ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ
ՀՅԴ Հանրային Կապերի Պատասխանատու

Որ համերաշխ հանրութիւնը մեծ ուժ է, կարծէք, ոչ մէկը դեռ կասկածի տակ չի առել: Բայց «մեծ սիրոյ» փաթեթաւորմամբ հանրային պառակտումը սկսուել է, ցաւօք: Դիմատետրը դարձել է ատելութեան մի եռացող կաթսայ, որտեղ հայհոյանքների, իրար ոչնչացնելու, մեղադրանքներ ու լուտանքներ թափելու եւ պաշտպանական ճառերի պակաս չի զգացւում: Իշխանութեան եւ ընտրութիւնների հոտը շատերն արդէն իրենց քթներին են քնում ու յօրինում իրենց ճառերն ու բեմական բեմագրութիւններ` կատաղած փնչացնելով այս ու այն կողմ: Կարծում եմ` «կարգին» ընտրութիւններն էլ այնքան հեռու չեն:

Սա էլ է բնական` ներկայ պայմաններում: Բայց անբնական է թոյնն ու անհանդուրժողականութիւնը` այլակարծութեան նկատմամբ, որին հետեւում է շատ տրամաբանական մի հարց` այս ատելութիւնը իրօ՞ք «մեծ սիրոյ» արգասիք է:

«Հանդուրժողականութիւնը» հասել է այնտեղ, որ Լեւոն Տէր Պետրոսեանի միակ ճիշդ քայլն է որակւում Դաշնակցութեան կասեցումը, եւ սա մի ինչ-որ պատահական մարդու զառանցանք չէ: Ծիծաղելի է, որ ոմանք կարդալ գիտեն, բայց հասկանալ` ոչ: Եթէ մտահոգութիւն է հնչում երկրի երկրորդ նախագահին եւ նախկին բարձրաստիճան զինուորականներին ներկայացուած` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի տարօրինակութեան եւ անկանխատեսելի հետեւանքների մասին, ոմանք դա ընկալում են, որ Դաշնակցութիւնը իրեն դատապաշտպանի տեղ է դրել:

Հանգստացէ՛ք, սիրելինե՛րս, Դաշնակցութիւնը գործընթացները չի անձնաւորում, երբ հարցը վերաբերւում է պետական եւ ազգային շահին: Մենք մեր սկզբունքային դիրքորոշումը 2008-ի մարտի 1-ի վերաբերեալ այն ժամանակ ենք դեռ ասել, հիմա էլ ենք կրկնում. մենք պատնէշների վրայ սպիտակ աղաւնիներ էինք թռցնում, երբ պատնէշների երկու կողմերում իրենց սրերն էին սրում եւ վրէժխնդրութիւնն ու իշխանական կիրքը մթագնել էր բախման պատրաստուողների ուղեղն ու սիրտը: Լեւոնի վրէժխնդրութեան մոլի վկաներին` ՀԱՔ-ի լեգէոնականներին, կրկին յիշեցնում ենք, որ մենք ազատագրուած հայրենիք չունենք թշնամուն տալու: Դաշնակցութիւնը երեւոյթները կոչում է իրենց անունով:

Մի՛ գնացէք պառակտման ճանապարհով` պետութիւնը համախմբիչ դեր ու ֆունկցիայ ունի: Մի՛ գնացէք երկրի հեղինակութիւնը վարկաբեկելու ճանապարհով` միջազգային հարթակներում հեղինակութեան կորուստն ուղղակի հարուած է մեր անվտանգութեանը: Մի՛ գնացէք երեւոյթներն ընտրողաբար քննելու ճանապարհով, եթէ այդպէս պիտի արուի, ապա անկախ արդարադատութեան նկատմամբ հաւատը խորտակւում է:

Մի՛ վարկաբեկէք բանակը, այն յաղթանակած բանակ է: Մի՛ վարկաբեկէք իրօք վաստակաշատ հրամանատարներին, բոլորը պահածոյ գողացող չեն: Մի՛ վարկաբեկէք մեր յաղթանակները, դրանք արեամբ են ձեռք բերուել:

Մի՛ վարկաբեկէք մեր հերոսներին, նրանք մանկամիտ չեն եղել, այլ իմացեալ մահով են անմահացել: Մի՛ վարկաբեկէք մեր եկեղեցուն, այն համազգային եւ հոգեւոր անվտանգութեան մեր կայուն եւ բազմադարեայ Սուրբ Տունն է: Մանկամիտներին մի՛ տուէք «դուխ» եւ քարոզչական զէնք, նրանք դեռ բահ բռնած չկան: Մի տարէք մեզ փորձութիւնների նոր ճանապարհներով, մենք որոշ «ժողովրդավարների», աշխարհաքաղաքացիների եւ այլասերուածների մատաղ անելու հայրենիք, պետականութիւն եւ ազգային արժէքներ չունենք:

Մի՛ մսխէք ժողովրդի յոյսը, այն վերականգնելը չափազանց դժուար է:

Մի՛ վարկաբեկէք, վերջապէս, Դաշնակցութեանը, այն դեռեւս միակ համազգային եւ համաշխարհային հայ ազգային-քաղաքական կուսակցութիւնն է, որը միշտ եւ այսօր պատրաստ է կեանքի գնով պաշտպանել Հայաստանի եւ հայութեան բովանդակ շահերը»:

Աւելցնել Ձեր մեկնաբանութիւնները