքի շինարարութիւն, Հադրութի հիւանդանոցի լրիւ վերակառուցում եւ վերազինում, Ստեփանակերտի հակահամաճարակային կենտրոնի վերանորոգում: Աշխատանքների հիմնական մասը կատարւում է բարեգործական հիմունքներով, մասնաւորապէս՝ 2008թ. ԼՂՀ նախագահը պայմանաւորուածութիւն է ձեռք բերել ռուսաստանաբնակ գործարար Սամուէլ Կարապետեանի հետ, ում միջոցներով կառուցւում է մեր առաջ տասնամեակներ շարունակ ծառացած ամենակարեւոր խնդիրը Ստեփանակերտի հանրապետական հիւանդանոցի նոր մասնաշէնքի կառուցումը, որի աշխատանքները երեւի թէ գալիք տարուայ վերջին աւարտին կը հասցուեն: Առաջիկայում սպասւում է նաեւ Ստեփանակերտում նոր ծննդատան կառուցումը: Մէկ այլ պայմանաւորուածութեան համաձայն՝ աւարտուել են Ստեփանակերտի մանկական հիւանդանոցի վերանորոգման աշխատանքները, որն իրականացուել է բարերար Անդրէյ Ռապոպորտի հովանաւորութեամբ: Շուտով կը սկսուեն Բերձորի եւ Մարտունու շրջանային հիւանդանոցների շինարարական աշխատանքները: Ձեռք ենք բերել բաւականաչափ սարքաւորումներ՝ տրանսպորտային համապատասխան միջոցներ, շտապ օգնութեան մեքենաներ, ռէանիմոբիլներ: Համարեայ բոլոր գիւղերում ստեղծել ենք բուժօգնութեան անհրաժեշտ հնարաւորութիւններ: «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերութեան հաշուին եւս ոլորտում իրականացուել են մի շարք շինարարական աշխատանքներ: Ի հարկէ, բնագաւառում անելիքները շատ են. որակի բարձրացում, մասնագէտների վերապատրաստում, բնակչութեան համար բուժսպասարկման ճիշտ աշխատանքների կազմակերպում, որոնք, հաւատացնում եմ, առաջիկայ տարիներին ի կատար կ՛ածուեն:
Ի՞նչ ծրագրեր կան ԼՂՀ զբօսաշրջութեան զարգացման համար:
Զբօսաշրջութեան զարգացմանը միտուած ծրագրերով եւս հարուստ է ԼՂՀ կառավարութեան աշխատացանկը: Պատմամշակութային արժէքներ հանդիսացող յուշակոթողների ու համապատասխան վայրերի վերականգնման նպատակով զգալի ֆինանսական միջոցներ ենք տրամադրել պետական բիւջէից՝ աւելի քան 300 միլիոն դրամ: Ըստ այդմ, շարունակւում են Ամարասի եկեղեցական համալիրի, Ասկերանի բերդի վերակառուցումը, Տիգրանակերտի պեղումները, Տողի մելիքական ապարանքի, Դադիվանքի վերակառուցումը: 2010թ. այդ ծրագրի իրականացման համար շարունակուելու է ֆինանսական միջոցների յատկացումը:
Ընթացիկ տարուայ ամռանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ համատեղ մշակել ենք ծրագիր, ըստ որի՝ Հայաստանի պետական համակարգի աշխատողներին ընձեռուել է հնարաւորութիւն՝ 100 հազար դրամով, այսինքն բաւականին մատչելի գներով, 5-6-օրեայ տուրեր անցկացնել Արցախում: Դրա շնորհիւ ամռանը հարիւրաւոր մարդիկ արդէն Հայաստանից այցելել են Արցախ, ծանօթացել մեր պատմամշակութային արժէքներին, ու որ գլխաւորն է, մատչելի գներով անցկացրել հաճելի հանգիստ: Մի հանգամանք եւս, փաստօրէն, մենք որպէս զբօսաշրջիկ դիտարկում ենք նաեւ Հայաստանի մեր հայրենակիցներին: Աւելացնեմ նաեւ, որ վերը թուարկուած ծրագրերի պէս այս մէկը եւս գալիք տարում կը շարունակուի:
Իրականացւո՞ւմ են, արդեօք, հակակոռուպցիոն ծրագրեր:
Ամենակարեւոր ձեռքբերումներից եմ համարում կաշառակերութեան դէմ պայքարը ԼՂՀ-ում: Զարգացած երկիր ունենալու համար առաջին հերթին պէտք է պայքարել կաշառակերութեան, կոռուպցիայի դէմ: Վերջերս մենք հրաւիրել էինք Հայաստանից համապատասխան մասնագէտների՝ հաշմանդամների վերազննման համար, նաեւ իմանալու, թէ իրականում հաշմանդամի կարգավիճակ ստացած բոլո՞ր անձինք են համապատասխանում այդ կարգավիճակին, որովհետեւ, ինչպէս պարզւում է, կարգ ստանալու կարեւոր նախապայմանը ոչ թէ համապատասխանութիւնն էր, այլ՝ վճարը, որն անհրաժեշտ էր յանձնաժողովի անդամներին կամ այլ միջնորդների: Առաջին աշխատանքները կատարուել են, ըստ որի՝ 261 հաշմանդամներից միայն 101ի նկատմամբ է սահմանուել հաշմանդամութեան խումբ, ընդ որում՝ դրանցից 60 հոգին են պահպանել հաշմանդամութեան նախկին խումբը, մնացած դէպքերում խմբերն իջեցուել են: Հսկողական վերափորձաքննութիւնն իրականացուել է առողջապահութեան եւ սոցապահովութեան նախարարութիւնների համակարգում աշխատող հաշմանդամ աշխատակիցների նկատմամբ: Նման խախտումները պետութեան համար առաջացնում էին լուրջ խնդիրներ, քանի որ հաշմանդամների համար որեւէ ծրագիր իրականացնելու համար մեր ֆինանսական ռեսուրսները չէին հերիքում: Փաստօրէն, կեղծ հաշմանդամութիւնը տարել է նրան, որ այն հաշմանդամները, ովքեր պէտք է աւելի մեծ աջակցութիւն ստանային պետութիւնից, զրկւում էին դրանից կեղծարարութեան պատճառով: Հաշմանդամութիւնը կ՛ատեգորիայ է, որն ունի պահանջներ: Հիւանդութիւնը, ինչպէս նշել են մեր այդ մասնագէտները, հաշմանդամութիւն չէ:
Ի դէպ, ԼՂՀ նախագահի յանձնարարականն է՝ շարունակել՝ բնաչութեանն իրազեկելով կատարուող բարեփոխումների մասին, քանզի համոզուած ենք, երբ յայտարարում ենք՝ որ մինչեւ 11,000 հաշմանդամութեան կարգ ունեցող քաղաքացիներ են գրանցուած, ապա, անտարակոյս, միայն կէսն է համապատասխանում իրական հաշմանդամութեան կարգին: Իրականութեան բացայայտման շնորհիւ առաջացող տնտեսումները թոյլ են տալու բարելաւել մեր հաշմանդամների վիճակը յետագայում: Իրականացուող բարեփոխումներից բացի, ունենք նաեւ լուծում պահանջող բազմաթիւ այլ խնդիրներ եւս:
Ինչպիսի՞ աշխատանքներ են տարւում ենթակառուցուածքների զարգացման ուղղութեամբ:
Ենթակառուցուածքների զարգացման ուղղութեամբ եւս զգալի անշխատանքներ են կատարուել՝ ճանապարհների վերանորոգում, վերակառուցում, գազիֆիկացում, ստեղծուել է «Արցախուղի» Փբը-ն, որի համար 700 միլիոն դրամի տեխնիկա ենք ձեռք բերել: Այսօր շնորհիւ այդ կազմակերպութեան կարողանում ենք որոշակիօրէն վերանորոգել գիւղեր տանող ճանապարհներն ու ապահովել դրանք տրանսպորտային կապով: Կազմակերպութիւնը հանրապետութեան գրեթէ բոլոր շրջաններում ստեղծել է իր մասնաճիւղերը՝ այդպիսով ծաւալելով մեծ ու օգտակար գործունէութիւն: Քաշաթաղում գրեթէ աւարտին է հասցուել հիւսիսային թեւը, իսկ հարաւային թեւն աւելի վաղ էինք աւարտել, Հադրութում եւս զգալի աշխատանքներ ենք իրականացրել: Խօսքը հողային ճանապարհների մասին է, թէպէտ շարունակւում են նաեւ ասֆալտապատման աշխատանքները
Իսկ ի՞նչ համայնքային խնդիրներ ունէք:
Լուրջ խնդիրներ ունենք համայնքներում. յայտնի է, որ մեր համայնքներից շատերը անգործունակ են, համայնքի ղեկավարները, յաճախ չիմացութեան պատճառով, չեն կարողանում յաւուր պատշաճի կատարել իրենց պարտականութիւնները, օգտուել սեփական իրաւունքներից: Բայց մեր երկրի ապագան կայացած համայքներն են եւ համայնքային ճիշտ աշխատանքի իրականացումը:
Ինչպիսի՞ բարեփոխումներ են իրականացւում սպորտի եւ մշակոյթի ոլորտներում:
Իրականացրել ենք մարզադահլիճների եւ մշակութային օջախների վերանորոգում, կառուցում: Կոնկրէտ մարզաձեւերի առումով կարելի է նշել շօշափելի յաջողութիւններ աթլետիկայի, շախմատի, սամբոյի բնագաւառներում, բուռն զարգացում է նկատւում նաեւ ֆուտբոլ, հանդբոլ, սեղանի թենիս եւ բասկետբոլ մարզաձեւերում:
Գիւղերից ակումբների, մշակոյթի տների շինարարութեան կամ վերակառուցման համար անհրաժեշտ շինանիւթերի մասին յայտեր լինելու դէպքում անպայման արձագանքում ենք ու բաւարարում պահանջը:
Պրն վարչապետ, ինչպիսի՞ն կը լինի ԼՂՀ կառավարութեան գործունէութիւնը առաջիկայ տարիներին:
Առաջիկայ 10 տարիների մեր քաղաքականութիւնը պէտք է լինի ոչ միայն տնտեսական աճի տեմպեր ապահովելը, այլ, գոնէ, 2020 թուականին զարգացող երկրների ցուցակում ցուցանիշների առումով առաջատարների մէջ լինելը: Այսինքն՝ մեր ծրագրերը, որոնք որպէս ռազմավարութիւն համազգային նշանակութիւն ունեն, 2020թ. տեսլականի հետ են կապուած:




