Add to Google
Օգոստոս 2010
Share
Փետրուար 20, 2010 Տպագրում

«ԴԷ ՖԱԿՏՕ» ԱՄՍԱԳՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՀԵՏ

«ԴԷ ՖԱԿՏՕ» ԱՄՍԱԳՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՀԵՏ

«Ղարաբաղեան Հիմնախնդրի Կարգաւորման Գործընթացին Արցախեան Կողմի Չմասնակցելու Համար Որեւէ Հիմք Չկայ» Կþըսէ Բակօ Սահակեան

ՍՈՒՍԱՆՆԱ  ԹԱՄԱԶԵԱՆ.- Պարո՛ն Սահակեան, 2009թ. ճգնաժամային տարի էր, որի ստեղծած դժուարութիւնները յաղթահարելու համար պէտք էր մշակել ֆինանսատնտեսական քաղաքականութիւն վարելու առաւել շահաւէտ տարբերակ: Արցախն ինչպէ՞ս յաղթահարեց ճգնաժամը եւ ի՞նչ ձեռքբերումներ ունեցաւ 2009թ. ընթացքում:

 ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մենք ի վիճակի եղանք մասամբ չէզոքացնել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը պետութեան կողմից իրականացուած տնտեսական քաղաքականութեան եւ մեր ժողովրդի դրսեւորած խոհեմ վարքագծի շնորհիւ, որը չմատնուեց վիճակն անիմաստ բարդացնող խուճապի: Իսկ ԼՂՀ ֆինանսատնտեսական քաղաքականութեան հիմքում ընկած են շուկայական տնտեսութեան, սոցիալական պետութեան եւ տնտեսվարող սուբյեկտ-պետութիւն ազնիւ ու թափանցիկ յարաբերութիւնների գաղափարները: Վերոյիշեալ սկզբունքներին անվերապահօրէն հետեւելը ձեւաւորում է դիմացկուն տնտեսական, իմունային համակարգէ, ինչն էլ հնարաւորութիւն է տալիս դիմակայել անբարենպաստ զարգացումներին:

 ԼՂՀում ստեղծուա՞ծ են հաւասար պայմաններ գործարարութեան զարգացման համար:
Արցախում ստեղծուած են անհրաժեշտ պայմաններ գործարարութիւնը զարգացնելու ու ներդրումներ կատարելու համար, եւ այդ գործընթացը կը կրի շարունակական բնոյթ: Յատուկ ուշադրութիւն ենք դարձնում հարկային դաշտի բարեփոխումներին՝ նպատակ ունենալով գրաւիչ պայմաններ ապահովել ներդրողների համար:

Ներդրումային նախաձեռնութիւններ արւու՞մ են, եթէ այո, ապա  ի՞նչ  չափով:
 Ինչպէս արդէն նշեցի, Արցախում ստեղծուած են բաւականին գրաւիչ ներդրումային պայմաններ, ինչն իր ազդեցութիւնն է թողնում ներդրումային նախաձեռնութիւնների դինամիկայի վրայ: Եթէ 2007 թուականին իրականացուած ներդրումների ծաւալը կազմում էր 11,8 միլիարդ դրամ, ապա 2008 թուականին այն գերազանցել է 21 միլիարդը: Ընդ որում օտարերկրեայ ներդրումների ծաւալը նոյն ժամանակահատուածում աւելացել է աւելի քան 4 անգամ:
 Ակնկալում ենք ներդրումների ծաւալների աճ նաեւ 2009 թուականին, որի արդիւնքները դեռ ամփոփւում են:

Պարո՛ն Սահակեան, ըստ Ձեզ, Արցախի ժողովուրդը գո՞հ է իր կենսակերպից:
 Խօսելով կենսակերպի մասին՝ անհրաժեշտ է տարանջատել կենսակարգը եւ կենսապայմանները: Ինչ վերաբերում է կենսակարգին, ապա կարծում եմ, որ արցախցին հաւատարիմ է իր աւանդոյթներին, ընտանեկան արժէքներին եւ հայրենիքին: Այստեղ որեւէ արմատական փոփոխութեան կարիք ես չեմ տեսնում:
 Իսկ կենսապայմանները բաւականին դինամիկ կատեգորիա  են, որոնք անընդհատ պէտք է բարելաւել: Այս բնագաւառում մենք դեռ շատ անելիքներ ունենք: Դեռեւս ունենք սոցիալապէս խոցելի խաւեր՝ զոհուած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամներ, վետերաններ եւ այլն: Նրանց սոցիալական վիճակի բարելաւումը մեր պետութեան զարգացման ռազմավարութեան հանգուցային կէտերից մէկն է, եւ այստեղ արդէն նկատելի են շօշափելի տեղաշարժեր: Սակայն մենք չենք բաւարարւում ձեռք բերածով եւ աշխատում ենք շարունակաբար բարձրացնել մեր քաղաքացիների կեանքի մակարդակը:          

Երեւանում շատ է խօսւում այն մասին, որ Ձեզ յաջողուել է ԼՂՀում վերացնել կոռուպցիան  եւ  կաշառակերութիւնը: Ինչպէ՞ս դա Ձեզ յաջողուեց:
 Կոռուպցիայի դէմ պայքարը բնորոշ է գրեթէ բոլոր պետութիւններին: Սակայն Արցախի համար, որը շարունակում է ապրել ադրբեջանա-ղարաբաղեան դեռեւս չկարգաւորուած հակամարտութեան իրողութիւններում, այն առանձնակի հնչեղութիւն է ստանում: Արդարադատութեան, սեփական ուժերի ու ապագայի հանդէպ մարդկանց վստահութիւնը խաթարող այս երեւոյթը մեր պարագայում լուրջ սպառնալիք է հասարակական համերաշխութեան եւ պետութեան անվտանգութեան համար:

 Իրականացուող հակակոռուպցիոն քաղաքականութեան արդիւնքում զգալիօրէն բարելաւուել է իրավիճակը հանրապետութեան իրաւապահ եւ դատական համակարգերում, էական փոփոխութիւններ են տեղի ունեցել սոցիալական, կրթութեան եւ առողջապահութեան ոլորտներում: Մեր երկրում կոռուպցիան կրում էր եւ կրում է առանձին, այլ ոչ թէ համակարգային բնոյթ:
 Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի դէմ պայքարն անընդհատ շարունակուող գործընթաց է, եւ յաջողութեան գրաւականն այստեղ գտնւում է համակարգուած մօտեցման մէջ՝ օրէնսդրական համապատասխան բազայի (հիմքերու-Խմբ.) մշակում, կադրային (պաշտօնեաներ գործի հրաւիրելու-Խմբ.)  ճիշտ քաղաքականութիւն, կրթադաստիարակչական համապատասխան աշխատանք եւ ղեկավարի անձնական օրինակը:

2010թ. ԼՂՀ բիւջետային քաղաքականութիւնն ի՞նչ սկզբունքներ եւ նպատակներ է որդեգրելու:
2010 թուականի պետական բիւջէն պէտք է ապահովի հետեւեալ երկու հիմնական նպատակների օպտիմալ (լաւագոյն ձեւով-Խմբ.) իրականացումը:
 Առաջին՝ անհրաժեշտ է պետական միջոցները ծախսել արդիւնաւէտ եւ խնայողաբար, որն առանձնայատուկ կարեւորութիւն է ներկայացնում մի կողմից՝ պետութեան սահմանափակ եկամուտների, միւս կողմից՝ նախատեսուած ծրագրերի ամբողջական ու ժամանակին կատարման անհրաժեշտութեան պայմանների առկայութեան դէպքում:
 Երկրորդ՝ պետութեան ծախսերի կրճատումը չպիտի դառնայ երկրում տնտեսական յարաբերութիւնները եւ աճը զսպող գործօն: Ընդհակառակը, պետական բիւջէի ծախսերը, որոնք հանդիսանում են նաեւ բնակչութեան եկամուտներ, պետական ներդրումներ, պիտի ընդլայնեն համախառն պահանջարկը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճը հանրապետութիւնում:

2009թ. ոչ միայն ճգնաժամային էր, այլ նաեւ հարուստ էր քաղաքական իրադարձութիւններով: Վստահ ենք, որ հետեւում էք հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին: Ինչպէ՞ս կը գնահատէք այն:
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բարելաւմանն ուղղուած ջանքերը համարում եմ կարեւոր: Հարեւան երկրները պէտք է ունենան նորմալ յարաբերութիւններ: Սակայն մեր պարագայում յարաբերութիւնների բարելաւումը չպէտք է զուգակցուի նախապայմաններով, մասնաւորապէս Մեծ Եղեռնի եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման փոխկապակցման համատեքստում: Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն այս խնդիրների շուրջ բաւականին յստակ արտայայտուել են, եւ աւելորդ մենկաբանութիւնների կարիք չեմ տեսնում:

Ի՞նչ էք կարծում, Թուրքիան բաց խաղաքարտերո՞վ է խաղում եւ արդեօ՞ք նպատակ չի փայփայում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը կապել ղարաբաղեան խնդրի կարգաւորման հետ:
Նման հնարաւորութիւնը չի կարելի բացառել: Սակայն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան միակողմանի զիջումների տարբերակով լուծումը՝ որպէս հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման նախապայման, անհեռանկարային է եւ ամենեւին էլ չի նպաստելու հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը:

Կա՞ն քաղաքական հիմքեր, որ ԼՂՀն կը մասնակցի հայ-ադրբեջանական բանակցութիւնների գործընթացին:
Ես կþասէի հակառակը՝ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացին արցախեան կողմի չմասնակցելու համար որեւէ հիմք չկայ: Այդ հակամարտութեան հիմնական կողմերը Ադրբեջանը եւ Արցախն են: ԼՂՀն պէտք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ կարգաւորման փիլիսոփայութեան շուրջ կարծիքների փոխանակումից սկսած մինչեւ կոնկրէտ (յստակ-Խմբ.) քայլերի եւ պայմանաւորուածութիւնների մշակումն ու իրագործումը: Առանց Արցախի՝ որպէս բանակցային գործընթացի լիարժէք կողմի մասնակցութեան, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորել չի լինի: Դա խոստովանում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հաւանական համարու՞մ էք Ադրբեջանի՝ պատերազմական գործողութիւններ վերսկսելը:
Պէտք է միշտ պատրաստ լինել ամենատարբեր զարգացումների, այդ թւում նաեւ վատթարագոյնին՝ պատերազմին: Սակայն մօտ ապագայում ես անհաւանական եմ համարում Ադրբեջանի կողմից ռազմական գործողութիւնների վերսկսումը: Տարածաշրջանում ձեւաւորուել է բաւականին կայուն ռազմաքաղաքական հաշուեկշիռ, եւ այն փոխելը այդքան էլ հեշտ չէ: Ընդհանուր առմամբ, ինչքան հզօր լինեն մեր զինուած ուժերը, այնքան կայուն կը լինի իրավիճակը տարածաշրջանում: ԼՂՀ պաշտպանութեան բանակն ի վիճակի է ոչ միայն կասեցնել Արցախի պետականութեանը եւ ժողովրդի անվտանգութեանը սպառնացող ցանկացած փորձ, այլ նաեւ հարկ եղած դէպքում ռազմական գործողութիւնները տեղափոխել թշնամու տարածքի խորքերը՝ խաղաղութիւն պարտադրելով նրան:

Ո՞րն է, ըստ Ձեզ, ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծման ամենաիրատեսական տարբերակը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ապագայի հանդէպ մեր մօտեցումը մնացել է անփոփոխ. Արցախի անկախութիւնն ու անվտանգութիւնն այն բացառիկ արժէքներն են, որոնք ենթակայ չեն որեւէ սակարկութեան:

Ինչպէ՞ս պէտք է  հասնել ԼՂՀ անկախութեան միջազգային ճանաչման գործընթացին:
 Ճանապարհը մէկն է՝ յամառ ու հետեւողական աշխատանք: Այդ աշխատանքը չի սահմանափակւում միայն դիւանագիտական խողովակներով: Պետական շինարարութիւն, ժողովրդավարական համակարգի ամրապնդում, տնտեսութեան հզօրացում, բանակաշինութիւն, Արցախը ճանաչելի դարձնել աշխարհին կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ այլ բնագաւառներում, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շարունակական ամրապնդում եւ այլն: Համոզուած եմ, որ Արցախի անկախութեան միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է:

Պարո՛ն Սահակեան, Ձեզ համար անձնական ի՞նչ նշանակութիւն ունի ԼՂՀ նախագահ լինելը եւ ի՞նչ է պարտաւորեցնում:
Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնիշխանութեան, անկախութեան, տարածքային ամբողջականութեան եւ անվտանգութեան երաշխաւորն է: Բնական է, որ այս առաքելութիւնը շատ պատասխանատու է եւ միաժամանակ պատուաւոր:
 Նախագահի պարտականութիւններն արդիւնաւէտ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է խստօրէն հետեւել օրէնքի տառին ու ոգուն, չկորցնել իրականութեան զգացողութիւնը եւ հնարաւորինս զերծ մնալ սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) մօտեցումներից ու գնահատականներից:

Ազատ ժամանակ ունենու՞մ էք: Ինչպէ՞ս էք նախընտրում հանգստանալ:
 Աշխատանքի բերումով ազատ ժամանակ քիչ եմ ունենում: Բայց երբ այդպիսի հնարաւորութիւն է ընձեռւում, աշխատում եմ անցկացնել այն ընտանիքիս հետ: Երբեմն նաեւ հանդիպում եմ հին ընկերներիս հետ:

Ընտանիքի դերը Ձեր կեանքում ինչպիսի՞ն է:
Հայի համար ընտանիքը սրբութիւն է: Ընտանիքն է հասարակութեան եւ պետութեան հիմքը: Ինչքան ամուր է ընտանիքը, այնքան մարդ իրեն երջանիկ եւ ապահով է զգում՝ անկախ իր զբաղեցրած պաշտօնից:

Կա՞ն ճշմարտութիւններ, որոնց անվերապահօրէն հաւատում էք: Որո՞նք են դրանք:
Այո՛, օրինակ, հաւատում եմ Աստծուն, հաւատում եմ մեր երկրի եւ ժողովրդի յուսալի ապագային:

 

«« վերադարձ ««
Powered by Webnaz Pagemaker