Add to Google
Օգոստոս 2010
Share
Յունուար 23, 2010 Տպագրում

Հ1-Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ

Հ1-Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ

Յունուարի 15-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան «Զրոյց Ստեփան Զաքարեանի հետ» հաղորդման հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Ստորեւ սոյն երկխօսութեան գրաւոր արձանագրութիւնը՝ ամբողջութեամբ:

ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐԵԱՆ.- 2010թ. Յունուարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննութեան առաւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւններով Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների՝ ՀՀ սահմանադրութեանը համապատասխանութեան հարցը: Ինչպէ՞ս էք վերաբերւում Սահմանադրական դատարանի վճռին:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Անցած տարուայ Ապրիլից սկսուած հայկական կեանքին ամենաշատը յուզել է հէնց այս հարցը, մենք էլ ոչ աննշան այն ուժերից ենք եղել, որ յատուկ տեսակէտ ենք ունեցել, սակայն «զարմանալիօրէն» անցած տարուայ Ապրիլից մինչեւ այսօր, բացառութեամբ մէկ պարագայի, մենք հնարաւորութիւն չենք ունեցել ՀՀ հեռուստաալիքներով, որոնք դիտւում են ՀՀ ամբողջ տարածքով եւ արտասահմանում, մեր տեսակէտները արտայայտելու, ներկայացնելու, պաշտպանելու համար:
Ասեմ, որ այսօր նաեւ համաշխարհային հեռուստատեսութեամբ խօսւում է այն մասին, որ ՍԴ-ը արձանագրութիւնները սահմանադրութեանը ոչ հակասող է ճանաչել: Բայց մոռացւում է, թէ ՍԴ-ն ուրիշ ինչ է որոշել: Կարծում եմ, որ ՍԴ-ն շատ կարեւոր բաներ էլ է որոշել, որոնք եթէ մենք խտացնենք, կը ստացուի, որ ՍԴ-ն այս արձանագրութիւնների մէջ ընդունել է երկու պարագայ՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում Թուրքիայի հետ եւ սահմանի բացում: Այս պարագայից դուրս ՍԴ-ն միւս խնդիրները, կարելի է ասել, մերժել է կամ համարել է առանձին պայմանագրերի առարկայ:

Դա, ի հարկէ, Ձեր մեկնաբանութիւնն է:
Ուրիշ ինչպէս հասկանալ, եթէ ՍԴ-ն ասում է, որ միւս խնդիրները առանձին պայմանագրերի անհրաժեշտութիւն ունեն: Առանձին պայմանագիրը նոր խօսակցութիւն է, նոր բանակցութիւն է: Ինչպէս կը դասաւորուի, Աստուած գիտի, յամենայն դէպս, մենք յոյս ունենք, որ նոյն սխալները չեն կրկնուի: Սա ամենակարեւոր հարցն է, որ կայ. ՍԴ-ն մի քանի կէտերի շուրջ յստակ կեցուածք է դրսեւորել:
Առաջինը՝ այս համաձայնութիւնը, պայմանագիրը երրորդ երկրին չի վերաբերում: Այսինքն ՍԴ-ն անդրադառնում է այն կէտին, որ չեն կարող երկու երկիր պայմանագիր կնքեն եւ պայմանաւորուեն, որ երրորդ երկրի տարածքային ամբողջականութիւն են ճանաչում, սահմանների անձեռնամխելիութիւնը եւ պայմանաւորւում են նրանց ներքին հարցերին չխառնուել: ՄԱԿ-ի մէջ այդպէս է, բայց երկկողմանի յարաբերութիւնների մէջ նման բան չի լինում: Յստակ է, որ մենք ասում էինք, որ այս կէտը վերաբերում է Ադրբեջանին եւ վերաբերում է Ղարաբաղի հարցին: Եւ սա այն հարցն է, որի մասին մենք միշտ ասել ենք, իսկ մեզ հակադարձում էին, թէ նման բան արձանագրութիւնների մէջ չկայ: ՍԴ-ն ասեց՝ նման բան արձանագրութիւնների մէջ գոյութիւն ունի եւ դա անընդունելի է:
Երկրորդ՝ ՍԴ-ն կեցուածք է ճշտում: Արձանագրութիւնների մէջ կայ կէտ, որ ասում է. վերահաստատելով միջազգային պայմանագրերը, երկկողմ պայմանաւորուածութիւնները՝ երկրները ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականութիւնը եւ սահմանները: ՍԴ-ն ասում է, որ Սահմանադրութեան 6րդ կէտով մենք տէր ենք այն պայմանագրերին, որոնք ստորագրուել են անկախութեան ժամանակ եւ եթէ այդպէս ենք նկատի ունենում, ապա չկայ այնպիսի պայմանագիր, որի վրայ յենուելով, վերահաստատելով կամ վերանայելով ճանաչուի Թուրքիայի սահմանը: Այդ կէտը եւս մերժւում է ՍԴ-ի կողմից. փաստօրէն չկայ Կարսի պայմանագիր Հայաստանի համար, որի վրայ յենուելով Հայաստանը կարողանայ ճանաչել Թուրքիայի սահմանները եւ դեռ մի տեղում խօսք է գնում Թուրքիայի սահմանների մասին, այսինքն սահմանը դէ իւրէ չէ:
Երրորդ հարցը որ կայ, դա պատմաբանների ենթայանձնաժողովի, Ցեղասպանութեան հարցն է: Յստակ է, որ ստեղծւում է պատմական կտրուածքով հարցեր քննելու յանձնաժողով եւ դրանք պէտք է արխիւներ քննեն, այլ էքսպերտներ պէտք է մասնակցեն այդ յանձնաժողովի աշխատանքներին: Իսկ ինչ հարցեր պիտի այն քննի: Խօսքը ինչի՞ն էր վերաբերում. այս առումով նոյնպէս մեզ հակադարձում էին, թէ ցեղասպանութեան հարցը այդ ենթայանձնաժողովը չի քննելու, ասում էին, որ նման բան գոյութիւն չունի: Պայմանաւորուածութիւն չկայ՝ սա այլ հարց է: Հիմա ՍԴ-ն ասում է, որ Ցեղասպանութեան հարցը, որը ըստ մեր Անկախութեան հռչակագրի 11-րդ կէտի չի կարող քննութեան, քննարկման նիւթ դառնալ, ըստ էութեան, սրանով եւս ՍԴ-ն վերացնում է մէկ մտահոգութիւն: Այս կէտը մեզ համար կարեւոր է նաեւ նրանով, որ այս հռչակագրի 11-րդ կէտը նաեւ խօսում է Արեւմտեան Հայաստանի մասին, այսինքն մեր պահանջից աւելին է արձանագրւում: Առաջին անգամ է, որ ՀՀ-ն խօսում է Արեւմտեան Հայաստանի մասին: Սա կարեւոր հարց է, որ մենք պէտք է նկատի ունենանք:
Չորրորդ խնդիրը, որ դնում է ՍԴ-ն եւ կարծում եմ շատ-շատ կարեւոր է, հետեւեալն է. ՍԴ-ն ասում է՝ այս որոշումը բաւարար չէ. ՀՀն պարտաւոր է իր յետագայ քայլերով ստեղծի երաշխիք, որ այս սկզբունքները չեն վտանգւում: Այսինքն ՍԴ-ն դնում է անհարժեշտութիւն վերապահումներ յայտարարելու: Այսինքն, յայտարարելու, թէ ինքն ինչին է դէմ, ինչն ինքն ինչպէս է հասկանում յիշեալ արձանագրութիւնների մէջ: Այս առումով ես կարծում եմ ՍԴ-ն արել է հնարաւորինը: Ի հարկէ շատ լաւ կը լինէր, եթէ որոշում կայացուէր, որ արձանագրութիւնները հակասում են Սահմանադրութեանը, բայց նաեւ հասկանում եմ, որ արուել է հանարաւորինը եւ այդ իմաստով մենք պէտք է դրականօրէն գնահատենք ՍԴ-ի որոշումը: Նաեւ հարկաւոր է անմիջապէս շեշտել, որ մենք ակնկալում ենք, որ Աժն, եթէ պէտք է վաւերացնի արձանագրութիւնները, ապա յստակ վերապահումներով պէտք է վաւերացնի: Մեր ասածը սա էր, եւ ես ուրախ եմ, որ մեր մէկ ու կէս տարուայ պայքրը ինչ-որ կերպով արդիւնաւորուեց եւ փաստօրէն հաստատուեց այն, որ մենք ինչ ասում էինք, ճիշտ էինք ասում:

Պարոն Մարգարեան, այ Դուք ասում էք, որ ՍԴ-ն հաստատեց, որ նախապայմաններ կային: Ես, ի հարկէ, համաձայն չեմ այն իմաստով, որ եթէ այդ նախապայմանները բացայայտ լինէին, ՍԴ հաստատ չէր համարի, որ դրանք չեն հակասում Սահամանադրութեանը: Այսինքն, ի հարկէ, արձանագրութիւններում կան կէտեր, որոնք կարող են տարբեր կերպ մեկնաբանուել: Ուզում եմ մէջբերել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան ղեկավար Դենիս Բայկալին, որը Ձեր ասածի հակառակն է ասում. «Մենք հայերից ունենք հետեւեալ պահանջները, որ Կարսի պայմանագիրը վերահաստատուի, որ Ղարաբաղի հարցը կարգաւորուի, պահանջում ենք, որ Հայաստանը հրաժարուի Ցեղասպանութեան ճանաչման քաղաքականութիւնից»: Արձանագրութիւններում նման բան չկայ, այսինքն, ես ինչ եմ ուզում ասել, որ արձանագրութիւններում, ի հարկէ, ընդունում եմ, կան կէտեր, որոնք կարող ես տարբեր կողմերից նայել եւ ուրեմն մէկը կարող է իր շահերից ելնելով մեկնաբանել: Տեսէք, թուրքերը ասում են, որ արձանագրութիւններում չկայ այն, ինչ Դուք տեսնում էք լրիւ հակառակ տեսանկիւնից: Ի հարկէ ՍԴն շատ դրական դեր կատարեց այն առումով, որ այս վիճելի հարցերին, որոնք տալիս են տարբեր մեկնաբանութիւնների հնարաւորութիւն, տուեց պարզաբանում: Քանի որ ՍԴ-ի վճիռը պարտադիր է հայ պաշտօնեաների համար, Դուք չէ՞ք ընդունում, որ ՍԴ-ն գծեց սահման, որ հայ պաշտօնեան, որը ներկայացուած կը լինի այդ ենթայանձնաժողովում իրաւունք չի ունենայ Ցեղասպանութեան լինել-չլինելու հարց քննարկել, այդպէս չի՞: Հիմա ՍԴ-ի վճիռը Ձեզ չի՞ բաւարարում:
Հիմա բացատրեմ, թէ ինչ տարբերութեամբ եմ ընդունում. արձանագրութիւնների մէջ կային յօդուածներ, որոնք երկիմաստ էին, եւ ամէն կողմ կարող էր իր իմաստը դնել, ի հարկէ, բայց առնուազն երկու կէտ կայ, որոնք բաւականին յստակ էին, եթէ ոչ աւելին: Առաջին. այն որ ասում է ճանաչում եմ Թուրքիայի սահամանը:

Չէ՞ որ մենք դա ճանաչել ենք ՄԱԿ-ի անդամ դառնալու ժամանակ:
Հէնց այդքանով էլ թող բաւարարուեն, մենք ճանաչել ենք բոլոր երկրների հողային ամբողջականութիւնը: Չկայ անհրաժեշտութիւն, երբ երկու երկիր իրար հետ համաձայնութիւն են կնքում, դիւանագիտական յարաբերութիւններ են ստեղծում եւ, պարտաւոր են միմեանց սահմանները ճանաչել: Պարզ օրինակ եմ բերում, որ շատ հին անցեալ չունի, հէնց այս վերջերս, Թուրքիայի եւ Սիրիայի յարաբերութիւնները շատ լաւացան, նոյնիսկ փոխադարձ այցելութիւնների համար վիզան վերացրեցին, նոր պայմանագիր ստորագրեցին, բայց չճանաչեցին միմեանց սահմանները, որովհետեւ Սիրիան Թուրքիայից տարածքային պահանջատիրութիւն ունի: Այդ ամէնը մի կողմ դրեցին, Սիրիան ամէն օր չի պահանջում իր տարածքները, բայց միեւնոյն ժամանկ պարտաւորուած չզգաց ճանաչել Թուրքիայի սահամանը, որովհետեւ խնդիր ունի, հարց ունի: Այս տեսակ օրինակները շատ-շատ են եւ այս էր, որ մեզ համար անընդունելի էր: Արձանագրութիւնների մէջ ինչպէ՞ս կարելի է հանգիստ ասել, որ մենք ճանաչում ենք միմեանց սահմանները: Դրա անհրաժեշտութիւնը չկայ եւ մեր կողմից դա անելու, իրաւունքը չունի որեւէ իշխանութիւն:
Չենք ասում, որ այսօր ՀՀ-ն ի վիճակի է հողային պահանջ ներկայացնել: Չենք գտնում, որ այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է Թուրքիայից նման պահանջ դնի: Բայց դա մի հարց է, որ մեր ժողովրդի իրաւունքն է, այսօրուայ սերունդը չի կարող դա բաւարարել, վաղուայ սերունդը կը կարողանայ:

Այսօր հասարակութեան մէջ տարածուած է այն տեսակէտը, որ ՀՅԴ-ն ընդհանրապէս դէմ է սահմանի բացմանը: Այսպիսի տեսակէտ կայ, որ ՀՅԴ-ն գտնում է, որ մինչեւ Ցեղասպանութեան հարցը չընդունուի, հողերը չվերադարձուեն, դուք դէմ էք սահմանները բացելուն:
Տարբեր առիթներով ես էլ եմ արտայայտուել կամ մեր կուսակցութեան տարբեր պատասխանատուներ, որ մենք դէմ չենք յարաբերութիւններին եւ սահմանի բացմանը: Մենք դէմ ենք նախապայմաններին: Մեր հակառակորդները, մեզ քննադատողները, մեր ընդդիմախօսները ճարահատեալ փորձում են մեզ ներկայացնել իբրեւ հակաթուրք, ասելով, որովհետեւ Դաշնակցութիւնը հակաթուրք է, ինչ էլ որ լինէր արձանագրութիւնների մէջ, Դաշնակցութիւնը չպէտք է ընդունէր:
Այդպէս չի, մենք առաջին օրուանից յայտարարել ենք, որ մենք առանց նախապայմանների յարաբերութիւնների կողմնակից ենք, սահմանների բացմանը մենք կողմ ենք սակայն հաւատում ենք, որ այդ յարաբերութիւնները այնպէս պէտք է դրուեն, այնպէս զարգանան, որ Թուրքիան յանգի այն բանին, որ պէտք է ճանաչի Ցեղասպանութիւնը: Դա այսօր մեր պահանջը չի, բայց մենք կարծում ենք, որ մեր յարաբերութիւնները պէտք է վերջապէս այդ վերջաւորութիւնը ունենան: Այսօրուայ դրութեամբ մենք չենք պայմանաւորում սահմանի բացումը եւ յարաբերութիւնների կարգաւորումը Ցեղասպանութեան ճանաչման հետ:

Այն ինչ Դուք ասում էք բազմիցս ասել է ՀՀ նախագահը եւ արտգործ նախարարը, բոլորն էլ ասում են այն, ինչ որ Դուք էք ասում‘ առանց նախապայմանների է, արժանապատուութեամբ: Էական տարբերութիւն չեմ տեսնում: Տարբերութիւնը այն է, որ արձանագրութիւնների մէջ դուք տեսնում էք նախապայմաններ, իսկ նախագահը, արտգործնախարարը չեն տեսնում: Նախագահը ասում է, որ, ի հարկէ, կան կէտեր, որ Թուրքիան կը փորձի ծառայեցնել իր շահերին, մենք էլ պէտք է փորձենք, պահել մեր շահերը: Տարբերութիւնը ես տեսնում եմ մի բանում՝ զուտ արձանագրութիւնների հարցում, որովհետեւ այսօր իշխանութիւն ներկայացնեղ անձինք էլ են ասուն նոյնը, որ մենք հետամուտ ենք լինելու Ցեղասպանութեան ճանաչմանը եւ եթէ նայենք ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի վերջին ելոյթներին, ես կարծում եմ, որ ոչ մի նախագահ նման յաճախականութեամբ չի խօսել Ցեղասպանութեան մասին: Ուրեմն, եթէ այդպէս նայենք, մենք բոլորով նոյն բանն ենք ասում:
Ես համաձայն եմ, որ մինչեւ 2 տարի առաջ նոյն բանն էինք ասում, բայց հաւատում եմ, որ անցած մէկ ու կէս տարուայ ընթացքում այլ ձեւ ստացաւ այս խնդիրը: Նախ, որ ասւում է , թէ արձանագրութիւններում այս կամ այն հարցը չկայ: Գանք առողջ բանականութեանը, այլ ոչ թէ սրա-նրա վկայութեանը, մեր առողջ բանականութեամբ սեւը ճերմակի վրայ կարդանք ու եզրակացնենք: Ասւում է, որ երկու երկրներ ստեղծում են պատմական կտրուածքում հարցեր քննարկելու ենթայանձնաժողով, նաեւ տարբեր երկրներից պատմաբաններ, մասնագէտներ են ներկայ լինելու արխիւները քննելու համար: Հիմա հետաքրքիր է, եթէ քննարկուողը Ցեղասպանութեան հարցը չի, արխիւները քննում են, որ ի՞նչ ճշտեն, որ օրինակ թուրքերը երբ են յայտնուե՞լ հայկական բարձրաւանդակում:

Ենթադրենք, Դուք ճիշտ էք, չնայած, տեսէք, իշանութիւնը քննարկելու է ոչ թէ Ցեղասպանութեան խնդիրը, այլ հետեւանքները վերանայելու եւ այլն:
Տեսէք, նախագահը ասում է, եթէ մէկը մի խելօք բան է ասում, իշանութիւնը պէտք է այնքան իմաստուն լինի, որ ընդունի, ենթադրենք իշխանութիւնը սխալուել էր, ենթադրենք ՍԴն խմբագրեց: Հիմա Դուք բաւարարւու՞մ էք ՍԴ-ի որոշմամբ:
Ես բաւարարուած կարող եմ ինձ համարել, եթէ ՍԴ-ի որոշումը ձեւական փաստաթղթի չվերածուի: Ես գիտեմ, որ այդպէս չի լինի, գիտեմ, որ ՍԴ-ի որոշումը ՀՀ-ի համար է՝ քաղաքացիներից մինչեւ իշխանութիւններ: Չեմ էլ ուզում հաւատալ, որ ինչ որ մէկը կարող է այս փաստաթղթին անլուրջ վերաբերուել: Բայց արձագանգներ կան, դեսից-դենից լսում եմ, թէ բաւական է ՍԴի որոշումը: Այստեղ է հարցը, ՍԴն կարող է ՀՀ-ի համար ցանկացած որոշում կայացնել: ՀՀ-ն մէկ այլ երկրի հետ փաստաթուղթ է ստորագրել, այդ ստորագրուած փաստաթուղթն է, որը կարգաւորում է երկու երկրների յարաբերութիւնները: Հիմա եթէ ստորագրողը ՍԴ-ի որոշմանը հակառակ է ստորագրել, կարող է դատուի, բայց դա չի վերաբերւում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններին: Անհրաժեշտ է վերապահումներով հաստատուեն արձանագրութիւնները:

Կը ներէք, Դուք նկատի ունէք ՍԴ նշած յաջորդ պայմանագրերը:
Ես ասում եմ, այս պայմանագիրը օրինական է դառնալու ոչ ՍԴ-ում, ՍԴ-ն ներքին որոշում է կայացրել: Երբ որ հաստատի Աժ-ն եւ նախագահը ստորագրութիւն դնի դրա տակ, պէտք է փոխանակուեն գործիքները, այդպէս են կոչւում բանակցութեան գործիքները (արձանագրութիւնները): Մեզ համար շատ-շատ կարեւոր է, որ այդ գործիքներին կցուած լինի ՍԴ-ին նշուած 8 կէտերը: ՍԴ-ն ճիշտ է որոշել, չէ՞, մենք անկեղծ ենք այդ հարցում, մենք ոչ մէկին չենք ուզում խաբել, չէ՞: Ուրեմն ՍԴ-ի որոշումները պէտք է կցուած լինեն արձանագրութիւններին եւ այդպէս փոխանցուեն թուրքերին: Թուրքերը պէտք է գիտակցաբար ընդունեն, որ մենք գնում ենք այս փաստաթուղթը հաստատելու պայմանով, պայմանն էլ ճշտել է ՍԴ-ն:

Պարոն Մարգարեան, հիմա տեսէք ինչ է ստացւում: Այսօր տարբեր իրաւաբաններ, սահմանադրագէտներ ասում են, որ համակողմանի պայմանագրերում նման վերապահումների հարց չի լինում սովորաբար: Օրինակ ասում են, որ Վիեննայի կոնվենցիայում կայ կէտ, որ երկկողմանի պայմանագրերի մէջ վերապահումներ անհնար է դնել այն առումով, որ բազմակողմանիի մէջ մէկը կարող է մի բան դնել՝ միւսները չընդունեն, բայց եթէ երկու կողմեր պայմանաւորուել, ստորագրել են, ի՞նչ վերապահման մասին կարող է խօսք գնալ: Հիմա Դուք դա հնարաւոր համարու՞մ էք:
Այո: Հիմա բացատրեմ, թէ ինչպէս: Ճիշդ է, որ վերապահումներ յայտարարում են բազմակողմ պայմանագրերում, բայց այդպէս չի, որ դա արգելուած է երկկողմ պայմանգրերի մէջ: Կայ նախադէպը, որ այդ տեսակ երկկողմ պայմանագրերի մէջ վերապահումներ յայտարարուել են եւ նաեւ կայ կցուած, կից յայտարարութեան ձեւ, բացի վերապահումը կայ նաեւ կից յայտարարութեան ձեւը: Բայց եթէ չկայ ոչ մէկի, ոչ էլ միւսի հնարաւորութիւնը, ԱԺ-ն ունի մէկ հնարաւորութիւն, իրաւունք՝ չեղեալ, անվաւեր յայտարարել, չընդունել, ,ոչ ե ասել արձանագրութիւններին: Չենք կարող, չէ՞, ասել, թէ օրէնքները թոյլ չեն տալիս, եւ մենք թքած ունենք ՍԴ-ի որոշումների վրայ: Այդ փաստաթուղթը միայն արժէք ունի սահմանադրական դատարանի որոշմամբ:

Բայց պրն. Մարգարեան, եթէ ՍԴ-ի այս որոշումը կայ, եթէ ՀՀ բոլոր պաշտօնեանները՝ սկսած ՀՀ նախագահից, այս յարաբերութիւններին մօտենում են Սահմանադրութեան վճռի որոշման տեսանկիւնից, ենթայանձնախմբի ցեղասպանութեան հարցը այդ ենթայանձնախմբում հայկական կողմը հրաժարւում է ընդհանրապէս քննարկել եւ եթէ հրաժարւում է երրորդ կողմի մասի հետ բանակցել՝ խօսքը Ղարաբաղի մասին է, եթէ սա կայ, էլ Դուք ի՞նչ վտանգ էք տեսնում: Չէ՞ք վստահում:
Խօսքը հայկական կողմի մասին չէ . իրաւական ուժ ստացած մեր փաստաթղթի մասին է, որը գրաւոր է սեւով ճերմակի վրայ գրած է եւ ընդունւում է այն փաստաթութղը, որի վրայ կայ ստորագրութիւն, դա է ընդունելի Թուրքիայի եւ միջազգային կազմակերպութիւնների համար: ՍԴի որոշումը մեզ համար է: Մենք գաւառացու ճարպկութիւն չպէտք է անենք, մեզ կը խաբենք: Առնուազն մեր սրբութիւնը համարուող սկզբունքների նկատմամբ դա կեղծ մօտեցում է:

Ես հէնց այնպէս մէջ չբերեցի թուրք ընդիմախօս Դ. Բայկալի խօսքը, այսինքն տեսէք, որ նրանք էլ են ասում, դա չկայ:
Մի տարբերութեամբ: Էրդողանը ԱԺ-ում գրաւոր տուել է փաստաթուղթ, որ «Հայաստանը վերահաստատել է Կարսի պայմանագիրը եւ ընդունում է Թուրքիայի սահմանները»: Սա ինձ համար ամենամեծ տարբերութիւնն է:
Հիմա մեր ՍԴ-ն եկել ու ասում է, որ մենք Կարսի պայմանագիրը չենք ճանաչում, որի հիման վրայ սահմանները պէտք է ընդունենք: Դրա համար հարկաւոր է Է. Նալբանդեանին պատժել, որ ընդունել է, ինչու՞ է ընդունել: Այսօր ես խնդիր չունեմ սահմաններ ճանաչելու:

Երբ որ մենք դարձանք ԱՊՀ , ՄԱԿ-ի անդամ, վերջ ի վերջոյ ընդունել ենք այդ սահմանները, գուցէ կարիք չկար եւս մէկ անգամ ամրագրելու: Իսկ եթէ գնանք պատիժների ճանապարհով, ապա պէտք է սկսենք ՀՀ Առաջին նախագահից:
Դուք պատիժը բառացի հասկացաք: Ի վերջոյ, ճշգրտումը, թէ ՀՀ-ն ինչ է ուզում Սահմանադրութիւնն ու Սահմանադրական դատարանն է, չէ՞, տալու:

Ես անձամբ գոհ եմ ՍԴ-ի որոշումից եւ մեր զրոյցի սկզբում մտածում էի, որ ձեր բոլոր մտավախութիւնները վերացել են:
Իմ մատավախութիւնները կը փարատուեն այն ժամանակ, երբ ԱԺ-ն արձանագրութիւնները ընդունի այն մասով, որտեղ խօսքը գնում է Հայաստան-Թուրքիա դիւանագիտական յարաբերութիւնների եւ սահմանի բացման մասին: Միւս բոլոր հարցերը, որ վերաբերւում են սահմանի ճանաչմանը, ուրիշ պետութիւնների հողային ամբողջականութեան ճանաչմանը, Հայոց Ցեղասպանութեանը, չի կարող ընդունել եւ պէտք է յստակ ասի, որ ես դա չեմ ընդունում: Եթէ այդպէս չլինի՝ նշանակում է մենք մեծ խաբէութեամբ ենք զբաղւում: Կարծում եմ մեր երկիրը պէտք է իրեն խնայի, մեր Նախագահը, ԱԺ-ը պէտք է իրենց խնայեն: Մենք թանկ գին ենք վճարել մէկ ու կէս տարուայ ընթացքում այս սխալ խմբագրուած արձանագրութիւնների համար: Ինձ թւում է բաւական է. սրանից աւելի պէտք չէ վճարել. ազգը պառակտուած է, Ղարաբաղի հարցով ճնշումները բազմապատկուել են, ամօթից գլուխներս կախ ենք արել, լեզուներս պապանձուել է, չենք կարողանում բացատրել, թէ ինչ ենք ստորագրել: Թուրքիան մեր քթից բռնել, խաղացնում է աշխարհով մէկ: Թուրքիան այսօր արար աշխարհի մօտ օրը 10 անգամ մեզ ագրեսոր (նախայարձակ-Խմբ.) է յայտարարում Ղարաբաղի հարցով, ասում ենք Ղարաբաղի հարցով խնդիր չունենք, ասում է սահմանները ճանաչել ենք, ասում ենք դա ճիշտ չի, ասում է, որ Ցեղասպանութեան ճանաչման հարցով միջազգային կառոյցները չպէտք է զբաղուեն, ասում ենք դա ճիշտ չի:

Ինչպէս տեսնում էք, Թուրքիան ինքը չի վաւերացնում արձանագրութիւնները:
Որովհետեւ ուզում է Ղարաբաղի հարցում կոնկրէտ (յստակ-Խմբ.) առաւելութիւն ձեռք բերի, նոր խօսի, իրեն ինչ որ պէտք է ձեռք է բերել, դրա համար ինքը ժամանակի խնդիր չունի :

Ես չեմ տեսնում, որ Թուրքիան որեւէ բան է շահել: Օրինակ, ես կարող եմ ասել, թէ Հայաստանը ինչ է շահել. Հայաստանը լուրջ միջազգային ասպարէզում հեղինակութիւն է ձեռք բերել, տարածաշրջանային լուրջ գործօն է դարձել, Հայաստանը երբեք համաշխարհային այսքան ուշադրութեան կենտրոնում չի եղել, Հայաստանի հետ այսքան հաշուի չեն նստել:
Թուրքիան երկու բան է շահել, առաջինը՝ Հայաստանը ճանաչել է իր սահմանները, որ մինչ այժմ չէր արել, երկրորդ՝ Թուրքիան շահել է այն, որ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը կաթուածահար է արել:

Ինչու՞ է կաթուածահար արել: Այսօր Իռլանդիայի, Շոտլանդիայի պատգամաւորների մեծ մասը ճանաչել է Ցեղասպանութիւնը, Մեծ Բրիտանիայում էլ այդ գործընթացը սկսուել է, օրինակ, վերջերս Նիդեռլանդներում մի թուրք պաշտօնեայ պաշտօնազրկուեց, որովհետեւ Ցեղասպանութիւնը փոխարինել էր տարհանում բառով:
Պարտաւոր եմ Ձեզ մի բան ասել, որ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման մէջ մեր կուսակցութիւնը մեծ աշխատանք է կատարել: Եկէք, մեզ մի ասէք, թէ այս գործընթացը միջազգային մակարդակով ինչ վիճակի մէջ է: Եթէ ես Ձեզ ասում եմ, որ այս գործընթացը, այդ աշխատանքը կաթուածահար է եղել, հաւատացէք, որ դա այդպէս է: Մի քանի դէպքեր, մի քանի երեւոյթներ չեն կարող այս ամէնի ընդհանուր վիճակը ներկայացնել: Բայց միեւնոյն ժամանակ չեմ կարծում, որ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը բարդացել է եւ մենք պէտք է դրա հետ հաշտուենք եւ արդարացուենք, թէ դժուար է: Ես հաւատում եմ, որ աշխատանքը պէտք է շարունակել եւ վստահ եմ, որ շարունակելու դէպքում, պէտք է արդիւնքներ ստանանք: Բայց ես այսօրուայ, անցած մէկ ու կէս տարուայ մասին եմ խօսում, երբ մէջտեղ եկան արձանագրութիւնները, մեր ընդհանուր աշխատանքը մեծ դժուարութիւնների հանդիպեց, բոլոր մակարդակներում մենք սկսցինք ձախողուել:

Ես ուզում եմ ասել, որ ոչ մի պետութիւն, եթէ իր շահերին դէմ լինէր Ցեղասպանութեան ընդունումը, չէր ընդունի եւ ես համոզուած եմ, որ եթէ Եւրոմիութեան երկրները Թուրքիայի հետ խնդիրներ չունենային, ուրեմն նորից Ցեղասպանութիւնը չէին ընդունի:
Երբ մենք ասում ենք, որ պետութիւնները շահ չունենային՝ չէին ընդունի Ցեղասպանութիւնը, ճիշտ էք ասում, ես էլ եմ այդպէս կարծում, բայց ես ասում եմ, որ Թուրքիայի մէջ բազմաթիւ հարցեր կան, եթէ այլ պետութիւններ այդ բազմաթիւ հարցերի մէջ փորձում են իրենց շահերի համար օգտագործել Հայոց Ցեղասպանութիւնը, նշանակում է, որ մենք այդտեղ դերակատար ենք, որ մենք կանք հրապարակի վրայ, մենք ազդու ենք, դրա համար մեր պարագան են օգտագործում Թուրքիային կեցուածք ցոյց տալու համար: Թող օգտագործեն ուրիշների հարցերը՝ քրդեր, լեզգիներ: Դուք ուղղակի արժէզրկում էք մի աշխատանք, որ մենք Սփիւռքի շնորհիւ ունենք, այս յաջողութիւնը Դուք նսեմացնում էք՝ վերագրելով այն բանին, որ եթէ այդ պետութիւնները շահ չունենային, չէին ընդունի Ցեղասպանութեան փաստը: Այդ պետութիւնները միշտ էլ շահեր եւ վնասներ ունեն, այդ շահերը եւ վնասները արտայայտելու համար օգտագործում են տարբեր առիթներ, հնարաւորութիւններ:
Մեր եւ մեր աշխատանքի շնորհիւ մենք կարողասցել ենք լինել այնպիսի ներկայութիւն, որ յաճախ օգտագործել են մեր պարագան Թուրքիայի վրայ ճնշում բանեցնելու համար, եւ հէնց սա է, որ արժէք է, սա է, որ կարեւոր է, այլապէս, եթէ հարցը բացարձակութեան տանենք, ոչ մի ժամանակ հայութիւնը միջազգային յարաբերութիւններում չի կարող այնքան կ՛արեւորուի, որ կարողանայ խնդիրներ լուծել:

Ես չեմ թերագնահատում Ձեր աշխատանքը, բայց միւս կողմից, եթէ խօսում ենք ԱՄՆ-ի մասին, ասւում էր, որ եթէ արձանագրութիւնների նախաստորագրունը չլինէր ԱՄՆ նախագահը կ'արտասանէր «Ցեղասպանութիւն» բառը: Կը ներէք, բայց ես դա միամտութիւն եմ համարում:
Ես նոյնպէս: Ես հաւատում եմ, որ Օբամայի՝ Ցեղասպանութեան մասին խօսել-չխօսելու համար չեն կարող հիմք հանդիսանալ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները: Ուղղակի Օբաման ԱՄՆ-ի մէջ հանրային կարծիք բաւարարելու համար նման պատրուակի կարիք ունէր: Դա պատրուակ էր եւ այդ պատրուակը Ապրիլի 22-ի գիշերը մենք նուիրեցինք իրեն: Ինչ ստացանք մենք դրա դիմաց, ես չեմ կարողանում լաւ պատկերացնել, հաւանաբար, դրա դիմաց ստացանք մի խոստում, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները պէտք է լինեն առանց նախապայմանների, բայց որովհետեւ մենք մեր հերթին ընդունեցինք նախապայմանները, բայց յայտարարեցին, որ նախապայման գոյութիւն չունի, այդ մէկը եւս պարապի գնաց:

Վերջին հարցը: Այ, Դուք հիմա ընդդիմութիւն էք, բայց համապետական հարցերով պատրաստ էք կանգնել իշխանութեան մէջքին, ինչ նկատի ունեմ, վերջ ի վերջոյ Հայստանը ունի ճանապարհների խնդիր, նաեւ Թուրքիայի սահմանի բացումը: Նախագահը վերջերս հանդէս եկաւ 3 նախաձեռնութիւններով, որոնցից անձամբ ես խիստ կարեւորում եմ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը: Դուք պատրա՞ստ էք պաշտպանել այդ նախաձեռնութիւնը, որ երկաթուղին բացուի:
Անշուշտ: Ես Ձեզ աւելին ասեմ. մենք այսօր գտնում ենք, նաեւ դրա մասին մեր ուսումնասիրութիւններն ու բոլոր փաստերն են ցոյց տուել, որ Հայաստանը ճնշումների տակ է գտնւում: Հայաստանը Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման հարցում արտաքին ճնշման է ենթարկւում: Մենք հաւատում ենք, որ մեր իշխանութիւնները պարտաւոր են արտաքին ճնշումներից դուրս գալ, չենթարկուել այդ ճնշումներին եւ հաւատում ենք, որպէսզի կարողանանք արտաքին ճնշումներին չենթարկուել, պէտք է ներազգային առումով բռունցք դառնանք: Մենք պատրաստ ենք այս իշխանութեան կողքին կանգնել, կրկին Կոալիցիայ դառնալու մասին չէ խօսքը, պատրաստ ենք կողքին կանգնել, եթէ իշխանութիւնը ցանկանում է արտաքին ճնշումների դէմ կանգնել: Մենք կողմ ենք այն ամէնին, ինչը հնարաւորութիւն կը տայ Հայաստանին տնտեսապէս զարգանալու, սեփական անվտանգութիւնը ապահովելու համար:

«« վերադարձ ««
Powered by Webnaz Pagemaker