www.Yerkir.am -ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: 

ՀՅԴՀՀԿ համագործակցությունն այլեւս իրականություն է: Ինչո՞ւ`համագործակցություն, եւ ոչ` կոալիցիա:

-Նախ հիշեցնեմ, որ կոալիցիա երեւույթը Դաշնակցությունը ներդրեց մեր քաղաքական մշակույթի մեջ, մեծ աշխատանք տարվեց, որպեսզի կոալիցիոն կառավարություն ձեւավորվի: Իրականում, իմաստային առումով տարբերությունը շատ մեծ չէ: Այս համագործակցությունը կոնկրետ հարցեր լուծելու խնդիր ունի, մանավանդ, որ մեկ տարվա մասին է խոսքը: Մեկ տարի հետո արդեն խորհրդարանական ընտրություններ են, և եթե պետք է դարձյալ կոալիցիա ձևավորվի, ավելի իրական կլինի, որ դա մեկ տարի հետո լինի, երբ իրական պատկերը կստեղծվի կուսակցությունների` խորհրդարանում տեղեր զբաղեցնելու մասով, ինչից էլ կբխի հավանական անհրաժեշտությունը:

Պարո՛ն Մարգարյան, այս հարցադրումը շատերն են անում, վերջերս էլ մի ԲՀԿական իր անկեղծ զարմանքն արտահայտեց, թե այդ ինչպե՞ս եղավ, որ 30 հոգանոցխմբակցությանը համագործակցության առաջարկություն չարեցին, այլ արեցին 5հոգանոց խմբակցությանը: Իհարկե, հասկանալի է, որ առաջարկություն անողը ՀՀեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է, եւ նրան պետք է նախ հարցնել, թե ինչո՞ւհենց ՀՅԴն, բայց ամեն դեպքում, եթե ամփոփելու լինեք, Ձեզ համար հասկանալի՞է, թե ինչու հենց «5 հոգանոց խմբակցություն » ունեցող ուժին արվեցառաջարկություն:

-Իրական պատասխանը, իհարկե, կտա ինքը` Հանրապետականը, բայց փորձեմ ինքս բացատրել: Կարծում եմ` մեր երկրի իրավիճակը ստիպեց: Մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք, ամբողջ տարածաշրջանն է նման վիճակի մեջ, և հավանականությունը, որ տարածաշրջանային այդ ալեկոծությունները կարող են անդրադառնալ նաև Հայաստանի վրա, շատ մեծ է: Այսինքն` արտաքին վտանգն իսկապես մեծ է, չասեմ` սպառնալիքը կախված է մեր գլխին, բայց լուրջ է: Բոլոր պետություններն ու ժողովուրդներն էլ այդ հաշվարկներն անում են: Այսօրվա իրավիճակն այլ է, մեր հարևանները լուրջ խնդիրներ ունեն, ամբողջ տարածաշրջանն ալեկոծումների ենթակա է, և շատ հավանական է, որ այս ընթացքում այս ամենն ազդի Հայաստանի վրա: Մեր միակ պաշտպանությունը, միակ առավելությունը երկրում քաղաքական կայունությունն է, որ մենք ունենք, և որը թույլ չի տալիս Ադրբեջանին վերջնականորեն պատերազմի դիմել, ընդհանուր հարձակում գործել: Այսինքն` ներքին կայունությունը ևս շատ էական է` ազգային անվտանգության տեսանկյունից: Սա էլ մյուս խնդիրն է: Վերջիվերջո, նոր Սահմանադրությամբ մենք նոր Հայաստանի մեկնարկն ենք տվել, այն Հայաստանի, որն ուզում ենք ստեղծել: Այս ամենը կարեւորելով` Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, որոշեց իր ռեսուրսներով, իր հնարավորություններով չսահմանափակվել և այդ հնարավորությունները մեծացնել: Ինչո՞ւ` ՀՅԴ-ն, և ոչ` մյուսները, դա էլ է, կարծում եմ, բացատրված: Նախ` Դաշնակցության ուժը, հնարավորությունը, իրավիճակի վրա ազդելու կարողականությունը պայմանավորված չէ խորհրդարանական պատգամավորների թվով:

Այո, վերջերս շատ է շեշտվում ՀՅԴի ուժը` Սփյուռքի մասով:

-Նաև Սփյուռքում ունեցած մեր դերը…Այո, ճիշտ է, որ մենք հինգ պատգամավոր ունենք ԱԺ-ում, բայց մենք համահայաստանյան մակարդակով կազմակերպված միակ կուսակցությունն ենք: Ես դա չեմ ուզում ասել ուրիշների կարևորությունը նսեմացնելու իմաստով, բայց ուզում եմ ասել մեր առավելությունը շեշտելու իմաստով: Սա ևս մեկ փաստ է, որ իշխանությունները նկատի են ունեցել: Բացի այդ` կարծում եմ, որ, վերջիվերջո, ամեն մի կազմակերպություն ունի հարաբերվելու, հարցերին մոտենալու, քաղաքականությանը վերաբերվելու իր մշակույթը: Դաշնակցության քաղաքական մշակույթը, ներազգային առումով հարցեր լուծելու, հարաբերություններ ճշտելու իմաստով, կարծում եմ, որ տարբերվում է: Ճիշտ հենց այդ պատճառով ընդդիմությունն էլ շատ է փորձում Դաշնակցության հետ համագործակցել: Բայց, ի տարբերություն իշխանությունների, նրանք փորձել են ունենալ Դաշնակցության համագործակցությունը, բայց ղեկավարել Դաշնակցությանը: Նրանք, ցավոք, միշտ էլ այդ կերպ են եղել, անգամ` ժամանակին, երբ իշխանություն են եղել, էլի այդպես են վարվել: Նրանց մշակույթն էլ այդ մշակույթն է, նրանք չեն կարողանում հասկանալ` ինչ ասել է քաղաքական ուժերի համագործակցություն: Նրանք կարծում են, որ իրենց լիդերը պետք է լիդեր լինի բոլորին, և ես դա տեսել եմ մեր միջկուսակցական հարաբերություններում, թե ոնց են նրանք հավակնել, որ կարող են ՀՅԴ-ին ղեկավարել:

Այսինքն` հիմա Հանրապետականի հետ համագործակցությունը չի՞ լինելուայնպես, ինչպես պատկերացնում էր ընդդիմությունը` ՀՅԴի հետ, այսինքն` հիմաՀՅԴն ՀՀԿի հետ խոսելու է ինչպես հավասարը հավասարի հե՞տ:

-Կարծում եմ, որ Դաշնակցությունն այն կուսակցությունը չէ, որ որևէ ժամանակ որևէ մեկի հետ համագործակցելու համար իր ինքնուրույնությունը զիջի, իր ինքնաղեկավարումը զիջի, դա Դաշնակցության պարագայում բացառված է:

Պարո՛ն Մարգարյան, գրեթե բոլոր համագործակցությունները, որոնք նախկինումունեցել են կոալիցիա ձեւակերպումը, փլուզվել են` պատճառաբանությամբ, որ չենկարողացել ազդել որոշումների ընդունման վրա: Ստացվում է՝ հիմա այդ խնդրիառջեւ այլեւս կանգնելու վտանգ չկա` այս համաձայնագրում ամրագրվածկետերով:

-Նախ` ոչ մի համագործակցություն հավիտենական չէ, բայց այսօրվա դրությամբ մենք համոզված ենք, որ գնում ենք իրական համագործակցության և վստահ ենք, որ խոչընդոտներ, դժվարություններ չենք ունենա, ունենանք էլ` կհարթենք: Անհարթելի խոչընդոտներ, անհաղթահարելի դժվարություններ չենք ունենա: Հուշագիրը, եթե ուշադրություն դարձնեք, կառույց է նախատեսում՝ խորհուրդ, թե ինչպես պետք է ղեկավարվի այս համագործակցությունը, ինչպես պետք է որոշումներ կայացվեն: Այդ ամենը նախատեսված է, և այս առումով մենք ունենք ապահովություն, որ կկարողանանք հանգիստ, դրական մթնոլորտում որոշումների քննարկման մասնակից դառնալ և միասնաբար որոշումներ ընդունել: Այստեղ նույնիսկ քվեների հարցի խնդիր չէ` ով քանի քվե կունենա, կարծում եմ, որ ավելի շատ մեկս մյուսիս համոզելով, ամբողջացնելով, սրբագրելով է, որ պետք է կարողանանք առաջ գնալ: Սա պետք է լինի սկզբունքը, քվեարկության հարց չէ: Պարզ է, որ Հանրապետականն այս համագործակցության այն կողմն է, որն ավելի ծանր է կշռում` իր քվեներով, որոնք ունի խորհրդարանում, կառավարությունում: Դա մեզ համար հստակ է, բայց մեզ համար փաստ է, որ մենք կարող ենք նրանց հետ աշխատել դրական մթնոլորտում, քննարկումներին իրական մասնակցություն ունենալ` համոզելով ու համոզվելով:

Ամեն դեպքում պետք է խոստովանենք, որ երկրում իրավիճակը ծանր է` բոլորառումներով, Դուք արտաքին մարտահրավերներն էլ շեշտեցիք: Հիմա ստանձնելովայդ պատասխանատվությունը` արդյո՞ք 2017թ.-ի ընտրության շեմին Դաշնակցությունն իր ուսերին չի ավելացնում դժվարություններ, հավելյալ բեռ:Իրատեսական լինենք` շատ բան, չնայած մեծ ցանկությանը, կարող է եւչստացվել

-Ես հավատացած եմ` մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, և հավատացած եմ, որ մեր ժողովուրդը, վերջիվերջո, ճիշտ է կողմնորոշվելու: Այո, այսօր ժողովուրդը դժգոհ է իրավիճակից, բայց նաև դժգոհ է բոլոր քաղաքական ուժերից, որ չեն կարողանում լուծում բերել այս հարցերին, որ կան երկրում: Մենք հիմա փորձում ենք լուծում գտնել: Այն հարցերը, որ հուշագրի մեջ մատնանշել ենք, ժողովրդի կողմից առաջ քաշված պահանջներն են, մեր կողմից ներկայացված պահանջներն են իշխանությանը: Մենք հիմա փորձում ենք հրապարակներում գոռալ ու կանչելու փոխարեն այլ՝ իրական գործի մեջ, համագործակցության մթնոլորտում միասնաբար լուծել այդ հարցերը: Եթե մենք ունենանք արդյունք, վստահ եմ, որ ժողովուրդը շատ ճիշտ կգնահատի, չունենանք արդյունք` ես չեմ կարծում, որ ժողովուրդը որևէ մեկից մեզ ավելի վատ գնահատի, որովհետև այս իրավիճակի համար, իրավիճակը շտկելու իմաստով, բոլորս նույնչափ պատասխանատու ենք: Մենք ճիգ ենք թափում, որ, իսկապես, այդ հարցերի համար լուծում գտնենք, և եթե չկարողանանք, ավելի վատը չենք լինելու, որովհետև ուրիշ մեկը կա՞, որ այս ժողովրդի մատից փուշ հանի, վերջապես այդ փուշն է, որ պետք է կարողանանք հանել: Առնվազն բոլորին պարզ է, թե մենք ինչու ենք գնացել այս քայլին` գնացել ենք հանուն մեր անկախության, մեր անվտանգության, հանուն Արցախի, հանուն մեր կյանքի բարելավման, հանուն այն բանի, որ կարողանանք այս երկիրը դարձնել ավելի լավը, որ նվազ պատճառ լինի արտագաղթելու, թեպետ արտագաղթը շատ ուրիշ շերտավոր պատճառներ ունի: Մենք գնում ենք` ինչ-որ բան անելու, դրական բան անելու և համոզվել ենք, որ դա կարող ենք անել: Մենք այս իշխանությունների հետ համագործակցել ենք Ցեղասպանության հարցով, 100-ամյա տարելիցի հարցով, Ղարաբաղի հարցով, Սահմանադրությունը բարեփոխելու հարցով, մենք ունենք դրական արդյունք, որը տվել է մեզ այն վստահությունը, որ այս համագործակցությունից կարող է լավ արդյունք ստացվել:

Դաշնակցությունը ե՞րբ հասկացավ, որ, միայն ընդդիմության դաշտում գործելով,մեծ հաշվով, ռեալ արդյունքների չի կարող հասնել: Գիտե՞ք, ինձ մոտ երբեմնտպավորություն է, որ գալու է մի պահ, որ ընդդիմության ճգնաժամ ենք ունենալու,եթե, իհարկե, արդեն չունենք:

-Այո, ճիշտ եք: Մենք ընդդիմության հարցում արդեն ունենք ճգնաժամ, որովհետև ընդդիմությունը մեկ բան չի կարողացել հասկանալ, որ Սահմանադրության փոփոխությամբ խաղի նոր կանոններ են ճշտվել, նոր մթնոլորտ է ձևավորվում այս երկրում, հեղափոխությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Պետք է հասկանան, որ առճակատումն այլևս ընդունելի չէ, որովհետև այս Սահմանադրությունը տալիս է ընդդիմությանը պայքարելու օրինական հնարավորություն: Եթե կա օրինական դաշտ` աշխատելու և պայքարելու, դու շինծու հեղափոխություն չես կարող անել, որովհետև լիդերդ ծեր է, և դու շտապում ես հեղափոխություն անել, քանի որ այլապես առիթը կկորցնես: Այդ ձևով երկրում հեղափոխություն չի լինում: Հեղափոխություն լինում է առարկայական վիճակի պարտադրանքով և հիմնականում այն ժամանակ, երբ իշխանությունները ժողովրդին չեն տալիս պայքարելու կարելիություն: Այս Սահմանադրությունը տալիս է օրինական ճանապարհով պայքարելու հնարավորություն, և քանի դեռ նրանք չեն անդրադարձել այս փոփոխությանը և հին օրենքներով են շարժվում, արդյունք չեն ստանա: Սա է, որ պետք է կարողանան հասկանալ: Ընդդիմության դաշտում էլ, ճիշտ է, մեզ համար դժվար էր, որովհետև մենք ավելի շատ հարաբերվում էինք անտրամաբանական, ավելի բռնապետական, հակաժողովրդական մոտեցումների, քան իշխանության դաշտում, որ նախապես կայինք: Բայց, այնուամենայնիվ, մենք գործ ենք արել ընդդիմության դաշտում և հաջողություն ենք ունեցել: Այո, մենք ընդդիմության դաշտում կարող ենք այս երկրի դեմքը պայծառ պահել արտաքին հարաբերության ոլորտում, մենք կարողացել ենք շատ առումներով հաջողություններ ունենալ թե՛ արտաքին և թե՛ ներքին ճակատում, կարողացել ենք վարչապետ փոխել տալ, մենք կարողացել ենք հաջողեցնել, որ լավ Սահմանադրություն ունենանք, լավ Սահմանադրության հանրաքվե կազմակերպել: Սրանք արդյունքներ են, որով ցանկացած ընդդիմադիր ուժ կհպարտանար: Մենք այդ բոլոր հաջողություններն ունեցել ենք: Չենք ունեցել հաճախ շատերի համագործակցությունը, ընկերակցությունն այդ պայքարի մեջ, ես դրա համար ցավում եմ: Բայց ես վստահ եմ, որ, այո, հայրենիքին ծառայելու համար թե՛ ընդդիմության դաշտում հնարավորություններ կան, թե՛ իշխանության: Բավական է, որ մարդը, քաղաքական ուժը կարողանա իրապես ճիշտ գնահատել իր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առարկայական իրավիճակը, տարածաշրջանային-միջազգային իրավիճակը և այդ ամենից միջից ճշտի իր համար ճիշտ ուղի, որ կարողանա, առանց ցնցումների, այս ժողովրդի կյանքի բարելավմանը նպաստել: Եթե մենք դա չենք կարողանում անել, ուզում ենք իշխանություն լինել, թե` ընդդիմություն, կձախողենք:

Դաշնակցությունը և Հանրապետականը հաճախ են շեշտում, որ սա մեկ տարվա համագործակցություն չէ, համագործակցություն է` երկարաժամկետ կտրվածքով: Ի՞նչ ասել է` երկարաժամկետ համագործակցություն, երբ, ըստ էության, հայտնի չէ, թե ինչպիսին կլինի քաղաքական դասավորվածությունը 2017-ի ընտրություններից հետո, և հնարավո՞ր է տարբերակը, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն միասնական դաշինքով գնան ընտրությունների` մեկ ցուցակով:

-Ոչ մի բան բացառված չէ, բայց նման հարց մեր օրակարգում չկա, նման հարց չի քննարկվում, կարծեմ` Հանրապետականի մոտ էլ չի քննարկվում: Համագործակցության մասին պետք է ասել, որ մենք, երբ նույնիսկ եղել ենք ընդդիմության դաշտում, ասել ենք, որ որոշ հարցերում բոլոր քաղաքական ուժերը պետք է համագործակցեն, եթե ազգային շահն է խնդիրը, պետության անվտանգությունը: Եթե երկրի անվտանգության խնդիր գոյություն ունի, ի՞նչ է նշանակում` չհամագործակցել: Այո, երբ երկիրը վտանգված է, երբ արտաքին վտանգ գոյություն ունի, պետք է բոլորս համախմբվենք, համագործակցենք: Այդպես են վարվել բոլոր ժողովուրդները, նրանք, որոնք մնացել են, դիմացել, հաջողել, այդ ժողովուրդներն այս ճանապարհով են անցել, մենք էլ պետք է անցնենք: Բայց այս պարագայում, կարծում եմ, այն սկզբունքները, որ այս հուշագրով մենք համաձայնեցրել ենք և համոզված սկսել համագործակցությունը, խնդիրներ չեն, որ մեկ տարվա ընթացքում կավարտվեն ու կվերջանան, դրանք խնդիրներ են, որոնք կլուծվեն տարիների ընթացքում: Ինչպե՞ս, այդ «ինչպես»-ը մեզ կասեն խորհրդարանական ընտրությունները: Թե ի՞նչ պատկեր կստեղծվի, Աստված գիտի:

Դաշնակցությունը 2016-ի բյուջեին դեմ է քվեարկել, հիմա դժվար չի՞ լինելու պատասխանատվություն ստանձնել, ընկնել հավասար պատասխանատվության դաշտի տակ:

-Անշուշտ, դժվար է լինելու, բայց ես նաև տեսնում եմ կամքը մյուս կողմում՝ հարցեր լուծելու առումով: Տեսնում եմ նաև հարցերը լուծելու ցանկություն եւ ճիգ` իրենց կողմից: Վերջապես այս կետերը մեր կողմից վերջնագիր չեն եղել, որ մենք ներկայացրել ենք, նրանք էլ ընդունել են: Այս կետերը միասին ենք որոշել, և եթե միասին ենք որոշել, ուրեմն նրանք ևս համոզված են, որ այս հարցերը պետք է լուծում ստանան: Անշուշտ, մեր բյուջեն ունի մեծ սահմանափակումներ, և դա հատուկ չէ միայն Հայաստանին: Այսօր, ցավոք, աշխարհում ամեն տեղ տնտեսական տագնապ գոյություն ունի, նաև` մեր հարևան երկրներում, այնտեղ էլ խնդիրներ կան: Բայց մենք կարծում ենք, որ կարելի է այդ հարցերը մեղմացնել, թեթևացնել և, վերջապես, վերացնել՝ ներքին համագործակցության դրական մթնոլորտ ստեղծելով:

Լևոն Մկրտչյան, Դավիթ Լոքյան, Գագիկ Գյոզալյան. ինչո՞ւ հին կադրերը, որովհետեւ երկիրը գտնվում է այնպիսի դժվար վիճակում, տնտեսությունն այնքան ծանր իրավիճակում է, որ միայն  փորձառություն ունեցող կադրե՞րը կարող են գործը գլուխ բերել:

— Իսկապես, այս մեկ տարվա համար մենք չպետք է ռիսկերի գնայինք: Մենք պետք է ավելի ինքնավստահ ձևով շարժվենք, և փորձառություն ունեցող մարդիկ պետք է ղեկավարեն, ովքեր նաև մեծ տարիք չունեն, բայց նաեւ մարդիկ են, ովքեր 6 տարի է` իշխանությունից դուրս են: Անցած փորձը նոր ընկալումով իրացնելու հնարավորություն է տրվել նրանց: Չեմ կարծում` կադրերի պակաս ունենք, բայց մենք պարտավոր էինք այս քայլին գնալ` նվազ ռիսկեր ունենալու իմաստով: Մենք հաջողած մարդիկ ենք վերադարձնում գործի, ոչ թե ձախողված, սա է ամենակարևորը: Կադրեր չունենալը կլիներ այն ժամանակ, երբ ձախողված կադր վերադարձնեինք, մենք այդպես չենք վարվել: Մենք շատ ավելի մեծ կադրային բանկ ունենք` թե՛ նոր ուժերի, թե՛ նաև հին ուժերի իմաստով, որը առիթ չունեցանք ներկայացնելու, բայց հուսամ, որ առաջիկայում կլինի:

Դուք մեր զրույցում անընդհատ շեշտում եք արտաքին մարտահրավերների հանգամանքը, կարմիր թելի նման անցկացնում եք: ՀՅԴ-ն հենց արտաքին քաղաքականության հարցում ունեցած անհամաձայնությունների պատճառով՝ հայտնի հայ-թուրքական արձանագրությունների, դուրս եկավ կոալիցիայից: Ուզում եմ հասկանալ` արտաքին քաղաքականության` թե ինչպես Հայաստանը պետք է աշխարհի հետ հարաբերվի, այս հարցերի մասով ՀՅԴ-ի եւ Սերժ Սարգսյանի մոտեցումները համընկնո՞ւմ են:

-Կարծում եմ` ամեն ինչ հստակեցված է 100-ամյա տարելիցի հռչակագրով: Ամեն ինչ հավելյալ ձևով հստակեցված է նախագահի վերջին ելույթով: Մենք տարբեր զրույցներ ենք ունեցել նախագահի հետ: Եվ այս առումով մենք մտահոգիչ բան չենք տեսնում: Բայց ներքին հարցերն էլ մեզ համար գլխավոր հարցեր են, որովհետև մենք գիտակցում ենք, որ եթե քաղաքական կայունությունը, ազգային անվտանգության առումով, կենսական անհրաժեշտություն է, դա կարելի է ունենալ նաև և անպայման արդար հասարակական փոխհարաբերություններ ստեղծելու պայմանով: Այսինքն` եթե մեր կյանքում արդարություն չկա, զարգացում չկա, չի կարելի հուսալ, որ կայունություն կլինի: Մենք առանձին-առանձին անդրադարձել ենք ներքին հարցերին` կոռուպցիա, նոր աշխատատեղեր, ներդրումների ապահովում, երկրի զարգացում… Ինչո՞ւ ենք անդրադարձել, որովհետև ուզում ենք ժողովրդի մեջ արդարություն լինի, որպեսզի մեր ժողովուրդը զարգանա, անվտանգությունը շատ ավելի ամուր հիմքերի վրա կարողանա հենվել: Մեզ համար սա անհրաժեշտություն է, իսկ արտաքին ճակատի իմաստով մեր բոլոր մտահոգությունները վերացած են` հիմք ընդունելով 100-ամյա տարելիցի հռչակագիրը:

այ-թուրքական արձանագրությունները մեռած կարելի՞ է համարել:

-Կարծում եմ` մեռած են: Բայց, ի վերջո, կա անհրաժեշտություն այդ ստորագրությունը հետ կանչելու: Եվ կգա այդ պահը:

Դաշնակցությունը միշտ առաջ է քաշել  իր 7 կետերը, կարո՞ղ ենք փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում դրանք բոլորը կկատարվեն:

-Այդ կետերի մեջ կան խնդիրներ, որոնց համար ժամանակ է պետք: Կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխությամբ այդ բոլոր կետերի լուծումը ընթացքի մեջ է դրվել, և բնականաբար, եթե հուշագիրը կարդաք և նախագահի վերջին ելույթը, կտեսնեք, որ այս ամբողջը նույն տրամաբանությամբ է, որ տեղի է ունենում: Երևույթները, որոնց անդրադարձել ենք մեր 7 կետերում, արդեն իսկ լուծման ընթացքի մեջ են` առաջին հերթին, ինչպես ասացի, Սահմանադրության փոփոխմամբ, նաև` ընդհանուր համոզում ստեղծվելու իմաստով: Ժամանակին նախագահն ինձ ասել է, որ` ձեր օրակարգային 7 կետերն ինձ համար ընդունելի են, մեկ կետը ընդունելի չէ` 100 տոկոս համամասնականը, հիմա այդ հարցն էլ է լուծված: Այսինքն` մենք խնդիր չունենք, իրենք համոզումներով եկել են այնտեղ, որտեղ մենք ենք կանգնած եղել:

Ամեն օր մամուլը գրում է, որ Դաշնակցությունում պաշտոնի կռիվ է` իրար հետ վիճում են, հիմա էլ գրել են` դրսի կառույցների հետ եք վեճել: Այդքան «ինֆորմացիա» որտեղի՞ց մամուլին:

-Գիտեք` արդեն քանի տարի է` Բյուրոյի ներկայացուցիչն եմ… Բայց ինչ-որ գրում է մամուլը, ես զարմանում եմ, հաճախ այնքան եմ զարմանում, որ կասկածում եւ փորձում եմ ստուգել` ճի՞շտ են, թե՞ ոչ /ծիծաղում է/ : Մամուլը, կարծես, թեմա չունի գրելու, թեպետ թեմաները շատ են: Եթե դրական մոտեցում ունենան, ոչ թե սկանդալների հետևից ընկնեն, ունեն մեծ դերակատարություն` իշխանություններին, քաղաքական ղեկավարությանը, ընդդիմությանը, բոլորին ուղղություն տալու առաքելություն ունի մամուլը, բայց փոխարենն այս գործով զբաղվի, սկանդալներով է զբաղվում: Կարծում եմ` մոգոնում են, գիշերը քնած ժամանակ երազ են տեսնում, թե` սուրճի բաժակ են նայում, չգիտեմ, բայց երևույթների են անդրադառնում, որ նույնիսկ դրա նվազագույն չափաբաժինը մեզ մոտ գոյություն չունի, կամ էլ հնարավոր է` ենթադրում են ու գրում` մտածելով, թե գուցե ճիշտ դուրս գան: Իրենց ճանաչած կազմակերպությունների ներքին մթնոլորտից ելնելով են դատում մեր մասին, բայց պետք է ասեմ, որ նման հարցեր իսկապես գոյություն չունեն, մենք շատ հանգիստ ենք, ներքին խաղաղությամբ ենք գնում այս քայլին, ներքին միասնականության մթնոլորտով ենք գնում սրան: Չեմ ասում, որ բոլոր դաշնակցականները նույն կերպ են մտածում, բայց նույնիսկ նրանք, որ դեմ են, կարողանում են հասկանալ ու սպասել, թե ինչ կլինի: Ներքին խնդիրներ, իսկապես չունենք, և այդ ամենը նրանց երևակայության արդյունքն է:

Զրույցը վարեց Ագնեսա Խամոյանը 

Աւելցնել Ձեր մեկնաբանութիւնները