Share
Ապրիլ 15, 2010 Տպագրում

ԱԹԷՆՔԻ «ՕՄՈՆԻԱ» ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԴԵՍՊԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉԵԱՆԻ ՀԵՏ

ԱԹԷՆՔԻ «ՕՄՈՆԻԱ» ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԴԵՍՊԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉԵԱՆԻ ՀԵՏ

Աթէնքի «Օմոնիա» ռուսալեզու շաբաթաթերթի, Մարտ ամսու իր վերջին՝ թիւ 12 (274), 24 ¬ 31 Մարտ 2010 համարով, հարցազրոյց մը հրատարակած է Յունաստանի մօտ Հայաստանի դեսպան պրն. Գագիկ Ղալաչեանի հետ։ Հարցազրոյցը կ'ադրադառնայ ոչ միայն Յունաստանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութեանց, այլեւ՝ հայ իրականութիւնը յուզող այժմէական հարցերու։ Թարգմանաբար մեր ընթերցողներու ուշադրութեան կը յանձնենք հարցազրոյցը։


«ՕՄՈՆԻԱ» - Պարոն դեսպան, շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք զրոյցի համար: Մեր թերթին եւ Յունաստանի մօտ Հայաստանի դեսպանութեան միջեւ ձեւաւորուած են աւանդական լաւ ու բարեկամական յարաբերութիւններ, ի դէպ, ինչպէս նաեւ մեր երկու երկիրներուն միջեւ: Կ'ուզէինք ներկայացնել Ձեզ մեր ընթերցողներուն:
ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉԵԱՆ - Կրթութեամբ ես արեւելագէտ եմ եւ պատմաբան, սովորել եմ Լենինգրադի համալսարանում, ապա՝ Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետում: Յետոյ եղել է նաեւ դիւանագիտական ակադեմիան: Դրանք իմ երկրի անկախութեան առաջին տարիներն էին, երբ դրւում էին նաեւ հայ դիւանագիտութեան հիմքերը:
Արտգործնախարարութիւնում տարբեր պաշտօններ եմ վարել, աշխատել տարբեր վարչութիւններում եւ ուղղութիւններում. Մերձաւոր Արեւելք, Եւրոպա, Ասիա, Ափրիկէ…
Յունաստանում աշխատել եմ 1996-99թթ., որպէս դեսպանութեան երկրորդ քարտուղար, յետոյ գլխաւորել եմ Ա.Գ.Ն. քարտուղարութիւնը, Մոսկուայում Հայաստանի դեսպանութիւնում աշխատել որպէս խորհրդական, Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի կազմակերպութիւնում լիազօր ներկայացուցիչ: Եւ ահա 2010թ. Հոկտեմբերի 15ին իմ հաւատարմագրերն եմ յանձնել Յունաստանի նախագահին՝ որպէս Հայաստանի դեսպանը ձեր հրաշալի երկրում, որն արդէն վաղուց գիտեմ:

Այսինքն, մեր մօտ էք՝ Ձեզի համար սովորակա՞ն միջավայրի մէջ:
Կարելի է ասել, որ գտնւում եմ ինձ ծանօթ երկրում, որը նաեւ սիրում եմ: Պէտք է ասեմ, որ այստեղ շատ բան է փոխուել, Աթէնքը շատ է գեղեցկացել: Յունաստանում աշխատելը հաճելի է, այստեղ մթնոլորտը չափազանց բարեկամական է, մարդիկ ջերմ են ու հիւրասէր, ինչը, համաձայնէք, շատ կարեւոր է արդիւնաւէտ համագործակցութեան համար:

Եւ որ, ինչպէս գիտեմ, գոյութիւն ունի…
Հայաստանի եւ Յունաստանի միջեւ յարաբերութիւնները, ինչպէս քիչ առաջ իրաւամբ նշեցիք, աւանդաբար շատ բարձր մակարդակի վրայ են: Մենք չունենք տարաձայնութիւններ եւ քաղաքական բնագաւառում շատ լաւ համագործակցում ենք թէ՛ երկկողմ, թէ՛ բազմակողմ ձեւաչափերում: Գերազանց է զարգանում եւ միւս ոլորտների համար կարող է ընդօրինակելի լինել փոխ¬գործակցութիւնը մեր երկրների ռազմական գերատեսչութիւնների միջեւ: Յունական ռազմական ակադեմիաներում անցած տարիներին ուսանել են հարիւրաւոր հայ սպաներ: Մեր երկրների ղեկավարների միջեւ առկայ է լիակատար փոխըմբռնում: Վերջերս Ե.Ա.Հ.Կ. նախարարական գագաթաժողովի կապակցութեամբ Յունաստան այցելեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը: Գագաթաժողովի շրջանակներում նա Յունաստանի վարչապետ Պապանդրէուի հետ ունեցաւ բարեկամական զրոյց, որի ժամանակ վերահաստատուեց մեր երկրների՝ հնարաւորինս աւելի արդիւնաւէտ համագործակցելու փոխադարձ ցանկութիւնը: Այլ հարց է, որ Յունաստանի հետ մեր յարաբերութիւններում յետ է մնում տնտեսական բաղադրիչը…

Եւ ինչ որ, աւա՜ղ, նոյնպէս աւանդական կը դառնայ: Ի՞նչ կը կարծէք, ի՞նչն է պատճառը:
Կարծում եմ, որ մեր երկրների միջեւ առաւել դինամիկ տնտեսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարը, անմիջականօրէն պայմանաւորուած է նրանով, թէ որչափ ակտիւօրէն կը զարգանան Հայաստանի եւ Եւրոպական Միութեան միջեւ տնտեսական յարաբերութիւններն ընդհանուր առմամբ:

Իսկ ինչպիսի՞ն է, այդ առումով, իրավիճակն այսօր:
Մենք մասնակցում ենք Արեւելեան Գործընկերութեան Ծրագրին, օգտւում ենք Ե.Մ.ի Արտօնութիւնների, այսպէս կոչուած GSP եւ GSP+ (General System of Preferences) ընդհանրացուած համակարգից: Այդ արտօնութիւնները Հայաստանին հնարաւորութիւն են տալիս արտադրանք արտահանելու Եւրոպա՝ մաքսատուրքերի չափազանց ցածր դրոյքներով: Գործնականում պատրաստ է Ե.Մ.ի հետ ազատ առեւտրի համաձայանգիրը, որը մեզ հնարաւորութիւն կը տայ աւելի ակտիւօրէն ու ազատ ներկայ լինելու յունական շուկայում: Յունաստանի հետ ունենք նաեւ ներդրումների պաշտպանութեան մասին համաձայնագիր: Բայց եւ այնպէս, քիչ չեն նաեւ խոչընդոտները, որոնք հայերից ու յոյներից կախուած չեն:

Եւ ի՞նչ խոչընդոտներ են դրանք:
Գիտէ՛ք, գոյութիւն ունի Թուրքիայի հետ փակ սահմանի հարցը, ինչի հետեւանքով հայկական ապրանքները, որպէսզի մուտք գործեն, ասենք, Յունաստան, պէտք է մի ամբողջ շրջան գործեն եւ տեղ հասնեն այլ երկրների տարածքներով, ինչը ենթադրում է թէ՛ տարանցման եւ թէ բեռնափոխադրման հետ կապուած ծախսեր: Կան եւ այլ բարդութիւններ, որոնք բացասաբար են անդրադառնում Յունաստանի հետ մեր տնտեսական յարաբերութիւնների վրայ:

Սակայն, սահմանը, կարծես, արդէն վաղուց էր նախատեսուած բանալ:
Իսկապէս, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացման վերաբերեալ համաձայնութեան արձանագրութիւնները ստորագրուել են դեռեւս 2009 թուականի Հոկտեմբերին: Յաջորդ փուլը երկու երկրների խորհրդարաններում արձանագրութիւնների վաւերացումն էր: Եւ եթէ Թուրքիայում արձանագրութիւններն կարող էին անմիջապէս ուղարկուել խորհրդարան, ապա Հայաստանի օրէնքներով դրանք պէտք է փորձաքննութեան ենթարկուէին Սահմանադրական դատարանում: Այսօր անցել է նաեւ այդ փուլը, եւ Հայաստանի նախագահը արձանագրութիւններն ուղարկել է խորհրդարան: Սա բարդ հարց է ներ¬քաղաքական եւ դիւանագիտական առումներով: Եւ մեր երկրների նախագահներն իրենց հաշիւ էին տալիս, թէ ինչպիսի՛ պատասխանատուութիւն են ստանձնում‘ գնալով այդ փաստաթղթերի ստորագրմանը, եւ հասկանում էին, որ գործընթացը կարճատեւ չի լինելու: Դրանով հանդերձ, կարծում եմ, ոչ ոք այլեւս չի կասկածում, որ ապագան այնուամենայնիւ պէտք է խարսխուի խաղաղութեան ու փոխըմբռնման վրայ, եւ ոչ թէ հակամարտութեանը:

Բայց եւ այնպէս, Հայաստանի եւ Թուրքիոյ ղեկավարներուն այդ քայլին արձագանքները միանշանակ չեն: Կարծիք կայ, որ մերձեցումը կրնայ տեղի ունենալ ի հաշիւ հայ ժողովուրդին պատմական յիշողութեան…
Դա խորապէս սխալ տեսակէտ է: Մէկ հարց է, որ մենք պատրաստ ենք ընբռնումով մօտենալու համագործակցութեան խնդրին յանուն մեր երկրների ապագայի, ինչն այլընտրանք չունի, եւ այլ հարց է, որ մենք նման համագործակցութեան ենք գնում առանց որեւէ նախապայմանի: Պատմական յիշողութիւնը, այն է՝ Օսմանեան Կայսրութեան կողմից հայերի նկատմամբ իրագործուած ցեղասպանութեան փաստը, քննարկման ենթակայ չէ: Ընդ որում, մենք համոզուած ենք, որ ցեղասպանութեան ընդունումը շատ բանով հէնց Թուրքիային կ'օգնի յաղթահարելու պատմական իւրօրինակ բարդոյթը, որի պատճառով նրա աչքին տարածքային յաւակնութիւններ են երեւում նոյնիսկ այն անմեղ երգում, որը Հայաստանը պատրաստւում է ներկայացնելու Եւրատեսիլ-2010ի մրցանակաբաշխութեանը: Կ'ասեմ աւելին. մենք գնացինք սահմանների բացման եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ արձանագրութիւնների ստորագրմանը հէնց այն պատճառով, որ թուրքական կողմը նախապայմաններ չէր առաջադրում, ինչն, ի դէպ, Թուրքիան առաջ էր քաշում Հայաստանի անկախացումից ի վեր: Եւ եթէ ոեւէ մէկը մտածում է, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը յետին պլան կը մղի Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը, նա սխալւում է: Այդ մասին մէկ անգամ չէ յայտարարել մեր նախագահը, եւ դրա վկայութիւններն են վերջերս Ա.Մ.Ն.ի Գոնկրէսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի եւ Շուէդիայի խորհրդարանի կողմից Հայերի Ցեղասպանութեան ճանաչումը: Ի դէպ, Շուէդիան դարձաւ 21րդ պետութիւնը, որը ճանաչեց ու դատապարտեց հայերի ցեղասպանութիւնը: Համոզուած եմ, որ այդ յանցագործութեան միջազգային ճանաչման աշխարհագրութիւնն ապագայում էլ շարունակելու է անշեղօրէն ընդլայնուել:

Ակնյայտ է, որ նշուած ճանաչումներու պարագային քիչ չէ Ամերիկայի եւ Շուէտի հայ համայնքներուն դերը: Իսկ ինչպիսի՞ն են Յունաստանի մէջ Հայաստանի դեսպանութեան յարաբերութիւնները յունահայ համայնքին հետ:
Յունաստանում գոյութիւն ունի աւանդաբար ծանրակշիռ հայ համայնք, պատմականօրէն ձեւաւորուած բոլոր կառոյցներով՝ քաղաքական կուսակցութիւններով, մշակութային-կրթական եւ բարեգործական միութիւններով, դպրոցներով, եկեղեցիներով, թերթերով, այն ամբողջ լիարժէք ու յագեցած առօրեայով, որ հայերին բնորոշ է, որտեղ էլ որ նրանք գտնուեն: Աշխատանքը համայնքի հետ դեսպանութեան գործունէութեան կարեւոր բաղկացուցիչն է: Մենք մեր համայնքները միշտ էլ դիտել ենք որպէս տարբեր երկրների հետ Հայաստանը կապող կամուրջ:

Որքան գիտեմ, Հայկական Սփիւռքը էական օժանդակութիւն կը ցուցաբերէ Հայաստանին:
Անկասկա՛ծ: Մենք դա տեսնում ենք նաեւ գործարար ծրագրերի, ներդրումների, մարդասիրական օգնութեան ձեւով: Սակայն ամէնից շատ մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը դառնայ լաւ զարգացած տնտեսութեամբ ծաղկող երկիր, եւ պայմաններ ստեղծուեն, որ հնարաւորին չափ մեծ թուով մեր հայրենակիցներ վերադառնան իրենց պատմական հայրենիք:

Գիտնալով, որ հայերը միշտ ամէն բան կրնան, չեմ կասկածիր, որ այդպէս ալ պիտի ըլլայ: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի մէջ:
Իրավիճակը նորմալ է: Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է շէնացնել պատերազմից վիրաւոր իր հողը, ամրապնդում է իր պետական ու ժողովրդավարական հաստատութիւնները, զարգացնում է իր տնտեսութիւնն ու մշակոյթը: Ես հաւատում եմ, որ ապագայում էլ Լեռնային Ղարաբաղը հնարաւորութիւն կ'ունենայ ինքնուրոյն տնօրինելու իր ճակատագիրը:
Հայաստանը շարունակում է մնալ ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման կողմնակիցը: Մեր համոզմամբ, հակամարտութեան կարգաւորումը պէտք է խարսխուի մարդու իրաւունքներին եւ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտութեանը վրայ, որը կ'արտացոլի նրա հաւաքական բաղձանքները: Միայն այդ դէպքում լուծումը կը լինի երկարատեւ, իրականանալի եւ խաղաղ։



«« վերադարձ ««
Powered by Webnaz Pagemaker