ՆԱԽ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՄՐՑՈՒՆԱԿ ՊԷՏՔ Է ԼԻՆԵՆ
Ազգային ժողովի պատգամաւոր, ՀՅԴ խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանը դէմ է, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացուեն: «Կապիտալ»ի հետ զրոյցում նա պնդում է, որ նոյնիսկ եթէ օտար լեզուով ուսուցումը սկսուի հինգերորդ դասարանից (ինչը ենթադրւում է «Լեզուի մասին» եւ «Հանրակրթութեան մասին» օրէնքներում փոփոխութիւններ կատարելու մասին նախագծի փոփոխուած տարբերակում), դրանով «կը խեղուեն հինգերորդ դասարանի երեխայի տեսակն ու ապագան»:
ՀԱՐՑՈՒՄ.- Ասում են՝ հայկական դպրոցները մրցունակ չեն: Համաձա՞յն էք այդ տեսակէտին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մենք չափազանց շատ ենք խօսում մեր մրցակցային առաւելութիւնների, մեր ազգային բնատուր կարողութիւնների, մեր նախաձեռնողականութեան եւ այլնի մասին, սակայն այս ամէնը դատարկ խօսքեր են, քանի դեռ համապատասխան հաստատութենական յենարաններ չկան: Նախ իշխանութիւնդ ու հասարակութիւնդ մրցունակ պիտի լինեն, որ դպրոցը մրցունակ լինի: Դպրոցը հասարակութեան հայելին է, բայց միւս կողմից էլ՝ նրա վերարտադրողը: Բոլորս էլ առնչւում ենք կրթութեան, յատկապէս հանրակրթութեան եւ բարձրագոյն կրթութեան հետ եւ քաջ ծանօթ ենք համակարգում առկայ մտահոգիչ ու ցաւալի իրողութիւններին: Խօսքը յատկապէս կաշառակերութեան բարձր մակարդակի մասին է: Վերջերս «Բանաձեւ» ծրագրի թեման համալսարաններում տիրող բացայայտ ու անթաքոյց փտածութիւնն էր: Սրան զուգահեռ՝ տեղի է ունենում մէկ այլ հիմնարկի ազգային դպրոցի, ուսուցիչ գաղափարի արժեզրկում: Ո՞վ չգիտէ, որ դպրոցում ստացած պաշարով համալսարան չես կարող ընդունուել: Այսինքն՝ կայ դպրոց, եւ նրան զուգահեռ՝ կրկնուսոյցի հիմնարկը: Սրանք խնդիրներ են, որոնց տագնապով պիտի վերաբերուել: Էլ չեմ խօսում, որ դպրոցն ու ուսուցիչները վերածուել են ընտրական գործիքի: Շատ տխուր է ու վտանգաւոր:
Ինչպէ՞ս էք վերաբերւում օտարալեզու դպրոցների բացման նախագծին: Գուցէ դրանց գոյութիւնը ստիպի հայկական հանրակրթական դպրոցներին դառնալ աւելի՞ մրցունակ:
Կրթութեան բնագաւառում առկայ հիմնախնդիրների պարագայում «Լեզուի» եւ «Հանրակրթութեան մասին» օրէնքների նախագծերի շրջանառութեան մէջ յայտնուելը համարում եմ մարտահրաւէր մեր ազգային ինքնութեանն ու նոյնն է թէ՝ ազգային անվտանգութեանը: Եթէ մեր կառավարութիւնն իրապէս տիրապետէր կրթութեան խնդիրներին, նախ պիտի խնդիր դնէր բարձրացնել առհասարակ կրթութեան, օտար լեզուների դասաւանդման որակը: Մեզ նման հանրապետութիւնում, որի բնակչութիւնը չի գերազանցում 3 միլիոնը, լեզուամշակութային ընդհանրութիւնը նաեւ ազգային միասնականութեան ու ազգային պետականութեան երաշխիք է: Եթէ մենք շատ լինէինք, գուցէ կարելի լինէր որոշ «ճոխութիւններ» թոյլ տալ: Սակայն այսօր դրա իրաւունքը չունենք: Լեզուն մեր կեցութիւնն է ու հայրենիքը: Մայրենիով հանրակրթութիւն չստացած հայն այլ արժեհամակարգի կրող է: Լեզուն մեր ազգի ինքնութեան գոյատեւման կարեւորագոյն երաշխիքն է, ինքնութեան ողնաշարն է, չկայ լեզու, չկայ ազգ: Խաթարում ու վտանգում են ազգային միասնականութիւնը, երրորդ հանրապետութեան հեռանկարը: Եթէ իրենց նժդեհական հռչակած քաղաքական գործիչները չունեն այս գիտակցումը, ապա վիճակը ողբերգական է: Մայրենիի հաշուին մրցակցայնութեան ապահովումը անհեռատես է: Կարծում եմ՝ կառավարութիւնը քաղաքական ու բարոյական շեշտերը սխալ է դրել: Շատ աւելի ճիշդ կը լինէր հասարակութեան ու քաղաքական համակարգի մրցունակութեան, կառավարման համակարգի արդիւնաւէտութեան մասին մտածելը: Եթէ ազնիւ լինենք, կը տեսնենք, որ պարտուած հասարակութեան, քաղաքական ձախողումների, հիմնարկների բացակայութեան կամ հազիւհազ գոյութեան, բեւեռացուածութեան, քաղաքական վերնախաւի ներկայ որակների մէջ միայն կրթութիւնը վերցնելն ու քարկոծելը ճիշդ չէ:
«Օտարալեզու դպրոց» ասուածը մեծ հաւանականութեամբ կարող է դառնալ «ռուսալեզու դպրոց»: Այս ամէնի մէջ դուք պատուէր տեսնո՞ւմ էք:
Խորհրդարանական գործունէութեան այս երեք տարիների ընթացքում հասկացել եմ, որ որեւէ օրէնք կամ նախագիծ պատահաբար խորհրդարանում չի յայտնւում: Բոլոր օրէնքներն իրենց ետեւում քաղաքական պատուէր ունեն: Հանրային կամ ազգային շահը սպասարկելու փոխարէն նախագծերը սպասարկում են այս կամ այն խմբի քաղաքական կամ տնտեսական շահերը: Սա է իրականութիւնը: Այն, որ նախագիծը քաղաքական պատուէր է, յստակ է, իսկ կառավարութեան հիմնաւորումները՝ մերկապարանոց: Նոյնիսկ լսեցի հիմնաւորում, որ մեր արտաքին քաղաքական պարտութիւնները եւ հակահայկական բանաձեւերը, որոնք ընդունւում են միջազգային ատեաններում, մեր պատուիրակների լեզուի չիմացութեան հետեւանք են: Իսկ իրականում մեր քաղաքական պարտութիւններն ամբողջութեամբ համակարգային սխալների հետեւանք են: Նախ թող խորհրդարան գան այնպիսիք, որոնք կարողանում են գոնէ հայերէն խօսել, էլ չեմ ասում՝ օտար լեզուով, թող, որ օրէնսդիրի ներկայացուցիչներն ունենան գաղափարական յենարան եւ առաջնորդուեն ազգային շահով: Կառավարութիւնն էլ թող զբաղուի դպրոցներում տիրող խայտառակ ամենաթողութեամբ, բարելաւի կրթութեան որակը, բարեփոխի օտար լեզուների դասաւանդման եղանակները, յետոյ համապատասխան նախագծեր բերի: Մենք միշտ մեր սեփական խնդիրներն ու թերացումներն արձանագրելու եւ դրանք շտկելու փոխարէն ինչ-որ երկրորդական, կեղծ ու մոլորեցնող լուծումներ ենք փնտռում: Իսկ եթէ ամէն գնով պատուէրը իրականացնելու մղում ունեն որոշ մարդիկ, ապա ուզեն թէ չուզեն հաշուի պիտի նստեն հասարակութեան ընդվզումի հետ, որը «ոչ» է ասում օտարալեզու դպրոցին:
Նախագծում կատարուել են փոփոխութիւններ, որոնք ենթադրում են օտարալեզու մասնաւոր դպրոցների հիմնադրում, որտեղ առարկաներն օտար լեզուով դասաւանդուելու են հինգերորդ դասարանից: Փոփոխութիւնները բաւարար համարո՞ւմ էք:
Ո՛չ, բացարձակապէս՝ ո՛չ: Նախ՝ երբ մշակում էին նախագիծը, պիտի հասկանային, թէ ովքեր են այդ դպրոցների պատուիրատուները: Մեր հասարակութիւնը նման ընկերային պատուէր իջեցրե՞լ է կրթութեան նախարարութեանը: Վստահ եմ՝ ոչ, հասարակութիւնն ունի միայն մի պատուէր՝ բարձրացնել ազգային կրթութեան որակը եւ փտածութեան ճանկերից փրկել կրթական համակարգը: Մենք պէտք է հասկանանք, որ մեր հանրակրթութեան լեզուն պիտի մնայ հայերէնը, եւ մեր բոլոր գործողութիւններում պիտի ելնենք մեր աշխարհաքաղաքական դիրքից եւ 3 միլիոն բնակչութեան գործօնից: Ազգին ձուլելու ամենակարճ ճանապարհը լեզուամտածողութիւնը խաթարելն է: Հինգերորդ դասարանի հայ երեխայի տեսակն ու ապագան ենք խեղում: Անկախութեան 20-րդ տարում ազգային արժանապատուութիւնն ու պետականութիւնը նսեմացնող այս ի՞նչ հանգրուանի հասանք: Հէնց սա հասկանալով՝ պիտի գիտակցենք նախագծի վտանգաւորութեան աստիճանը:
Ըստ ձեզ՝ այսօր պետութիւնն ի՞նչ լեզուաքաղաքականութիւն է վարում:
Ինչպէս հանրային կեանքի շատ ոլորտներում, այնպէս էլ այս ուղղութեամբ մենք ունենք լաւ օրէնքներ: Ունենք 1993թ. ընդունուած «Լեզուի մասին» Հայաստանի օրէնքը եւ 1998թ. ընդունուած լեզուաքաղաքականութեան հայեցակարգը: Հրաշալի հայեցակարգ է, որը բխում է ազգային անվտանգութիւնից, ունի ե՛ւ հայեցի կրթութեան, ե՛ւ լեզուաքաղաքականութեան, ե՛ւ Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների, ե՛ւ սփիւռքի ներուժի կարեւորման մասին դրոյթներ: Սակայն սա մեր երկփեղկուած իրականութեան սովորական պատկերներից մէկն է: Մենք մեր տեսական ձեւակերպումներում տաղանդաւոր ենք: Թղթի վրայ գրուածը օրէնքների, հայեցակարգերի երեւակայական Հայաստան է, իսկ իրական Հայաստանը՝ դրա հակապատկերը: Ամէն քայլափոխի, անգամ Հանրային հեռուստատեսութեամբ, որը մեր պիւտճէից է սնւում, խախտւում է «Լեզուի մասին» օրէնքը ու մնում անպատիժ ու անդրդուելի: Գովազդում նոյնպէս խաթարուած է մայրենին, ու չի գործում նրան պաշտպանող օրէնքը..., ինչպէս եւ շատ ու շատ օրէնքներ: Այս ամէնը արժեզրկում է օրուայ իշխանութեանը, ժողովրդին յուսահատեցնում: Այսպէս շարունակել չի կարելի, երկիրը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Սա պիտի հասկանայ նաեւ քաղաքական վերնախաւը:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ «Կապիտալ» օրաթերթ
«« վերադարձ ««



