Հարցազրոյց Հայաստանի Զինուած Ուժերի Հիմնադիրներից, ՀՀ Բանակի Գլխաւոր Շտաբի Պետ՝ ՀՀ Պաշտպանութեան Նախարարի Առաջին Տեղակալ (1992-1995), Զօրավար Նորատ Տէր-Գրիգորեանցի Հետ

Ձեր գնահատմամբ, որքա՞ն հաւանական է ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռազմական գործողութիւնների վերսկսումը:
Ձեր հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող: Սակայն, գնահատելով ռազմաքաղաքական իրադրութիւնը, տարբեր գործօններ, կողմերի եւ ԵԱՀԿ գործողութիւնների բնոյթը՝ կարող եմ եզրակացնել, որ Ատրպէյճանը նախանձախնդրօրէն նախապատրաստւում է յարձակողական պատերազմի: Հէնց հասունանայ պատեհ իրավիճակը՝ Պաքուն կը դիմի իր կարծիքով կարճատեւ արկածախնդիր պատերազմի: Ահաւասիկ՝ որոշ գործօններ, որոնք պատերազմին նախապատրաստուելու նշան են.
1.- Ատրպէյճանի Հանրապետութեան նախագահ Ալիեւը սպասում է համոզիչ պատրուակի, պատերազմի վերսկսման գործնական նախապատրաստութիւնները փաթեթաւորում է այլազան հանդարտեցնող արտայայտութիւններով, զննում է իրավիճակը, ինչպէս նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ նրանց արտաքին գործոց նախարարների տեսակէտները: Նա վարում է ուժեղ ապատեղեկատուական քարոզարշաւ՝ իր օգտին խեղաթիւրելով հակամարտութեան պատմութիւնը եւ ապացուցելով, թէ նա պատերազմի զոհ է, թէեւ յարձակողը հէնց Ատրպէյճանն էր: Սա տեղեկատուական պատերազմ է: Հակառակ կողմից այդպիսի յայտարարութիւնները յաճախ անտեսւում են, երբեմն՝ ծաղրւում, երբեմն էլ պարզապէս նշւում է, որ ատրպէյճանական ղեկավարութիւնը դրանց է դիմում՝ ներքին պահանջարկից ելնելով: Եւ դա շատ մեծ սխալ է:
2.- Ամէն տարի սպառազինուելու վրայ յատկացւում է մինչեւ երկու միլիառ տոլար. ընթացքի մէջ է զինծառայողների եւ երկրի ողջ բնակչութեան նախապատրաստութիւնն «ազատագրական պատերազմի». հայ ժողովուրդը ներկայացւում է որպէս յարձակող, նուաճող ու գրաւող:
3.- Ատրպէյճանի Հանրապետութեան զինուած ուժերը տարբեր ուղղութիւններով մշտապէս իրականացնում են օդային, ռատիօ եւ ռատիոմեքենական մարտական հետախուզութիւն. քննութեան են ենթարկւում պաշտպանական առաջին գծում Արցախի բանակի զինուորականների զգօնութիւնը եւ բարոյական ամրութիւնը: Ուսումնասիրւում է նրանց մարտական պատրաստութիւնը եւ մարտունակութիւնը, յարձակումներին հակադարձելու պատրաստուածութիւնն ու զինուորական կարողականութիւնը:
4.- Ատրպէյճանի զինուած ուժերում խորհրդատուները ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիայի զինուած ուժերի սպաներն են: Նրանք նախապատրաստում են Ատրպէյճանի բանակն յարձակողական պատերազմին:
5.- Ատրպէյճանի զինուած ուժերի համար գնուած եւ մատակարարուած են զինուած պայքարի յարձակողական զինատեսակներ: Ատրպէյճանին սպառազինութիւններ են վաճառում Հայաստանի այսպէս կոչուած «բարեկամները»‘ ԱՊՀ երկրները: Մատակարարների թւում են Ուքրաինան, Պելառուսը, Իսրայէլը, Թուրքիան. կան տուեալներ նաեւ Ռուսաստանի առնչութեամբ: Իսկ Միացեալ Նահանգները, զարմանալիօրէն յարձակապաշտ Պաքուին զինամթերք եւ ռազմական սարքաւորումներ վաճառելու վրայ արգելք չի յայտարարում:
6.- 1994-ի Մայիսից յետոյ ատրպէյճանցիները, խախտելով համաձայնագիրը, շատ են մօտեցել ԼՂՀ Պաշտպանութեան բանակի դիրքերին. որոշ տեղերում նրանց դիրքերը գտնւում են հայկականից 40-60 մեթր հեռաւորութեամբ: Չէզոք գօտի համարեայ չի մնացել: Նման իրավիճակում տեղի են ունենում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ: Ամէն տարի Ատրպէյճանի զինուած ուժերի կողմից կրակի դադարեցման գծում գրանցւում են 3000 եւ աւելի խախտումներ: Միաժամանակ, Պաքուն ողջ աշխարհի առջեւ յայտարարում է սահմանային անդորրը խախտող իր զինուորականների պարգեւատրման մասին‘ նրանց դարձնելով Ատրպէյճանի Հանրապետութեան ազգային հերոս:
7.- Ալիեւի յարձակապաշտ յայտարարութիւնները ոչ միայն չեն կանխւում, այլեւ որպէս ճշմարտացի չեն ընկալւում թէ՛ ՀՀ եւ ԼՂՀ, եւ թէ՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բոլորն ասում են, թէ Ալիեւի յայտարարութիւններն, իբր, հասցէագրուած են ներքին սպառողներին: Բնա՛ւ ոչ: Նա ճշմարտութիւն է ասում: Եւ նա իր մտադրութիւնների մէջ արդէն ձեռքբերումներ է արձանագրել, եթէ նրա մասին այդպիսի կարծիք է ստեղծուել: Նա իսկապէս կամենում եւ նախապատրաստւում է պատերազմի‘ խելամտօրէն «ննջեցնելով» հակառակորդ կողմին եւ ակնկալելով, որ մենք կորցնենք զգօնութիւնը եւ պատերազմի վերսկսմանն անպատրաստ լինենք: Ասում են, որ նա, իբր, կը վախենայ միջազգային կառոյցների յանդիմանութիւնից: Նա չի երկիւղի: Ամենաթողութիւնը թոյլ է տալիս Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեանն անտեսել այլ երկրների ղեկավարների կարծիքը: Ահա թէ ինչու է անհրաժեշտ վճռական միջոցներ ձեռնարկել այդ յարձակապաշտ պետութեան իւրաքանչիւր գործողութիւնից յետոյ եւ գտնուել մշտական մարտական պատրաստութեան մէջ:
8.- Նայեցէ՛ք, թէ ինչպէս է Ատրպէյճանը Հայաստանն ու Ղարաբաղն արգելափակում եւ նոր շրջափակում ստեղծում‘ Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Պաքու երկաթգծի կառուցմամբ: Այն կը ծառայի Թուրքիայից Ատրպէյճանին օժանդակելու նպատակով ուժերն ու միջոցները փոխադրելու համար: Այդպիսի գործօնները սակաւ չեն: Ռուսաստանն Ատրպէյճանի հետ լաւ յարաբերութիւններ ունի, Վրաստանը 100 տոկոսով սատարում է Ատրպէյճանին եւ անգամ նպաստում Հայաստանի շրջափակմանը Թուրքիայի եւ Ատրպէյճանի կողմից‘ մասնակցելով Հայաստանը շրջանցող երկաթագծի կառուցմանը: Վրաստանը չի թոյլատրում իր տարածքով ՀՀ ռազմական նշանակութեան բեռների փոխադրումը, իսկ որպէս Ատրպէյճանի գործընկեր՝ վերջինիս համար թոյլ է տալիս ներկրել ինչ կամենայ: Մամուլում առկայ տուեալների համաձայն‘ Ատրպէյճանի համար նախատեսուած ռազմական բեռների տարանցիկ փոխադրումն իրականացւում է նաեւ Ռուսաստանի տարածքով: Ահա թէ ինչպէս է Թուրքիան կառավարում յիշեալ երկրները՝ Ատրպէյճանի զինուած ուժերը վերազինելու, ինչպէս նաեւ ՀՀ եւ ԼՂՀ շրջափակումն ուժեղացնելու համար: Թուրքիան՝ որպէս ՆԱԹՕ-ի անդամ պետութիւն, յորդորում, զինում եւ հրահրում է Պաքուին պատերազմի: Դա փանթուրանական ծրագիրն է՝ վտարանդի դարձնել հայերին եւ ջնջել Հայաստանի հանրապետութիւնն ու Լեռնային Ղատրաբաղի հանրապետութիւնը, որոնք Անգարայի կոկորդում խրուած ոսկորի պէս խոչընդոտում են Թուրքիային իրականացնել թրքական երկրների միաւորման ծրագիրը, Ռուսաստանին արտամղելը եւ ապա Հիւսիսային Կովկասում ամրանալը, որտեղ Թուրքիան արդէն իսկ ջանադրօրէն ծաւալում է հակառուսական քայլեր: Ռուսաստանը պարզապէս չի հասցնում գնահատել իրավիճակը:
Դուք ասում էք, որ ատրպէյճանական կողմը շարունակում է գնել արդիական զինատեսակներ եւ սպառնում է պատերազմ սանձազերծել ԼՂՀ դէմ: Ռազմական եւ քաղաքական ի՞նչ բնոյթի միջոցներ պէտք է ձեռնարկեն հայկական կողմերը‘ ատրպէյճանական ռազմական սպառնալիքը չէզոքացնելու համար:
Ռազմական բնոյթի միջոցառումների տեսանկիւնից Հայաստանը եւ ԼՂՀ-ն պարտաւոր են ունենալ այնպիսի զինուած ուժեր, զինուած պայքարի միջոցներ, ուժերի եւ պաշարների կառավարման այնպիսի համակարգ, այնպիսի ցամաքային, օդային, ռատիոմեքենական հետախուզութեան միջոցներ, որպէսզի կարողանան ժամանակին բացայայտել հակառակորդի յարձակման նախապատրաստութիւնը եւ ըստ արժանւոյն դիմաւորել նրան եւ հասցնել պատշաճ հակահարուած: Հարկ է ընդունակ լինել սեփական գործողութիւններով հակառակորդին կարգի հրաւիրել եւ հարկադրել վիճելի հարցերը լուծելու բանակցութիւնների եւ խաղաղ միջոցներով, որպէսզի հակառակորդը չհամարձակուի կատարել յարձակման գործողութիւնը:
Անհրաժեշտ է նախապատրաստել ժողովրդին, բոլորին‘ տղամարդկանց եւ կանանց‘ Հայրենիքի եւ սեփական ընտանիքների պաշտպանութեանը: Հարկ է ուսուցանել բնակչութեանը մղելու հայդուկային պատերազմ‘ մեր տարածք հակառակորդի ներթափանցման դէպքում: Հայաստանի եւ ԼՂՀ զինուած ուժերը պէտք է պահել մշտական մարտական պատրաստութեան վիճակի մէջ‘ յարձակումը կասեցնելու համար: Պէտք է կատարելագործել հակառակորդի դէմ ռազմական գործողութիւնները վարելու զօրքերի պատրաստութեան համակարգը‘ հայ ժողովուրդը, հայոց հողը պաշտպանելու նպատակով‘ ետ մղել հնարաւոր յարձակումը, իսկ անհրաժեշտութեան դէպքում‘ անցնել վճռական հակայարձակման‘ հակառակորդի զօրամիաւորումների վերջնական ջախջախման եւ գործնական առումով առաւել կարեւոր դիրքերին տիրելու համար: Հենց դրանք հետագայում հանդիսանալու են գլխաւոր պատնէշ‘ Ատրպէյճանի կողմից հերթական արկածախնդրութիւնները կանխելու համար:
Իսկ քաղաքականութեան տեսանկիւնից պէտք է տարուի ամուր, խելամիտ եւ անզիջում աշխատանք‘ Ատրպէյճանի կողմից ռազմական գործողութիւնների վերսկսումը կանխելու ուղղութեամբ: Անհրաժեշտ է հասնել խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը եւ ԼՂՀ-ին բանակցային գործընթացում նորից ընդգրկելուն: Հարկ է ապացուցել, փաստերի հիման վրայ համոզել եւ փաստագրօրէն հաստատել ԼՂՀ գործողութիւնների օրինակունութիւնը եւ Ղարաբաղի զբաղեցրած տարածքների արցախապատկանելիութիւնը, ինչպէս նաեւ հասնել Ատրպէյճանի վարած արկածախնդիր քաղաքականութեան յարձակապաշտ բնոյթի դիմակազերծմանը: Հարկ է ՄԱԿ-ի միջազգային դատարանում քրէական գործ յարուցել Ատրպէյճանի պետական, ռազմական եւ այլ գործիչների դէմ‘ Սումկայիթում, Պաքւում, Կիրովապատ-Գանձակում եւ Շահումեանի շրջանում հայերի ցեղասպանութեան իրականացման եւ անկախ Արցախի ժողովրդի դէմ ռազմական գործողութիւններ սանձազերծելու մեղսակցութեան կապակցութեամբ:
Հարցազրոյցը վարեց՝
Նորայր Բաղդասարեան
«Հորիզոն»


