Share
Յունիս 03, 2010 Տպագրում

«Աշխարհը Պարտադրուած Կը Լինի Հաշուի Նստել Կատարուած Փաստի Հետ»

«Աշխարհը Պարտադրուած Կը Լինի Հաշուի Նստել Կատարուած Փաստի Հետ»

Հարցազրոյց` Ազգային Ժոցովի Արտաքին Յարաբերութիւններու Յանձնաժողովի Նախագահ Արմէն Ռուստամեանի Հետ

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Ռուստամեան, ինչպէ՞ս է գնահատում ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների ընթացքն ու արդիւնքները Դաշնակցութիւնը, որը երկու հայկական պետութիւնների օրէնսդիր մարմիններում ներկայութիւն ունեցող միակ կուսակցութիւնն է:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Արցախում տեղի ունեցած մի քանի ընտրութիւնների ու հանրաքուէների եմ մասնակցել եւ կարող եմ հաւաստիացնել, որ ամէն յաջորդ ընտրութիւն աւելի լաւ է կազմակերպւում ու անցկացւում: Դրական առաջընթացն ակնյայտ է: ԼՂՀ-ում շատ աւելի արդիւնաւէտ ընտրական համակարգ է գործում, եւ ընտրութիւններն էլ շատ աւելի ժողովրդավարական են, քան՝ տարածաշրջանի որեւէ երկրում: Դիտորդական այցերի ժամանակ մի քանի տեղերում ակնարկներ եղան, թէ ընտրակաշառք է բաժանուել, բայց չեմ կարծում, թէ նման դէպքերը զանգուածային են եղել կամ ազդել են ընտրութիւնների արդիւնքների վրայ: Առաջին անգամ ընտրացուցակները ոստիկանութիւնն էր կազմել, բայց կային դեռ բազմաթիւ դէպքեր, որ ընտրողները չէին գտնում իրենց անունները, ինչը որոշակի դժգոհութիւն էր առաջացնում: Համամասնական ընտրակարգի պարագայում, գրեթէ ամէն ինչ կարգին էր: Մեծամասնական ընտրակարգով մրցակցութիւնը որոշ առանձնայատկութիւններ ունէր, եւ պայքարն էլ այլ բնոյթ էր ստացել: Տեղական կապերն ու հնարաւորութիւններն այս դէպքում աւելի ազդեցիկ են: Նախորդ ընտրութիւնների ժամանակ եթէ ԼՂՀ Ազգային ժողովի 33 տեղերից միայն 9-ն էին համամասնական, ապա հիմա գործում է 50/50 տարբերակը՝ եւ արդէն 17 տեղ համամասնական ընտրակարգով է որոշւում, 16-ը՝ մեծամասնական: Կարծում եմ՝ յաջորդ ընտրութիւններին կը գործի հարիւր առ հարիւր համամասնական սկզբունքը, եւ եղած ընտրական խնդիրներն էլ կը վերանան, քանի որ նշածս կաշառքի դէպքերը կամ ընտրութիւնների արդիւնքների վրայ ոչ քաղաքական ազդեցութիւնները հէնց մեծամասնականի ժամանակ են լինում: Ընդհանուր առմամբ, ընտրութիւնները կարելի է յաջողուած գնահատել: Սա Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կայացման ամենապերճախօս ապացոյցն է: Յայտնի է, որ պետութեան ժողովրդավարութեան մակարդակը նախեւառաջ որոշւում է բնականոն ընտրութիւններ անցկացնելու կարողութեամբ: Հարիւրաւոր միջազգային դիտորդներ էին հետեւում այս ընտրութիւններին՝ բազմաթիւ երկրներից, ինչը հաստատում է, որ Արցախով հետաքրքրուող ու շահագրգիռ բոլոր կողմերը աստիճանաբար շատ աւելի մօտիկից են ցանկանում ծանօթանալ ԼՂՀ-ին ու պետութեան մէջ տեղի ունեցող գործընթացներին: Ի վերջոյ, ԼՂՀ-ն նաեւ հետաքրքիր օրինակ է աշխարհի համար, որպէս պետութիւն, որ մօտ քսան տարի հետեւողականօրէն զարգանում է ժողովրդավարութեան ուղիով՝ լինելով չճանաչուած: Հնարաւոր չէ չնկատել, որ ԼՂՀ պետկառավարման մարմինները հետզհետէ առաւել ինքնուրոյն ու արդիւնաւէտ են գործում: Ամենակարեւորը Արցախի ժողովրդի հոգեբանութիւնն է, քանի որ ամէն մի արցախցի սեփական ընտրութեամբ է պայմանաւորում իր անկախութիւնն ու անվտանգութիւնը: Արցախցին ցանկանում է ամուր, կայուն պետութիւն ունենալ, քանի որ դա է հարեւանի հնարաւոր յարձակումից պաշտպանուելու միակ երաշխիքը: Արցախի ամէն գիւղից պարզ երեւում է թշնամու հետ սահմանը, վտանգն անմիջապէս իր տան շեմին է, ինչը համապատասխան հոգեբանութիւն եւ մտածողութիւն է ձեւաւորում: Քաղաքական բնոյթի հարցերը արցախցու համար երկրորդական են: Սա է թերեւս, պատճառը, որ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար Արցախի բազմաթիւ կուսակցութիւններից առաջադրուել են միայն չորսը: Բոլորին էլ պարզ էր, որ արցախցին քուէ կը տայ միայն այն քաղաքական ուժին, որի ծրագրերն ու նպատակները համընկնում են իր ցանկութիւններին:

ԼՂՀ խորհրդարանական ընտրութիւններին ԵԱՀԿ Մինսքի խմբի արձագանգը մտահոգութիւնների տեղիք տալի՞ս է:


Քանի դեռ Մինսքի խմբի շրջանակում տեղի ունեցող բանակցութիւնները եզրագծին չեն հասել, բնական է, որ եռանախագահները պէտք է զգուշաւոր յայտարարութիւններ անեն: Այս կեցուածքն ընդհանրապէս նկատելի է թէ՛ համանախագահների, թէ՛ եռանախագահ երկրների յայտարարութիւններում: Նրանք փորձում են կրկնել այն, ինչ մինչ այժմ ասել են եւ խուսափում են իրենց դիրքորոշումները կտրուկ վերանայելուց: Մինսքի խմբի եռանախագահների ԼՂՀ խորհրդարանական ընտրութիւններին արձագանգող յայտարարութեան մէջ կարեւորը նախորդների կրկնութիւնը չէ, այլ այն, ինչն առաջին անգամ է ասւում: Պատրաստի բանաձեւեր կան, որ այս անգամ էլ ուղղակի կրկնուել են: Շատ կարեւոր է, որ համանախագահներն առաջին անգամ հաստատում են, որ ընբռնել են ԼՂՀ ժողովրդի հասարակական կեանքը ժողովրդավարական ընթացակարգերով կազմակերպելու իշխանութիւնների առջեւ ծառացած անհրաժեշտութիւնը: Այս կերպ յստակ ասւում է, որ թէեւ տէ ժիւրէ ճանաչուած չէ, բայց տէ ֆաքթօ կայ ԼՂՀ-ում գործող իշխանութիւն, որին ընտրել է ժողովուրդը: Այս հաստատումը կարեւոր է, քանի որ միջազգային ատեաններում Ազրպէյճանը ջանք չի խնայում համոզելու, որ ԼՂՀ-ում իշխանութիւններ չկան եւ կառավարում է Հայաստանը: Այս յայտարարութեան մէջ շեշտւում է, որ ԼՂՀ-ում կայ տեղում ընտրութիւնների միջոցով ձեւաւորուած իշխանութիւն: Միաժամանակ ընդգծուած է, որ իշխանութիւն ունենալը ժողովրդի հիմնարար իրաւունքն է, եւ այս կերպ ժողովուրդը կարող է կազմակերպել իր հասարակական կեանքը:

Ինչո՞ւ առանձնակի յայտարարութիւն հրապարակեց նաեւ Մինսքի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանը:

Չեմ բացառում, որ նման յայտարարութիւններ կարող են անել նաեւ Միացեալ Նահանգները եւ Ֆրանսան: Բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթէ միջնորդ երկրները որոշեն առանձնակի ներկայացնել իրենց վերաբերմունքը ԼՂՀ խորհրդարանական ընտրութիւնների մասին: Սա կը լինի նաեւ տեղի ունեցած իրադարձութեանը անդրադառնալու նշան, ինչը եւս կարեւոր է: Աւելի մտահոգիչ կը լինէր, եթէ անտեսուէր ու անդրադառնալու անհրաժեշտութիւն չլինէր: Հետեւաբար ճիշդ է պնդումը, որ շարունակաբար ու հետեւողականօրէն ժողովրդավարական ընտրութիւններ անցկացնելու դէպքում աշխարհը պարտադրուած է հաշուի նստել կատարուած փաստի հետ:

ԳԷՈՐԳ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

«« վերադարձ ««
Powered by Webnaz Pagemaker