ԼՂՀ Ազգային Ժողովը Կը Դատապարտէ Պաքուի Կոտորածները Եւ Կը Դիմէ Միջազգային Ատեաններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը՝ «Ժողովրդավարութիւն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցութիւնները, երէկ հրապարակած են յայտարարութիւն մը՝ Պաքուի հայերու 1990թ. Յունուարեան ջարդերուն կապակցութեամբ։
Ստորեւ կը հրապարակենք սոյն յայտարարութեան բնագիրը՝ ամբողջութեամբ:
Քսան տարի առաջ պաշտօնապէս դեռեւս խորհրդային կոչուող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում պետականօրէն կազմակերպուեց եւ սառնասրտօրէն ի կատար ածուեց հայ բնակչութեան զանգուածային սպանդը: Առանձնակի դաժանութեամբ սպանուեցին հազարաւոր անմեղ մարդիկ՝ կանայք, երեխաներ ու ծերունիներ, իսկ տասնեակ հազարաւորները, մարմնական ծանր վնասուածքներ ու հոգեկան ցնցումներ կրելով, հայրենազրկուեցին եւ բռնատեղահանուեցին։
Բաքուի յունուարեան ջարդերը, փաստօրէն, Արեւելեան Անդրկովկասի բնիկ եւ իրաւամբ պետականակիր հայ ժողովրդի նկատմամբ 1905-1906, 1918-1920 եւ 1988-1990թթ. իրագործուած բռնութիւնների ու տեղահանութիւնների վերջին ակորդը հանդիսացան։ Դա Ադրբեջանի իշխանութիւնների իւրօրինակ պատասխանն էր հայրենի բնօրրանում արժանապատիւ ապրելու՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, արդարացի եւ օրինական իրաւունքի, որն իրականացուեց ԽՍՀՄ իշխանութիւնների յանցաւոր թողտուութեամբ։
Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, վերստին դատապարտելով քսաներորդ դարի ողջ ընթացքում Ադրբեջանում կազմակերպուած հակահայ բռնութիւնները, որոնց հետեւանքով տեղաբնիկ հայ բնակչութիւնը զրկուել է պետականօրէն ինքնակազմակերպուելու անօտարելի իրաւունքից եւ, մասնաւորապէս, 1990թ. Յունուարի 13-ից Բաքւում սկիզբ առած ջարդերը, դրանք գնահատում ենք որպէս.
- մարդու իրաւունքների եւ ազատութիւնների, առաջին հերթին՝ ապրելու իրաւունքի զանգուածային խախտման փաստ,
- այլատեացութեան եւ ազգային անհանդուրժողականութեան, էթնիկ զտումների՝ Ադրբեջանի պետական քաղաքականութեան ակնյայտ դրսեւորում,
-մարդկութեան դէմ պետականօրէն կատարուած ծանրագոյն յանցագործութիւն՝ Ցեղասպանութիւն, որի համար պատասխանատուութիւնը, միջազգային իրաւունքի համաձայն, վաղեմութեան ժամկէտ չունի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը հետամուտ է լինելու, որպէսզի Ադրբեջանում իրագործուած հակահայ բոլոր բռնութիւնները, տեղահանութիւններն ու էթնիկ զտումներն ստանան իրաւական գնահատական, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկուեն պատասխանատուութեան՝ անկախ նրանց քաղաքական ու հասարակական ներկա դիրքից կամ կեցութեան վայրից:
Ի դրսեւորումն այդ օրինական եւ արդարացի նպատակադրման, մենք դիմում ենք ՄԱԿ-ին, Եխ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին.
- անցկացնել 1990թ. յունուարի 13-ից մինչեւ 20-ը Բաքուի հայ բնակչութեան դէմ իրագործուած բռնութիւնների անաչառ հետաքննութիւն եւ իրաւական գնահատական տալ ոճրագործութեան կազմակերպիչների եւ իրականացնողների գործողութիւններին,
- հաւասարութեան նշան չդնել խաղաղ պայմաններում պետականօրէն կազմակերպուած յանցագործութիւնների եւ այն զրկանքների միջեւ, որ տարածաշրջանի ժողովուրդները կրել են Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմի հետեւանքով։
Յետագայ անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել եւ պատժամիջոցնէր կիրառել յանցաւոր պետութեան նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրաւունքն է, այլեւ միջազգային ատեանների պարտաւորութիւնը, քանի որ ցեղասպանութիւնը ոճիր է համայն մարդկութեան դէմ:
«« վերադարձ ««




