Share
Մայիս 12, 2010 Տպագրում

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՕՄ-Ի ԱՐՑԱԽԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ ԲԵԼԼԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՕՄ-Ի ԱՐՑԱԽԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ ԲԵԼԼԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ ՀԵՏ

«ԱՊԱՌԱԺ».- Ինչպիսի՞նն է Հօմ-ի գործունէութիւնն Արցախում եւ ի՞նչ ծրագրեր են իրագործւում այդ շրջանակներում:

ԲԵԼԼԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Արցախում ՀՕՄն իր մասնաճիւղը բացել է 16 տարի առաջ, եւ իր բացման օրից ի վեր այն ձգտել է հնարաւորինս օգտակար լինել արցախահայութեանը, նպաստել նրա կրթական, առողջապահական եւ նման այլ խնդիրների բարելաւմանը: Այսօր Արցախի մեր մասնաճիւղն ունի 122 անդամներ կամ ՀՕՄուհիներ, իսկ վերջերս 20 նոր ընկերուհիներ եւս համալրեցին միութեան շարքերը: 1988ին ԼՂՀ ԿԳ նախարարութիւնը միութեանը տրամադրեց կիսաքանդ մի շէնք, որը վերանորոգուեց Սփիւռքի մեր հայրենակիցների ջանքերով եւ իր դռները բացեց 3-6 տարեկան 87 մանուկների համար, որոնք հիմնականում զոհուած ազատամարտիկների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներ էին: Արցախեան պատերազմից յետոյ դա առաջին մանկապարտէզն էր՝ ,Սօսէե մանկապարտէզը: Այնուհետեւ այդ ծրագիրն ընդլայնուեց եւ տարբեր համայնքապետերի խնդրանքով՝ եւս 11 մանկապարտէզներ բացուեցին Արցախի գիւղերում, որտեղ իրենց ուրախ մանկութիւնն են անցկացնում շուրջ 500 մանուկներ: Ինչպէս էլ լինի, ՀՕՄի առաքելութիւնն Արցախում միշտ կը մնայ նոյնը՝ հնարաւորինս աջակցել արցախահայութեանն ու Արցախի մանուկների բարւոք ապագայի ապահովմանը: Այդ շրջանակներում ՀՕՄը, 1992թ.ից սկսած, իրագործում է որբերի խնամակալութեան յատուկ ծրագիր՝ նիւթական միջոցներ տրամադրելով Արցախեան պատերազմի պատճառով որբացած մանուկներին՝ մինչեւ նրանց 18 տարին բոլորելը:

Ինչպէս յայտնի է, այս տարի լրանում է ՀՕՄի գործունէութեան 100ամեակը: Այդ կապակցութեամբ ի՞նչ միջոցառումներ են նախատեսւում Արցախում:
Այդ կապակցութեամբ շնորհաւորելով բոլոր ՀՕՄուհիներին եւ ընդհանրապէս համայն հայութեանը՝ նշեմ, որ աշխարհի 26 երկրներում արդէն մեկնարկել են տօնական տարբեր միջոցառումներ եւ կազմակերպւում է ՀՕՄի 100ամեակին նուիրուած մեծ դրամահաւաք, որը, կարծում եմ, միաժամանակ նաեւ երախտագիտութեան արտայայտութիւն պիտի լինի միութեան մէկդարեայ գործունէութեանը: Օգտուելով առիթից՝ կ՛ուզէի կոչ յղել մեր հայրենակիցներին, որ իրենք էլ իրենց ներդրումն ունենան այս համահայկական բարեգործական միջոցառման իրագործման գործում:
Այսօր Արցախի մեր մասնաճիւղը նոյնպէս պատրաստւում է յոբելեանական տարին ըստ արժանւոյն տօնելուն: Այդ նպատակով՝ կազմակերպուել են տարբեր յանձնախմբեր, կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մէջ են: Հանդիպում ենք ունեցել ԼՂՀ վարչապետի հետ, ներկայացրել մեր ծրագրերն ու ստացել աջակցութեան դրական պատասխան: Այսինքն՝ պատրաստւում ենք պետական մակարդակով կազմակերպել մեծ միջոցառում, որը տեղի կ՛ունենայ Հոկտեմբերին եւ կը լինի ՀՕՄի տարեդարձային տօնակատարութիւնների արշաւի արցախեան հանգրուանը:

Ըստ Ձեզ, որքանո՞վ են այսօր Արցախի կանայք ընդգրկուած երկրի հասարակական-քաղաքական կեանքում եւ ինչքանո՞վ կը կարեւորէիք նրանց դերն այս ասպարէզում:
Բոլոր ժամանակներում հայ կինը փայլել է իր խելացի ու խորհրդանշական կեցուածքով, եղել է հայ տղամարդուն սատարողն ու խորհրդատուն, շատ յաճախ էլ խիզախութեան իր օրինակով զանազան մարտերում ոգեւորել է նրան, նոր ուժ հաղորդել զինուորի բազկին, պայքարել նրա կողքին. վկան՝ Սօսէ մայրիկի վառ կերպարը, վկան‘ Արցախեան հերոսամարտի քաջ ու անկոտրում կանայք…
Այսօր խիստ կարեւորում եմ հայ կնոջ մասնակցութիւնը երկրի հասարական-քաղաքական դաշտում եւ կ’ուզէի, որ յատկապէս Արցախի կանայք աւելի ակտիւօրէն մասնակցէին այդ ոլորտին եւ այդ իսկ պատճառով‘ այժմ ՀՕՄի կենտրոնական վարչութիւնը նաեւ ծրագիր ունի՝ ուղղուած հայ կնոջ դերի եւ մասնակցութեան ակտիւացմանը ԼՂՀ վերոնշեալ ոլորտներում: Արցախցի կինը կարող է անել աւելին, քանզի նա իր խելքի, անսպառ եռանդի ու աշխատասիրութեան շնորհիւ դեռ շատ բարձունքներ ունի նուաճելու:

Որպէս գեղեցիկ վերջաբան՝ Ձեր բարեմաղթանքները՝ Կանանց, մայրութեան եւ գեղեցկութեան տօների կապակցութեամբ:
Սիրով շնորհաւորելով բոլոր կանանց՝ նշեմ, որ 2010թ.ը Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից հռչակուել է Հայ կնոջ տարի, ուստի, սիրելի կանայք, շարունակէք պատուով իրագործել Ձեր պատասխանատու ու կարեւոր առաքելութիւնն այս կեանքում, միշտ եղէք գեղեցիկի, վեհի ու կատարեալի խորհրդանիշ‘ հաւատարիմ մնալով հայ կնոջ նուիրական կերպարին:

«Ապառաժ»ի խմբագրութեան կողմէ հարցազրոյցը վարեց ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«« վերադարձ ««
Powered by Webnaz Pagemaker