«7or» կայքի հարցազրոյցը Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեանի հետ:
Ելք Միշտ Էլ Կարելի Է Գտնել՝ Կ'ըսէ Արտաքին Գործոց Նախկին Նախարարը
ՀԱՐՑ.- Պարոն Օսկանեան, այսօր կարծես ակնյայտ է, որ գործադիր իշխանութիւնը եւ խորհրդարանական մեծամասնութիւնը կողմ են հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմանը: Այս պարագայում կարծես ոչիչ չի խոչընդոտում դրան, յատկապէս, երբ իշխանութեան ներկայացուցիչները յայտարարում են, որ քանի որ ժողովուրդը ծանր սոցիալական վիճակում է,ապա ակնյայտ է, որ կողմ է արձանագրութիւնների ստորագրմանը, քանի որ դա սահմանի բացման տանող միակ ճանապարհն է:
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ.- Նախ սահմանի բացմանը տանող աւելի արժանապատիւ ճանապարհ կար, ես դրանում չեմ կասկածում: Այսօր ակնյայտ է, որ թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում ընդհանուր տրամադրութիւնները առաւել քան տեսանելի են: Հայաստանում թէկուզ ձեւական քննարկումերի արդիւնքում, ինչպէս նաեւ Սերժ Սարգսեանի արտասահմանեան այս շրջագայութիւնից ակնյայտ է, որ մեծ դիմադրութիւն կայ այս նախաձեռնութեանը: Այս գործընթացի արդիւնքում, որի վտանգը ինձ համար գոնէ տեսանելի էր հէնց սկզբից, ազգովի յայտնուել ենք բաւական բարդ իրավիճակում, որից ելք փնտռելու փոխարէն, իշխանութիւներն այսօր աւելի են խորացնում իրավիճակը:
Հայ-թուրքական գործընթացի սկզբում, գոնէ քաղաքական ուժերի մեծ մասը զուսպ էր արձագանգում իրավիճակին, եւ վտանգները շատերի համար գոնէ ակնառու չէին: Հնարաւո՞ր էր արդեօք խուսափել այս փաստաթղթերի ի յայտ գալուց, եթէ գործընթացն այլ ուղղութեամբ տարուէր:
Ի հարկէ հնարաւոր էր, բայց իրավիճակը զարգացաւ ամենավատ սցենարով երկու պատճառով: Առաջինը՝ գործընթացի հրապարակայնութիւնն է, որը մի կողմից գայթակղեց թուրքական կողմին շահարկելու գործընթացն իր օգտին, եւ դրա արդիւնքում բարձր մակարդակի այս հրապարակային գործընթացում ներգրաւուեցին տարբեր շահեր ունեցող ծանրակշիռ երկրներ: Երկրորդ՝ Հայաստանի իշխանութիւնները տուրք տուեցին այլ երկրների շահերին ծառայող անիմաստ եւ արհեստական ժամկէտների շրջանակներում գործելու պարտադրանքին: Ապրիլի 22ին արեցին յայտարարութիւն, որը առիթ տուեց Օբամային չօգտագործելու ցեղասպանութիւն բառը, հիմա էլ այս արձանագրութիւնների վաղաժամկէտ հրապարակումը եւ ստորագրման թուականի ֆիքսումը, որպէսզի Սերժ Սարգսեանի համար արդարացում լինի Թուրքիա ֆուտբոլի խաղը դիտելու մեկնելու համար: Իշխանութիւնների սխալ հաշուարկուած քայլերի, ակնյայտ իրողութիւներն արհամարհելու հետեւանքով՝ մենք այսօր ունենք երկու լրջագոյն խնդիր: Առաջինը՝ հապճեպ եւ փնթի բանակցուած փաստաթուղթ, որը նոյնիսկ ամենագործնապաշտ մօտեցման դէպքում հակասում է մեր ազգային շահերին: Երկրորդ՝ շարունակուող եւ անկանխատեսելի մի գործընթաց, որի վրայ Հայաստանի Հանրապետութիւնն ունի զրոյական ազդեցութիւն:
Եւ վերջապէս այսօր փաստ է, որ այս փաստաթղթի պատճառով մեր հասարակութեան մէջ, մեղմ ասած լուրջ լարուածութիւն է առաջացել: Ուրեմն լուրջ խնդիր կայ այս փաստաթղթի բովանդակութեան հետ, չէ՞: Թուրքիայի հետ նման գործարքի գնալու համար անհրաժեշտ էր ժողովրդի ջախջախիչ մեծամասնութեան աջակցութիւնը: Այսօր ոչ միայն դա չկայ, այլ հակառակն է: Իշխանութիւնները իրաւունք չունէին մեր ժողովրդին նման իրավիճակի մէջ դնելու:
Պարոն Օսկանեան, այսօր նաեւ շատ են վերլուծութիւններն այն մասին, որ ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարութեան հետ կապուած խնդիրները հեշտացնում են միջազգային հանրութեան ճնշումը իշխանութեան վրայ:
Գիտէք, Հայաստանում ժողովրդավարութիւնը 18 տարուայ ընթացքում երբեւէ փայլուն վիճակում չի եղել: Ես 10 տարի եղել եմ արտաքին գործերի նախարար եւ կարող եմ վստահեցնել բոլոր նրանց, ովքեր այդ մասին չգիտեն, եւ բոլոր նրանց, ովքեր գիտեն, բայց միտումնաւոր ուզում են թիւրիմացութեան մէջ գցել հասարակութեանը: Միջազգային հանրութիւնը չի կարող ստիպել իշխանութեանն անել քայլեր, որոնք նա չի ուզում անել: Իսկ եթէ որեւէ մէկն ուզում է արդարացնել իշխանութիւնների այս արտաքին քաղաքականութիւնը ճնշումների բացատրութեամբ, դրանով պարզապէս աջակցում է այս՝ մեզ համար ոչ նպաստաւոր քաղաքականութեան իրագործմանը:
Այսօր հակափաստարկներ են հնչում, թէ ղարաբաղեան խնդրում ճնշման վտանգը տեսական հնարաւորութիւն է, մինչդեռ սահմանի բացումը անհրաժեշտութիւն է, որի համար պէտք է ինչ որ գին վճարել:
Ամբողջ խնդիրն էլ հէնց այն է, թէ ինչ գին: Մեզ այսօր երկու լուրջ թիւրիմացութեան մէջ են փորձում գցել: Մէկն այն է, որ սահմանի բացումը մեր միակ փրկութիւնն է: Բոլորովին չվիճարկելով, որ բաց սահմանը փակ սահմանից լաւ է, եկէք ընդունենք, որ Հայաստանի ներքին, համակարգային տնտեսական ու քաղաքական խնդիրներն այնքան շատ են, որ դրանց գոնէ մի մասի լուծումից տնտեսական էֆեկտն անհամեմատ աւելի մեծ կը լինի, քան սահմանի բացումից, եւ այդ խնդիրները փակ սահմանի հետ ոչ մի կապ չունեն: Աւելին, այս պայմաններում սահմանի բացումը շարքային քաղաքացու վրայ էական ազդեցութիւն չեն ունենալու, կամ այդ ազդեցութիւնը փոքր է լինելու եւ կարճատեւ էֆեկտ է ունենալու, քանի որ սահմանի բացումն ինքնին իր հետ բազմաթիւ տնտեսական մարտահրաւէրներ է բերելու, որոնք կարող են լուծուել միայն այն դէպքում, երբ երկրում գործում են օրէնքները եւ չկան այն բազմաթիւ խնդիրները, որ կան այսօր: Սահմանի բացման դիմաց նման անձնատուութեան կարելի էր գնալ միայն այն դէպքում, եթէ դրանից կախուած լինէր Հայաստանի գոյատեւման խնդիրը: Կարո՞ղ է ինչ որ մարդկանց մտքում մենք հէնց այդպիսի իրավիճակում ենք:
Երկրորդ թիւրիմացութիւնն այն է, որ սահմանի բացումը միայն մեզ է անհրաժեշտ օդի ու ջրի պէս ու հետեւաբար մենք պէտք է վճարենք այդ գինը: Հայաստանը նախկինում վարած քաղաքականութեամբ բազմիցս ապացուցել է, որ թուրքական շրջափակումը չի կարող մեզ ծնկի բերել: Երկիրը արձանագրում էր տնտեսական աճ, Ղարաբաղի հարցում զիջումներ չէին արւում իսկ ցեղասպանութեան ճանաչումը գնալով աւելի մեծ թափ էր առնում, ինչն անշուշտ ամէնից շատ էր մտահոգում Թուրքիային: Այս առումով մենք զգալի բանակցային առաւելութիւն ունէինք Թուրքիայի նկատմամբ: Թուրքիան է, որ գտնւում է Եւրոպայի ճնշման տակ սահմանները բացելու առումով, Թուրքիայի արեւելեան շրջանները ծանր տնտեսական վիճակում են, եւ նրանց սահմանի բացումը պակաս անհրաժեշտ չէ, քան մեզ: Թուրքիան է, որ ուզում է տարածաշրջանային դերակատարում ունենալ, իսկ առանց սահմանի բացման դա հնարաւոր չէ: Թուրքիան ամէն տարի ԱՄՆ-ի կողմից ցեղասպանութեան ճանաչման վտանգի առաջ է կանգնում եւ վերջապէս Թուրքիայի իշխանութիւններն են, որ յայտարարել են զրօ խնդիր հարեւանների հետ քաղաքականութեան մասին: Այսօր մենք Թուրքիային հնարաւորութիւն ենք տուել այդ քաղաքականութիւնն իրագործել մեր հաշուին; Մինչդեռ վերը բերուած բոլոր հանգամաներքը հաշուի առնելով, մենք կարող էինք պարզապէս մի փոքր աւելի համբերատար լինել եւ աւելի հմուտ դիւանագիտութիւն վարել, ինչը մեզ համար շահաւէտ արդիւնք կունենար, վաղ թէ ուշ: Մինչդեռ, իրավիճակից օգտուելու փոխարէն հայկական կողմը քիչ չէ համաձայնել է բոլոր նախապայմաններին, դեռ հնարաւորութիւն է տուել Թուրքիային միանձնեայ որոշել սահմանի բացումը:
Այդուհանդերձ շատերն այսօր պնդում են, որ նոյնիսկ եթէ ընդունենք, որ իրադարձութիւները մեզ համար ամենաշահեկան սցենարով չեն զարգացել, այլ ելք, քան գործընթացն աւարտին հասցնելն է, չկայ:
Եթէ կայ սխալն ընդունելու եւ այն շտկելու ցանկութիւն, ապա ելք միշտ էլ հնարաւոր է գտնել: Ի վերջոյ թէ՛ Թուրքիայում, թէ՛ ԱՄՆ-ում, թէ՛ Եւրոպայում հետեւում են այն դիմադրութեանը, որ կայ այս գործընթացի հանդէպ թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում: Կարելի է յղում անելով այդ դիմադրութեանը, նոյնիսկ գնալով ֆուտբոլային խաղը դիտելուն, նախապէս թայմ աութ վերցնել փաստաթղթերը ստորագրելու հարցում եւ յետոյ արդէն, աւելի հանգիստ պայմաններում, վերադառնալով գաղտնի եւ ոչ թէ հրապարակային հանդիպումների ֆորմատին ձեւաչափին, բանակցել աւելի ընդունելի փաստաթուղթ: Ամէն ինչ հնարաւոր է ուղղել, եթէ ի հարկէ ցանկութիւնը ուղղելն է, եւ ոչ թէ ամէն գնով սեփական ճշմարտացիութիւնն ապացուցելը:




